Рашка-ի սադրանքը և Հայաստանի պատասխանը

Ռուսաստանում 2014-ին մի ֆիլմ է նկարահանվել՝ «Левиафан» վերնագրով, որը միջազգային փառատոներում անվերջ մրցանակների է արժանանում, ներկայացված է «Օսկարի», իսկ Ռուսաստանում ֆիլմի շուրջ Մոսկվայից մինչեւ Կամչատկա կրքեր են բորբոքվել, քանի որ, ինչպես բնորոշել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ֆիլմում Ռուսաստանը պատկերված է Рашка-говняшка-ի սկզբունքով: Ավելորդ է ասել, որ երկիրը որեւէ կերպ պատկերելու համար այն պետք է այդպիսին լինի, սեփական դեմքի համար հայելուն մեղադրելն անլուրջ է: Օտարոտին իրավիճակն է, երբ երկիրն այդպես է կոչում նախարարը: Այդ առթիվ բարձրացած աղմուկի կապակցությամբ ՌԴ մշակույթի նախարարությունից պարզաբանել էին, որ Մեդինսկին Рашка-ի մասին արտահայտությունն արել է որպես գրող եւ ոչ որպես նախարար:

Ինչեւէ, որպես գրող, թե որպես նախարար, Մեդինսկին մի բնորոշում է տվել Рашка-ին, որ երկար Օրուելի «անասնաֆերմայի» հետ կմրցի: Եվ այդ պրիզման արժե աչքի առջեւ ունենալ Ռուսաստանին առնչվելիս: Հայաստանում դրա առիթը թերեւս շատ կլինի առաջիկա մի քանի օրերին եւ շաբաթներին՝ նկատի առնելով Рашка-ի երեկվա սադրանքը Հայաստանի հանդեպ եւ Հայաստանից տրված պատասխանը:

Ինչպես ամենքը գիտեն, փետրվարի 3-ին ռուսական «interfax» գործակալությունը լուր էր տարածել այն մասին, որ Գյումրիի սպանդը կատարած ռուս տականքին դատելու են Գյումրու ռուսական կայազորի դատարանում, եւ ինչն ավելի ուշագրավ էր, իբր գործի քննությունը հասել է այն փուլին, որ թե ռուս, թե հայ քննիչները մեղադրական եզրակացության վրա են աշխատում, եւ ՀՀ քննիչների կազմած նյութերն էլ փոխանցվելու են ռուսական կողմին՝ գործերը միավորելու եւ ՌԴ օրենսգրքով մեղադրանք առաջադրելու համար: Բնականաբար, նյութում չկար որեւէ հղում կամ մեջբերում իրավասու անձից, պաշտոնյայից կամ աղբյուրից, այլ՝ «գործին ծանոթ մեկն ասում է» ձեւակերպում:

Լրատվության չափանիշներով տարածված լուրը պրիմիտիվ ապատեղեկատվություն էր, քանի որ հենց միայն ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություններից տեղյակ ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաքննություն է ընթանում, փորձաքննություններ են կատարվում, Պերմյակովի հանցակից-զինակիցներին են հարցաքննում, Ավետիսյանների հարազատները ճանաչվեցին տուժողի իրավահաջորդներ, նրանց փաստաբաններ են նշանակվում եւ ընդգրկվում գործի քննությանը… Իսկ ամենաէականը՝ դեռ չկա նույնիսկ սպանդի հիմնական վարկած, էլ ուր մնաց վարկածի ապացույցները բավարար գնահատվեն, եւ մեղադրական եզրակացության մասին խոսք գնա: Նման վայրագ, տարօրինակ եւ անվերջ մութ կետեր ունեցող հանցագործության բացահայտումը չի կարող երկու-երեք շաբաթ տեւել: Երկու-երեք ամսում ավարտելն էլ վերերկրային արագություն կլինի: Հետեւաբար, տարածված լուրը ապատեղեկատվություն էր, որ սեփական բթամտությունից կամ ուշագրավ նյութ հրապարակելու մարմաջից Рашка-ական մի կայք կարող էր տարածել: Մանավանդ, որ ստախոսության որակներով ռուսական լրատվամիջոցները Կրեմլի հետ են մրցում:

Այդուհանդերձ, նույնքան էլ հնարավոր էր, որ երեկվա interfax-ի ապատեղեկատվությունը հաշվարկված սադրանք էր: Երբ Հայաստանի նախագահի նստավայրից տարածված հաղորդագրությունից հետո, որ «գործի քննությունը վարելու են հայ իրավապահները, եւ ռուսական կողմն օժանդակելու է», հայտարարվում է, թե իբր ռուսական կողմն էլ քննություն է վարում եւ դեռ հավակնություններ ունի հայկական կողմից գործի նյութեր ստանալու՝ իր մոտ եղածը փոխանցելու փոխարեն, դա, իհարկե, սադրանք է, այն էլ ՀՀ բարձրագույն իշխանության հանդեպ:

Ընդհանրապես, հազիվ թե հունվարի 12-ի երեկոյան Հայաստան ժամանած եւ մի քանի օր անիմաստ այստեղ մնացած ռուսական բանակի գեներալները որեւէ ուրիշ խնդիր ունեին, բացի Պերմյակովին ֆիզիկապես Հայաստանից տանելը: Նրանից հետո, երբ ձեռնունայն վերադարձան, եւ Հայաստանի իշխանություններն էլ ժողովրդի ճնշման ներքո հայտարարեցին, որ Պերմյակովի գործը ՀՀ իրավապահներն են քննելու, նոր էմիսարներ չերեւացին, եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահն էլ Հայաստանում թուղթ ստորագրեց համատեղ քննություն վարելու, իրականում՝ գործի քննությունը հայկական կողմին հանձնելու մասին: Այդքանով ինչ-որ թայմ-աութի վիճակ հաստատվեց մինչեւ դատավարություն, անգամ որոշ ռուսներ համարձակվեցին երեւալ Գյումրիի փողոցներում:

Թե այժմ ընթացող քննությամբ ինչ պարզեցին հայ քննիչները, ում վրա կասկած ընկավ, կամ ինչ քննչական գործողություններ գծագրվեցին, որից Рашка-ում կրկին իրար անցան, դժվար է կռահել: Սակայն դա էական էլ չէ: Էականն այն է, որ ներկա պահին համատեղ քննություն վարելը հայկական կողմը գտավ աննպատակահարմար, եւ ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ պաշտոնակցին դիմեց գործն ամբողջությամբ հայկական կողմին հանձնելու միջնորդությամբ:

Հազիվ թե Рашка-ի մտքով անցներ, որ հյուսված սադրանքի պատասխանը կլինի ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: Այժմ Рашка-ին մնում է կամ Պերմյակովին հանձնել հայկական կողմին եւ թեման փակել, կամ էլ պատրաստվել հայ-ռուսական հարաբերությունների կոլապսին, ռազմաբազայի ու ռուսների հանդեպ թշնամանքին ոչ միայն հասարակական մակարդակում, այլեւ այդ կոլապսի արձագանքին միջպետական հարաբերություններում:

Մեկնաբանություն
X