Սերժ Սարգսյանի փայլուն արագությունը

Եվ այսպես, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունները զարգանում են Հայաստանի քնած քաղաքական դաշտի եւ գրեթե վերացած քաղաքական ընդդիմության համար անպատկերացնելի արագությամբ:
Սերժ Սարգսյանի ելույթից երեք աշխատանքային օր էլ չի անցել, սակայն արդեն ընթացք է տրվել Ծառուկյանին պատգամավորական մանդատից եւ անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին, հարկային խախտումների կասկածանքով ստուգումներ են սկսվել Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, եւ աշխատանքից ազատվել են Ծառուկյանի օբյեկտների պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցները: Տրամաբանորեն ամեն ինչ գնում է դեպի Ծառուկյանի քաղաքական ոչնչացում, գուցեւ քրեական հետապնդում, եթե մինչ այդ Ծառուկյանը չհեռանա Հայաստանից՝ անհայտ ուղղությամբ:

Սարգսյանը գործում է հստակ եւ հատու, բացարձակապես տիրապետելով դրությանը: Ծառուկյանը, ինչպես նաեւ նրան փոխկապակցված եռյակը, գուցե անսպասելիությունից, գուցե անճարակությունից՝ կաթվածահար են: Նրանք չունեն ոչ գործողության հնարավորություն, ոչ հեռանկար: Դա այլ իրադրություն էր, երբ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն նույն Սարգսյանի թողտվությամբ այլընտրանք էին «աշխատում», ըստ ամենայնի՝ ցուցարարներ հավաքագրում, վճարված փոխադրամիջոցներով Երեւան տեղափոխում, Ազատության հրապարակում մի երկու ժամ ընդդեմ իշխանությունների դատարկախոսում: Այժմ, երբ պարզվեց, որ այլընտրանքի երանելի ժամանակները մնացին ետեւում, ետում մնացին նաեւ թեկուզ մի քանի հազար մարդ մոբիլիզացնելու ԲՀԿ-ի ֆինանսակազմակերպչական հնարավորությունները:

ԲՀԿ-ն, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ, Արտակ Խաչատրյանի ծեծի եւ առեւանգման հետ կապված հայտարարություն տարածելիս հավատացնում էր, թե ԲՀԿ-ի տասնյակ հազարավոր համակիրներ ոտքի են ելել Երեւան գալու, եւ ԲՀԿ ղեկավարներն են այդ ընդվզման ալիքը մի կերպ կանխում, այժմ տասից մինչեւ հազար մարդ էլ չի կարողանում մոբիլիզացնել, որոնք, դիցուք, Ծառուկյանի դեմ «քաղաքական հաշվեհարդարի» դադարեցում պահանջեն: Իհարկե, եթե այդ հազար հոգին հավաքվեն եւ պահանջեն, դրանից ոչինչ չի փոխվի՝ ոչ հարկային ստուգումները կդադարեն, ոչ Ծառուկյանին մանդատից զրկելը, ոչ էլ ԲՀԿ-ին եւ դրա ետեւում կանգնած Քոչարյանին քաղաքականապես ոչնչացնելը:

Ի վերջո, Ծառուկյանի ձերբակալությունը Քոչարյանի ոչնչացում է նշանակելու: Ճիշտ, թե սխալ՝ Ծառուկյանը հանրային գիտակցության մեջ միշտ էլ Քոչարյանի հավատարմատար է ընկալվել: Եվ եթե Ծառուկյանին հետապնդում են, առավել եւս ձերբակալում, ապա լյումպեն զանգվածի գիտակցության մեջ մեկընդմիշտ ամրագրվում է, որ Քոչարյանը չունի Հայաստանի իշխանական շրջանակներում որեւէ ազդեցություն եւ որեւէ մեկին պաշտպանելու կարողություն: Ամեն մի վիրավորանք, մարտահրավեր կամ գործողություն ընդդեմ Ծառուկյանի հարվածում է Քոչարյանին: Թերեւս հենց այդ իրողություից դրդված էլ՝ Քոչարյանը երեկ խոսել էր, ինչ խոսք, էական ոչինչ չասելով, այլ փողոցային ակցիաների սպառնալիքներ կարդալով:

Թվում է՝ եկել է թե Քոչարյանի, թե նրա բիզնես-պրոյեկտ ԲՀԿ-ի, թե Ծառուկյանի եւ թե եռյակի քաղաքական վախճանի ժամանակը: Մի վախճան, որը պարտադիր է եւ անհրաժեշտ, որպեսզի վերջապես նոր էջ բացվի երկրում: Ընդամենը Ծառուկյանին քրեական պատասխանատվության ենթարկելով, ավազաբլուրի նման կփլուզվեն թե ԲՀԿ-ն, թե եռյակը, թե Քոչարյանի շուրջ թեւածող միֆերը: Սարգսյանն ամեն ինչ հրաշալի է հաշվարկել եւ կենտրոնացրել, մնում է գործելու արագությունը, որը մինչ այս պահը փայլուն է եղել:

Մեկնաբանություն
X