Տեր-Պետրոսյանը հեռանում է` հեռացնելով նաև Քոչարյանին

Երեկ տարածվեց Սերժ Սարգսյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանի «Բաց նամակին»: Ինչպես Տեր-Պետրոսյանն էր իր նամակն սկսել տեքստի շարադրանքից՝ բաց թողնելով հասցեատիրոջ անունը եւ տիտղոսը, որպեսզի «նախագահ» բառը չգործածի, նույնկերպ էլ վարվել էր Սերժ Սարգսյանը՝ նույնպես իր պատասխանն սկսելով ուղիղ տեքստից եւ շրջանցելով հասցեատիրոջը դիմելը:

Դրանից հետո, ինչպես Տեր-Պետրոսյանն էր իր դիմումով ըստ էության հայտարարել, որ Սարգսյանին ընդունում է իբրեւ ՀՀ նախագահ, պատրաստ է նրա հետ հանդիպել եւ համագործակցել ազգային կարեւորության խնդիրների շուրջ, այնպես էլ Սերժ Սարգսյանն էր իր պատասխանում պատրաստակամություն հայտնել Տեր-Պետրոսյանին ընդունելու իբրեւ նախկին նախագահ, ում կարող է հանդիպել եւ քննարկումներ ունենալ: Իրականում կհանդիպեն, թե ոչ՝ արդեն երկրորդական է, էականը միմյանց կարգավիճակների փոխադարձ եւ հրապարակային ճանաչումն էր, ինչը Տեր-Պետրոսյանին թելադրում է թողնել ակտիվ քաղաքականությունը եւ նախկին նախագահի կարգավիճակով ու ներկա նախագահի հետ շփումներով մասնակցել երկրի կյանքին:

Մնում է հարցը՝ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանն այդ քայլն արեց հիմա: Պատասխանն ակնբախ է, Տեր-Պետրոսյանը հեռանում է, երբ Ծառուկյանի դեմ ճնշումներով ու ԲՀԿ-ի առաջիկա կազմաքանդմամբ ակտիվ քաղաքականությունում մեկընդմիշտ փակվեց Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման եւ վերադարձի ճանապարհը: Ի վերջո, Տեր-Պետրոսյանը որքան էլ երախտիքի ու գնահատանքի խոսքեր ուղղի Ծառուկյանին, դժվար թե մեկ տարի երկրի քաղաքական դաշտում այսուայնկողմ գլորվող եռյակն այլ նպատակ ուներ, քան ԲՀԿ-ին իշխանության դեմ հանելը: Իսկ ՀՀԿ-ԲՀԿ դիմակայության պարագայում վաղ կամ ուշ իշխանությունը ճնշելու էր ԲՀԿ-ին՝ ինքնաբերաբար չեզոքացնելով Քոչարյանի քաղաքական հենարանն ու վերադարձի ուղիները: Այնպես որ, Տեր-Պետրոսյանը հեռանում է՝ հեռացնելով նաեւ Քոչարյանին:

Մինչդեռ Սերժ Սարգսյանի համար Քոչարյանի վերադարձն արգելափակելը թերեւս երկրորդային խնդիր էր, առաջնայինը հենց Ծառուկյանին քաղաքական կյանքից հեռացնելն էր: Ինչը եւ արվում է: Ընդսմին, եթե Ծառուկյանն ըմբռնում կցուցաբերի եւ կհեռանա հոժարակամ՝ լավ, ըմբռնողություն չի ցուցաբերի, կբացատրեն՝ մանդատից զրկելով, հարկային ստուգումներով, ոստիկանական քննություններով: Ի վերջո, ի՞նչն է Սարգսյանին խոչընդոտում փետրվարյան ելույթի իր թեզերը կյանքի կոչել: Անշուշտ՝ ոչինչ: Ընդհակառակը, իրականությունը նույնիսկ հարկադրում է, որ Սարգսյանը Ծառուկյանին հեռացնի քաղաքական դաշտից: Ինչո՞ւ:

Այդտեղ խնդիրը ոչ այնքան Ծառուկյանն է, որքան տասնյակ իր նմաններն Ազգային ժողովում եւ կառավարությունում: ՀՀԿ-ից մեկն ասել էր, թե ՀՀԿ մականունավորները Ծառուկյանից տարբեր են, քանի որ նրանք կուսակցություն չեն ղեկավարում: Մի՞թե… ՀՀԿ տգետներն ու վայրենիներն էլ կառավարություն, նախարարություն եւ մարզ են ղեկավարում, ինչն անհամեմատ վատ է: Ո՞վ ձեռքը դնելով խղճին չի ասի, որ Ծառուկյանը, իր ողջ անգրագիտությամբ, պլեբեյականությամբ ու պարզունակությամբ հանդերձ, երիցս գերադասելի է Հովիկ Աբրահամյանից, Գագիկ Բեգլարյանից, Սուրեն Խաչատրյանից եւ նմաններից:

Սակայն քաղաքական իրադրության ողջ ինտրիգն այն է, որ երկիրը եւ քաղաքական դաշտը մականունավորներից մաքրելու համար նախ պետք է չեզոքացնել Ծառուկյանին: Ի վերջո, ովքե՞ր են մականունավորները՝ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ այլկուսակցական: Դրանք բարոյազուրկ, տգետ, հանցագործ, երբեմն զինված, որպես կանոն՝ հանցաշխարհի հետ կապված եւ, ի վերջո, ֆինանսական կարողությունների տիրապետող անձինք են: Հետեւաբար, եթե երկրի քաղաքական դաշտում կա իրենց նման մեկի կողմից ղեկավարվող ուժ եւ բեւեռ, ապա ամեն մի ասպարեզից մաքրվող մականունավոր վազելու է դեպի այդ բեւեռը, միավորվելու է իր նմանների հետ:

Նրանք այսպես թե այնպես հանցաշխարհի եւ ֆինանսների կենտրոնացմամբ երկրում խնդիրներ կստեղծեին, բայց քաղաքական ուժի շուրջ համախմբվելով՝ ամբողջ երկրին կարող են սպառնալ: Հետեւաբար, մականունավորներին քաղաքականապես, ֆինանսապես կամ վարչականորեն ոչնչացնելուց առաջ պետք է նրանց միավորման պոտենցիալ բեւեռը վերացվի: Իսկ այդ բեւեռը Քոչարյանի գծագրած ԲՀԿ-ն է՝ Ծառուկյանի խմբավարությամբ: Այնպես որ, Ծառուկյանին եւ ներկայիս ԲՀԿ-ն քաղաքական ասպարեզից հեռացնելը ոչ այնքան Սերժ Սարգսյանի կամայականության, որքան քաղաքական իրականության պահանջ էր: Եվ այն պետք է իրագործվի:

Մեկնաբանություն
X