«Ես նման եմ հիմարի՞...»

Այսպես է արձագանքել նախագահ Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը հեռուստալրագրողի հարցին. «Դուք հավատո՞ւմ եք, որ Պուտինը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել»:
Անցյալ շաբաթավերջին, նաեւ այս շաբաթ Կիեւում տոնվում էր Եվրամայդանի հաղթանակի կամ Արժանապատվության հեղափոխության տարեդարձը: Մեկ տարի առաջ դժվար թե շատերը պատկերացնեին, որ Եվրոպային միանալու Ուկրաինայի ընտրությունը կվերաճի Երկրորդ աշխարհամարտից ի վեր Եվրոպայի ամենալուրջ ճգնաժամին, եւ քաղաքակիրթ աշխարհը հարկադրված կլինի ընդունել, որ Ռուսաստանը մնացել է նույն բարբարոսական երկիրը, որի մասին Աստոլֆ Կուստյենը դեռ 1830-ականներին իր «Նամակներ Ռուսաստանից» էսսեում գրում էր. «Ռուսաստանը վարժեցված արջերի երկիր է, որոնց հետ շփվելուց հետո վայրի արջերին գերադասում ես»:

Շուրջ մեկ տարի հարկավոր եղավ, մինչեւ եվրոպացիների գիտակցության մեջ հաստատվեր, որ «Վլադիմիր Պուտինը մեր ժամանակների Հիտլերն է», ռուսներն «անամոթաբար ստում են ամեն ինչում», եւ Ռուսաստանը նույնպիսի վտանգ է քաղաքակիրթ մարդկության համար, ինչ ISIS-ը: Այժմ, երբ վերջապես իրերն սկսել են կոչվել իրենց անուններով, մնում է մեկ հարց. ե՞րբ են վերջապես Ռուսաստանի հանդեպ երրորդ սերնդի պատժամիջոցները դրվելու գործողության մեջ, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի տնտեսության ամբողջ ճյուղեր փլուզելուն: Խոսքն առաջին հերթին էներգետիկ ոլորտի, այդ թվում «Ռոսնեֆտի» եւ «Գազպրոմի» դեմ պատժամիջոցների եւ Ռուսաստանը միջազգային ֆինանսական SWIFT համակարգից անջատելու մասին է: Տնտեսագետներն ասում են, որ եթե պատժամիջոցները գնահատվեն 10 բալանոց համակարգով, մինչ այժմ գործադրված եւ Ռուսաստանը տնտեսական անկման հասցրած պատժամիջոցները 2-3 բալի ազդեցություն են ունեցել, մինչդեռ SWIFT-ը 10 բալանոց հարված կլինի:

Նույնիսկ երբեք բանկերի հետ չառնչված մարդն էլ կարող է պատկերացնել, թե ինչ է նշանակում բանկերը SWIFT համակարգից անջատել: Դա նույնն է թե՝ ասենք բնակարանում էլեկտրաէներգիան անջատվի: Բնականաբար, դրանից հետո կանջատվեն էներգիայով սնուցվող բոլոր սարքերը: Նույնն էլ SWIFT-ի պարագան է. եթե բանկն անջատվում է միջազգային հաղորդակցական-վճարային SWIFT համակարգից, այլեւս անհնար է դառնում բանկային գործարքներ կատարել՝ գումար փոխանցել, գումար կանխիկացնել, աշխատավարձ ստանալ եւ այլն: Թե դա ինչ քաոս կստեղծի Ռուսաստանում՝ յուրաքանչյուրը կարող է պատկերացնել: Իհարկե, Ռուսաստանում ասում են, իբր ներռուսական ինչ-որ համակարգ են ստեղծել, որ SWIFT-ին փոխարինի, բայց անգամ դեղերի, սնունդի կամ ավտոմեքենաների համարժեքներն ստեղծելու անընդունակ երկիրը չի կարող համաշխարհային ծառայության անալոգ ստեղծել: Նմանակ կամ ծաղրուծանակ՝ գուցե:

Ինչեւէ, SWIFT համակարգից անջատումը, ինչպես նաեւ «Գազպրոմին» եւ «Ռոսնեֆտին» ամեն կարգի տեխնիկայի մատակարարման արգելումը կնշանակի, որ Արեւմուտքը Ռուսաստանի հանդեպ տնտեսական ճնշումներից անցնում է տնտեսական ոչնչացման քաղաքականության: Գուցե այդ պատճառով է այս պատժամիջոցների գործադրումն այսքան ձգձգվում, բայց հատկապես պետքարտուղար Քերրիի եւ վարչապետ Քամերոնի վերջին հայտարարությունների խորքին, թվում է, որ առաջիկա օրերին որոշումները վերջապես կընդունվեն Բրյուսելում եւ Վաշինգտոնում: Ավելի ստույգ՝ երեկ Քերրին հայտարարեց, որ նախագահ Օբաման որոշում կկայացնի Գերմանիայի կանցլերի հետ խորհրդակցելուց հետո:

Հաջորդ որոշումը, որին սպասում են թե Ուկրաինայում, թե Եվրոպայում, Ուկրաինային զենք վաճառելու հարցում նախագահ Օբամայի որոշումն է: Խոսքը ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական զենքի մասին է, բայց՝ մահաբեր զենքի: Մինչ այժմ Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում ընթացող ռազմական բախումներում շուրջ վեց հազար զոհ է եղել, որոնցից գրեթե մեկ քառորդը՝ ուկրաինացի զինվորականներ: Բոլոր փորձագետները միաձայն պնդում են, որ Ուկրաինայի կորուստների մեծ մասից հնարավոր կլիներ խուսափել, եթե ուկրաինական բանակն ունենար այն պաշտպանական միջոցները, որոնց մատակարարման հարցն այժմ դրված է Օբամայի սեղանին: Մի՞թե կարելի է կամ ներելի է, որ ռուսական զինուժի դեմ մարտնչող մարդիկ զոհվեն անբավարար տեխնիկական զինվածության պատճառով: Նույնկերպ էլ՝ ինչո՞ւ Ուկրաինա ներխուժած Ռուսաստանի համար ավելի զգալի եւ կորստաբեր չդառանա Պուտինի արկածախնդրությունը: Ի վերջո, Կրեմլը կարող է թաքցնել տասնյակ կամ հարյուրավոր զոհերը, բայց հազիվ թե կարողանա անձայն հուղարկավորել օրեցօր ավելացող աճյունները: Կա զոհերի մի սահման, որը չի կարող Ռուսաստանի համար խնդրահարույց չդառնալ:

Քամերոնն ասում է, որ Ռուսաստանին հիմա է պետք կանգնեցնել, եւ Լոնդոնն արդեն Ուկրաինա է գործուղել ռազմական հրահանգիչների, որոնք կուսուցանեն ուկրաինական զինուժին: Քերրին հավատացնում է, որ անցում է կատարվել պլան «Բ-ին», եւ Օբաման առաջիկա օրերին ե՛ւ պատժամիջոցների, ե՛ւ զենքի մատակարարման վերաբերյալ որոշումները կկայացնի: Նախօրեին Վաշինգտոնում ընդունել էին Ուկրաինայի Վերխովնի Ռադայի պատգամավոր եւ խոսնակի տեղակալ Անդրեյ Պարուբիին, ով Սպիտակ տուն եւ Կոնգրես էր տարել Ուկրաինային անհրաժեշտ զենքերի ցանկը: Ոչ միայն Սյուզան Ռայսը, այլեւ ոչ ոք նման չէ հիմարի:

Մեկնաբանություն
X