Աղանդները և եկեղեցին իրարից գրեթե ոչնչով չեն տարբերվում

Խորհրդային տարիներին մեր երկրում ոչ միայն տարբեր ապրանքների դեֆիցիտ կար, այլեւ գաղափարների եւ հոգեւոր բազմատեսակ «սննդի»: Երբ վերջապես վրա հասավ այդքան բաղձալի «ազատությունը», մեր փոքրիկ երկրում տարիների ընթացքում «իմպորտնի» ապրանքների պակաս չեղավ, հոգեւոր-կրոնական «սննդի» մասին էլ լռում ենք: «Ուզո՞ւմ ես իսկապես երջանիկ լինել», «Վերցրու քո անհաջողություններից ազատվելու բանալին» կամ՝ «Հիսուսը քեզ սիրում է». այս գովազդային տեքստերն այլեւս հասանելի են նաեւ առցանց: Հիմա յուրաքանչյուր կրոնական կառույց ունի իր պաշտոնական կայքը, եւ ազգային վիճակագրական տվյալների համաձայն էլ մեր փոքրիկ Հայաստանում գործում են 67 կրոնական կառույցներ, որոնցից 10-ն առաքելական են: Վերջերս հանդիպեցինք հետաքրքրական մի կայքի՝ Atheist.am: Ալեքսանդր Ամարյանն այն հաստատ կանվաներ աղանդավորական, իսկ, ասենք, Խաչիկ Ստամբոլցյանը՝ ոչ հայեցի:

«Ազատվեք դոգմաներից՝ աշխարհին նայելով ձեր աչքերով». սա էլ՝ կայքի կարգախոսը: «Աթեիստ եմ» ֆեյսբուքյան խմբի անդամ Արսեն Թորոսյանը մեզ հետ զրույցում պատմեց կայքի ստեղծման եւ իրենց ասելիքների մասին. «Հայաստանի անկախությունից ի վեր կրոնական կազմակերպությունները՝ Առաքելական եկեղեցին, Եհովայի վկաները, Ավետարանչական եկեղեցին եւ այլն, սկսեցին հզորանալ: Դա դրսեւորվում է ամենուր նրանց ներկայությամբ՝ դպրոց, բանակ, ոստիկանություն, պետական կառավարման այլ օղակներ: Սկսեցին կառուցվել նորանոր շքեղ եկեղեցիներ, այն պարագայում, երբ հազարավոր մարդիկ տանիք անգամ չունեն իրենց գլխավերեւում, իսկ ըստ պաշտոնական տվյալների՝ աղքատության մակարդակը 30 տոկոսից բարձր է: Եվ ինչպես պատմությունն է բազմաթիվ անգամներ ցույց տվել, կրոնական կազմակերպությունների հզորացումը տեղի է ունենում միմիայն ի հաշիվ պետականության թուլացման, իսկ իր գագաթնակետին հասնում է դրա կորստի ժամանակահատվածներում: Հաշվի առնելով դա՝ մեր ֆեյսբուքյան խումբը որոշեց ավելի ակտիվ լինել հանրային կյանքում եւ հասարակության լայն զանգվածներին ներկայացնել մեր մոտեցումները կենսական բազմաթիվ հարցերի վերաբերյալ:

Atheist.am կայքն այդ նպատակին ծառայող միջոցներից մեկն է: Այնտեղ հայոց լեզվով ներկայացվելու են գիտության վերջին նվաճումները, բանավեճեր կրոնի եւ դրա դրսեւորումների վերաբերյալ, աթեիզմին առնչվող հոդվածներ, հայտնի աթեիստների հայացքները, կենսագրությունները եւ այլն: Փորձելու ենք այն բավական դինամիկ կայք դարձնել, որպեսզի ավելի շատ ընթերցողներ եւ համախոհներ ունենանք: Մեր վերջնական նպատակը հանրային կյանքում կրոնի եւ կրոնական բոլոր կազմակերպությունների դերի նվազեցումն է»: Բայց կայքն իր տեսակով կարծես նույնպես աղանդավորական կառույցի է նմանվում, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Դուք ինչ-որ բան շփոթում եք: Աղանդները եւ եկեղեցին իրարից գրեթե ոչնչով չտարբերվող կրոնական կազմակերպություններ են, որոնք իրենց հետեւորդների կույր «հավատքի» շնորհիվ որոշակի առավելություններ են ստանում իրենց կրոնական համայնքներում եւ դրանցից դուրս՝ ֆինանսական միջոցներ, հեղինակություն, իշխանություն եւ այլն:

Պարզապես դրանք տարբեր կերպ են կոչվում, բայց բովանդակային առումով չկա որեւէ տարբերություն: Իսկ մենք դեմ ենք այդ ամենին՝ համարելով, որ մարդկությանը խաղաղ գոյատեւելու եւ ստեղծագործելու համար կրոնի անհրաժեշտություն չկա, ավելին՝ կրոնը գրեթե միշտ արգելակող դեր է ունեցել մարդկության զարգացման համար, ինչպես նաեւ պատճառ հանդիսացել հարյուրավոր պատերազմների եւ միլիոնավոր զոհերի: Մենք ոչինչ չենք քարոզում, չենք զբաղվում մարդկանց մոլորեցնելով, այլ պարզապես ներկայացնում ենք աշխարհի աթեիստական ընկալումը եւ կրոնի ու կրոնավորների հանդեպ այլընտրանքային վերաբերմունքը»:

Արսենը տեղեկացրեց նաեւ, որ նման կայք ստեղծելու գաղափարը պատկանում է ֆեյսբուքյան «Աթեիստ եմ» խմբի անդամներին, որոնց միավորում են հակակրոնական գաղափարները. «Խումբն ստեղծվել է մի քանի համախոհների կողմից, 4 տարի առաջ, եւ արդեն ունի 500-ից ավելի տարբեր մասնագիտությունների տեր անդամներ՝ բժիշկներ, քաղաքագետներ, կենսաբաններ, գրողներ, լեզվաբաններ, նկարիչներ, ՏՏ ոլորտի մասնագետներ եւ այլն: Կարծում եմ՝ աթեիստ դառնալու համար մասնագիտությունն էական չէ»: Լսեցինք նաեւ Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի կարծիքը. «Այսօր խոսքի ազատության անվան տակ մարդիկ անում են իրենց ուզածը, ով ինչ կարող է անել: Ամեն մեկն իր հերթին վտանգ է սպառնում, այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կատարածի մեջ ընդհանուր շահի պաշտպանությունը չկա, այլ ինչ-որ կողմնակի պաշտպանություն կա, որը մարդուն տանում է անորոշության: Երբ մարդու մեջ միայն նյութական շահն է հարատեւում, արդյունքը պիտի լինի միայն սա»:

Մեկնաբանություն
X