Բադալ Մուրադյան. մոռացված մեծություն

2015թ. հունվարի 8-ին լրացավ Հայաստանի խոշոր պետական եւ կուսակցական գործիչ, վաստակավոր ինժեներ Բադալ Մուրադյանի ծննդյան 100-ամյակը: 1937թ. ավարտելով Երեւանի քիմիական տեխնիկումը, նա աշխատանքի է անցել Երեւանի կարբիդի գործարանում (հետագայում այն կոչվեց Կիրովի անվան կոմբինատ, իսկ այսօր դա «Նաիրիտն» է): Իսկ 1957թ. Մուրադյանն արդեն գործարանի տնօրենն էր: Մինչ այսօր էլ «Նաիրիտում» լեգենդներ են պատմում Մուրադյանի մասին, նրա քաջատեղյակության, աշխատասիրության, համեստության եւ մարդկայնության մասին: Մուրադյանն անձամբ ճանաչում էր իր 5 հազարանոց կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին:

1961թ. Մուրադյանը նշանակվեց ՀԿԿ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, իսկ 1966թ.՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ: Երեւանի քաղգործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանի հետ միասին նրանք կառուցեցին Երեւանի ՋԷԿ-ը, «Հրազդան» մարզադաշտը, դեպի Նորքի զանգվածներ տանող մայրուղին, «Անի» հյուրանոցը, Հանրապետական հիվանդանոցը, «Ռոսիա» կինոթատրոնը, թանգարաններ եւ ամենակարեւորը՝ նոր բնակելի թաղամասեր: Մեր մայրաքաղաքը շինարարության այդպիսի հուժկու թափ չի ունեցել ոչ այդ երկու նշանավոր վարչարարներից առաջ եւ ոչ էլ նրանցից հետո: Մուրադյանը ղեկավարում էր Մեծամորում ատոմակայանի կառուցումը, Երեւան-Սեւան ավտոխճուղու շինարարությունը, կազմակերպում էր Երեւանի մետրոպոլիտենի կառուցման նախապատրաստական աշխատանքները:

Մուրադյանը համարում էր, որ եթե «Նաիրիտը» կանոնավոր կերպով մատակարարի իր արտադրանքը, ապա Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի շրջափակումը: Ցավոք, չլսեցին նրան եւ 80-ականների վերջում դադարեցրին ձեռնարկության աշխատանքը, իսկ հետո ժամանակ առ ժամանակ այն գործում էր իր հզորության 5-10%-ի չափով: Այսօր ձեռնարկությունը մեր աչքի առաջ փլուզվում է, իսկ աշխատողներին հեռացնում են: Հանրությունը նույնիսկ չգիտի, թե ով է «Նաիրիտի» ներկայիս սեփականատերը: Միանգամայն հնարավոր է, որ ձեռնարկությունը նպատակադրված ոչնչացնում են մրցակիցները… Այդպիսի խոշոր ռազմավարական ձեռնարկությունների վաճառքի պարագայում ցանկացած երկրի կառավարություն, որպես կանոն, գործարքը երկար ու մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո է կայացնում: Ըստ ամենայնի, այդպես չի եղել «Նաիրիտի» դեպքում, քանի որ սեփականատերերը (իսկ նրանք փոխվել են չորս անգամ) չեն կատարել տարրական պայմանագրային պարտավորությունները եւ ներդրումների, եւ արտադրության ծավալներն ավելացնելու առումով: Փոխարենը, բարձրաստիճան պաշտոնյաների բազում ազգականներ (ըստ նաիրիտցիների)՝ մոտ 500 հոգի, առանց որեւէ բան անելու, ստացել են գերբարձր աշխատավարձ եւ դրանով իսկ ավելի են սրել իրավիճակը կոմբինատում:

Ժամանակին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Գերմանիայում որոշ գործարաններ վաճառվում էին խորհրդանշական գնով՝ մեկ մարկով, միայն թե սեփականատերերը վերակենդանացնեին այդ ձեռնարկությունները: «Նաիրիտի» սնանկացումը մեծապես տեղի է ունեցել կառավարության մեղքով, սակայն բոլոր աներեւակայելի պարտքերն այսօր ջանում են փաթաթել նոր սեփականատիրոջ վզին: Համոզված եմ, որ եթե չլինեին այդ պարտքերը, ապա 2013թ. «Նաիրիտի» նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած «ՀՏրվպՒՑՖ»-ը կգներ ձեռնարկությունը եւ կգործարկեր…
Մեր հասարակությունն այսօր մոռացել է մեր մեծերի պատգամները. ո՞ւմ են այսօր հարկավոր Գրիգոր Հարությունյանը, Սուրեն Թովմասյանն ու Յակով Զարոբյանը, Եղիշե Ասծատրյանը, որոնք իրենց վիթխարի ավանդն են ներդրել ռուսական կայսրության երբեմնի խեղճ ու ավեր այս ծայրամասը հզոր արդյունաբերությամբ, վիթխարի գիտական ներուժով եւ ծաղկուն մշակույթով հանրապետություն դարձնելու գործում: Հանրապետություն, որի բնակչությունն անցյալ դարի 80-ական թվականներին աճել էր մոտ 5 անգամ:

Տասը տարի առաջ, 2005թ. փետրվարին, Հայաստանի գիտությունների ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ Բադալ Մուրադյանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո: Բնականաբար, այդ միջոցառման սատարողն էր Գիտությունների ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, որը տարիներ առաջ Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահն էր: Նույն այդ տարի Բադալ Մուրադյանի անվամբ կոչվեց մայրաքաղաքի Նորքի զանգվածի փողոցներից մեկը: Եվ ահա, Բադալ Մուրադյանի 90-ամյակը նշվել է, իսկ ավելի հանդիսավոր տարեթիվը՝ հարյուրամյակը, մոռացության է տրվել:

Կարծում եմ, որ սա կապված է խորհրդային իշխանության տարիներին մեր պապերի ու հայրերի կատարածն անտեսելու ձգտման հետ եւ էլ ավելի շատ՝ մեր հասարակության բարոյական մակարդակի խեղաթյուրման հետ: Բերեմ սոսկ մեկ օրինակ, որը տեղի է ունեցել ինձ հետ: Մի երկու ամիս առաջ չորսամյա թոռնիկիս տարա Ստանիսլավսկու անվ. թատրոն՝ դիտելու «Երեք խոզուկներ» ներկայացումը: Հիշում եմ՝ երբ ժամանակին նույն այդ ներկայացմանն էի տարել իմ երեխաներին, ամբողջ դահլիճը խղճում էր խոզուկներին, երեխաները տեղերից ճչալով՝ ուզում էին գայլին հեռացնել, ուրիշ կողմ տանել, փրկել խոզուկներին: Իսկ այսօր, 25-30 տարի անց, բոլորովին այլ տեսարան էր: Գրեթե բոլոր երեխաները (հիմնականում 4-8 տարեկան) գոռգոռալով խրախուսում էին գայլին (որի դերը փայլուն կատարում էր շատ պլաստիկ մի երիտասարդ դերասան), հուշում էին խոզուկների տեղը: «Այ, նայի՛, պատուհանի հետեւում են»,- գոռում էին երեխաները, իսկ մի քանիսն էլ նույնիսկ պահանջում էին. «Սպանի՛ դրանց»… (մի պահ ինձ զգացի Հին Հռոմում, գլադիատորական մարտերի ականատես, երբ ամբոխից էր կախված պարտվածի կյանքը…):

Երբ կողքիս տղային հարցրի՝ չի՞ խղճում խոզուկներին, նա հանգիստ պատասխանեց. «Չէ, ինչի՞ խղճամ…»: Այդ պահին նրան միացավ մայրն ու վրա տվեց. «Մեր ժամանակներում ապրում է ուժեղը, թող փոքրուց սա իմանան…»: Շփոթմունքս թույլ չտվեց, որ առարկեմ նրան: Այո… Այսպիսի հասարակությունից մի՞թե կարելի է սպասել, որ նա հիշի նախորդ սերունդների վաստակն ու արժանիքները:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

հրապարակախոս, տնտեսագետ

Մեկնաբանություն
X