Բենջամին Ֆրանկլինը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ամբողջ մարդկությունը բաժանվում է երեք դասի՝ նրանք, ովքեր անշարժ են, նրանք, ովքեր շարժունակ են, եւ նրանք, ովքեր շարժվում են»,- իր ապրած օրերին՝ 1706-1790թթ., ասել է Բենջամին Ֆրանկլինը: ԱՄՆ Հիմնադիր հայրերից մեկի ձեւակերպած այս ճշմարտությունը վերջին մի քանի օրերին իր պատկերավոր դրսեւորումը փաստեց Հայաստանում:

Անշարժներն ու շարժականները

Սերժ Սարգսյանի ելույթը Ծառուկյանի մասին նախ բացահայտեց բացարձակ մեծամասնություն կազմող «անշարժների» դասը, որոնք անակնկալի եկան փաստից, որ իրերի սովոր ընթացքը կարող է ավարտվել, եւ երեկ էլ չգիտես՝ լուրեր էին հորինում, թե տարածում Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին, ենթատեքստ հաղորդելով՝ իբր հանդիպումը համազոր է հաշտեցման:
Մինչդեռ լրջության նշույլ ունեցող ո՞ր մարդը հանդիպման փաստից հետեւություն կանի դրա արդյունքների մասին: Այլեւս չասած, որ հանդիպման փաստն էլ, ի վերջո, ՀՅԴ-ի տեղեկությունն էր, որ ՀՀԿ-ն չէր հաստատում: Ինչեւէ, ի հեճուկս բոլոր տեսանելի զարգացումների, հաշտության մասին երազողները «անշարժների»” բանակն են, որոնց միակ շահը հաշտեցումից այն է, որ հանկարծ իրերի սովոր ընթացքը չավարտվի, հանկարծ փնթփնթալու, իշխանությունից դժգոհելու, ընդդիմադիր դիրքերից ճամարտակելու ինքնահոս ընթացքը չբախվի իրականության, մտքի կամ գործողության հետ: Ի վերջո, անշարժների ուզածն ի՞նչ է այս կյանքից՝ անհետեւանք փնթփնթալու ազատություն, ուրիշ ոչինչ:

Բնականաբար, ավելի փոքր թիվ է կազմում «շարժունակների» դասը, որոնք Սերժ Սարգսյանի ելույթն ընկալեցին իբրեւ գործելու ազդանշան՝ սկսած վարչապետի պաշտոնն զբաղեցնող Աբրահամյանից, որը, չգիտես ինչու, որոշել է «բամփել» Ծառուկյանի գլխին, երբ սեփական գլուխն էլ այդ գործառույթին վատ չէր ծառայի: Շարժունակների դասից են նաեւ քրեական գործերի հարուցումն աշխուժացրած ոստիկանները, ԲՀԿ շարքերը լքող պատգամավորները, Ծառուկյանին ու ընկերներին մանդատից զրկելու ուղղությամբ աշխատող խորհրդարանականները, հարցազրույց տվող Քոչարյանը, Ֆեյսբուքում մարտեր մղող երիտհանրապետականները եւ այլն:
Վերջապես՝ շարժվողները: Մինչ երեկ թվում էր, թե միակ շարժվող ֆիգուրն այս ամբողջ եռուզեռում Սերժ Սարգսյանն է, որովետեւ միայն նա է ինքնին գործում եւ իրադարձություններ գեներացնում, բոլոր մյուսներն արձագանքում են՝ սատարելով կամ ընդդիմանալով, ինչից էլ ինքնաբերաբար Սարգսյանը մնում է դրության տերը: Բայց այդպես էր մինչ երեկ:

Տեր-Պետրոսյանի քայլը

Երեկ Տեր-Պետրոսյանը մի հրաշալի է master-class տվեց քաղաքական շարժման մասին: Իր «Բաց նամակը Սերժ Սարգսյանին» ոչ թե լոկ շարժում էր, այլ օբյեկտից սուբյեկտի վերածվելու շարժում: Եթե Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց Ծառուկյանին, նաեւ կողմնակիորեն եռյակը փլուզելու համար, ապա Տեր-Պետրոսյանը երեկ գրեթե փլուզեց եռյակը՝ առաջ անցնելով Սարգսյանից: Քաղաքական դաշտը պայմանականորեն բաժանելով պետականամետների եւ հայդատականների, Տեր-Պետրոսյանն ըստ էության ասաց, որ ինքը Սերժ Սարգսյանին տեսնում է պետականամետների ճամբարում եւ պատրաստ է փոխգործակցության՝ հանուն հայոց պետականության եւ ընդդեմ «երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումների»:

Նման մոտեցումներ դավանողների թվում Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն տեսնում է դաշնակցականներին, քոչարյանականներին, նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին: Պատահական չէ, որ ոչ ՀՅԴ-ից, ոչ ԲՀԿ-ից, ոչ էլ «Ժառանգությունից» Տեր-Պետրոսյանը չի տեսել մեկին, բացառությամբ Վարդան Օսկանյանի, ում առաջարկեր Ցեղասպանության 100-ամյակին առնչվող նոր փաստաթղթի քննարկմանը մասնակից դարձնել:
Հասկանալիորեն, նոր պատրաստվող թուղթը դժվար թե աշխարհում ավելի մեծ ուշադրության արժանանա, քան հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի շոուում Սերժ Սարգսյանի կողմից ընթերցվածը: Աշխարհում այս պահին ոչ ոք մի թղթի ժամանակը չունի, մանավանդ, որ այդ թուղթը հերթապահ ցանկություններից այն կողմ ոչինչ չի էլ ասել: Սակայն թուղթն առիթ դարձնելով՝ քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը կարծես թե այն է, ինչին ձգտում է Տեր-Պետրոսյանը:

Ի վերջո, Տեր-Պետրոսյանը 2008-ին հաջորդած ժամանակի համար իր ամենամեծ գործն արեց՝ իշխանության մոնոլիտը ճեղքեց եւ իրար դեմ կանգնեցրեց Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Ավելին անել Տեր-Պետրոսյանը չէր կարող: Այնպես որ, մնում է սուրը փառքով դնել պատյան, գրողի ծոցն ուղարկել եռյակին եւ զբաղեցնել պետության հիմնադիր նախագահի ամպլուան, որտեղից պատշաճում է միայն պետական-ազգային կարեւորության խնդիրների շուրջ արտահայտվել, այն էլ՝ գործող նախագահի հետ դեմառդեմ հանդիպումներում:
Ահա թե ինչեր կարող է անել «շարժվողների» դասը, որոնց մասին ասել է Բենջամին Ֆրանկլինը, եւ որոնց տիպական ներկայացուցիչն է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Մեկնաբանություն
X