Ասոցացման համաձայնագիրը պահպանված է իբրև հիմք

Հարցազրույց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն․Գ․ Տրայան Հրիստեայի հետ։

- Պրն. դեսպան, 2014-ի հուլիսին ինձ տված Ձեր հարցազրույցում Դուք ասել էիք, որ ԵՄ-ն եւ Հայաստանը շուտով կսկսեն խորհել երկկողմ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ, անկախ նրանից՝ նոր փաստաթուղթը կկոչվի Ասոցացման համաձայնագիր, AA Light, PCA+, թե՞ որեւէ այլ կերպ: Փաստաթղթի անվանումը, հետեւաբար՝ նաեւ բովանդակությունը, գոնե հայաստանյան հասարակությանը դեռ պարզ չէ: Առայժմ տեսանելին միայն ԵՄ-ից եկող ֆինանսական աջակցության հանձնառություններն են: Դրանց մասին ի՞նչ կասեք:

  • Նախ ասեմ, որ մենք հայաստանցի մեր գործընկերների հետ դեռ մտորում ենք ԵՄ-Հայաստան ապագա հարաբերությունների շրջանակի շուրջ:
    Գալով Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը՝ Եվրոպական հանձնաժողովը եւ Հայաստանը 2014-ի նոյեմբերին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր ԵՄ-ից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության վերաբերյալ՝ «Անհատական աջակցության շրջանակում», որը սահմանում է 2014-17թթ. համագործակցության ռազմավարական նպատակները եւ առաջնահերթությունները: Աջակցությունը դրամական արտահայտությամբ կկազմի 140-170 միլիոն եվրո: Մասնավոր հատվածը, պետական վարչարարությունը եւ արդարադատության համակարգը լինելու են բարեփոխումների իրականացման երեք առաջնային ոլորտները: Այդ ոլորտների ձեռնարկումները կլրացվեն հանրային հաստատությունների արդիականացմամբ եւ քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող աջակցությամբ:

Նշված շրջանակում 2014-ի Տարեկան գործողության ծրագիրը նախատեսում է 19 միլիոն եվրոյի տրամադրում Հայաստանին, երկու ուղղությամբ օժանդակության համար. ա) Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը (7 միլիոն եվրո), բ) մարդու իրավունքների պաշտպանությանը (12 միլիոն եվրո): Ի լրումն այս երկու ուղղություններով տրամադրվող օժանդակության, եւս 15 միլիոն եվրո է նախատեսված Հարեւանության ներդրումային hնարավորության (Neighbourhood Investment Facility) ծրագրով՝ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների մեկնարկային ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման համար:

Նաեւ նախորդ ֆինանսական համագործակցությունից եւ 2013-ի Տարեկան գործողության ծրագրից մի շարք նախագծեր մեկնարկել են կամ կմեկնարկեն մոտ ապագայում՝ Հայաստանի կառավարության կողմից վերջնական համաձայնության հավաստմամբ:
Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աճել է եւ այդպես էլ շարունակվելու է: Հարեւանության քաղաքացիական հասարակության հնարավորության (Neighbourhood Civil Society Facility) խողովակով Հայաստանին մատչելի դարձող միջոցները, որ 2013-14-ին կազմել են 2.1 միլիոն եվրո, նպատակ ունեն նպաստել բարեփոխումների հարցում կառավարության հետ քաղաքացիական հասարակության երկխոսության ծավալմանը եւ պետական քաղաքականության մոնիտորինգին, գնահատմանը:

- Շնորհակալություն: Իսկ այժմ, վերադառնալով ապագա պայմանագրին կամ, ինչպես Դուք եք ասում՝ երկկողմ հարաբերությունների իրավական հիմքին. 2014-ի դեկտեմբերին եւ 2015-ի հունվարին կայացան ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի եւ խորհրդի նիստերը, դրանց մասին մամլո հաղորդագրություններ տարածվեցին: Այդուհանդերձ, Ձեզ խնդրում եմ, այդ ձեւակերպում-կլիշեներից դուրս, եթե հնարավոր է, ասեք՝ ներկա պահին որտե՞ղ ենք գտնվում, եւ կա՞ արդյոք քննարկվող որոշակի փաստաթուղթ:

  • Ինչպես արդեն ասացի, երկուստեք դեռ մտորում ենք ԵՄ-Հայաստան ապագա հարաբերությունների շրջանակի շուրջ:
    2014-ի նոյեմբերի 4-ին Եվրամիությունը եւ Հայաստանը Բրյուսելում, ընդհանուր առմամբ, քննարկեցին ապագա երկկողմ հարաբերությունների իրավական եւ քաղաքական հիմքը՝ հաշվի առնելով Հայաստանի ԵՏՄ հանձնառությունների եւ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների վրա դրանց հնարավոր անդրադարձի վերաբերյալ տեղեկատվությունը: Երկու կողմերն էլ համաձայնեցին պահպանել բանակցված, սակայն նախաստորագրում չանցած Ասոցացման, ներառյալ՝ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, եւ այն օգտագործել որպես հիմք հետագա քննարկումներում: Այդ շրջանակը դիտարկվեց 2015-ի հունվարի 20-ին գումարված ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի նիստում:

Ներկա դրությամբ ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվում են, այդ թվում տեսա-կոնֆերանսների միջոցով, ինչն օգնում է տեղեկատվություն փոխանակելու, թե «Եվրոպական առաջարկից» (այն է՝ Ասոցացման համաձայնագրից, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին) ինչն է վերցվում եւ ինչը կարիք կա հարմարեցնելու ԵՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին: Աշխատանքներն ընթանում են, եւ ամենքը պետք է լուրջ ակնկալություններ ունենան Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովից:

Մեզ նաեւ անհրաժեշտ կլինի 2015-ի ընթացքում ամրապնդել ԵՄ-ՀՀ համագործակցությունն Արեւելյան գործընկերության բազմակողմ գործակցության ձեւաչափերում, մասնավորապես չորս բազմակողմ պլատֆորմներում, դրոշակիր նախաձեռնություններում եւ միասնաբար մեր ներդրումն ունենալ ԱլԳ չորրորդ՝ Ռիգայի գագաթնաժողովի հաջողությունը կերտելու գործում: Վերջապես, ոչ պակաս կարեւոր է ԱլԳ վերաբերյալ մեր երկխոսության շարունակումը խորհրդարանական մակարդակում՝ մարտին Երեւանում գումարվող Եվրանեսթի համաժողովի ընթացքում:

- Գալով Ռիգայի գագաթնաժողովին, չե՞ք ասի, թե ինչու գագաթնաժողովը փետրվարից հետաձգվեց մայիս: Լատվիան միջոցառումը տեղափոխեց ԵՄ-ում իր նախագահության վեցամսյա շրջանի սկզբից դեպի վերջ, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենա միջոցառումը նախապատրաստելո՞ւ, թե՞ դա պայմանավորված էր ԱլԳ երկրներում ինչ-ինչ գլոբալ գործընթացներով:

  • Գագաթնաժողովը չի հետաձգվել, ընդհակառակը՝ նույնիսկ ժամանակային առումով առաջ է բերվել, որպեսզի կայանա մայիսին, թեեւ ԱլԳ գագաթնաժողովները սովորաբար գումարվում են աշնանը:
    Առաջիկա ԱլԳ գագաթնաժողողը, որ կկայանա մայիսի 21-22-ին, Ռիգայում, հնարավորություն կընձեռի գնահատելու արեւելյան գործընկերների հետ հարաբերություններում արձանագրված առաջընթացը վերջին՝ Վիլնյուսի գագաթնաժողովից ի վեր: Կհստակեցվի եւ մեկնարկ կտրվի ապագա քայլերի վերաբերյալ նոր ռազմավարական ուղենիշների մշակմանը: Գագաթնաժողովը նաեւ թույլ կտա տպավորություններ, մտքեր փոխանակել Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրերի գործադրման նախնական արդյունքների շուրջ, միաժանակ անդրադառնալով Հայաստանի, Բելառուսի եւ Ադրբեջանի հետ կապերի ամրապնդմանը: Անդրադարձ կլինի ընդհանրապես ԵՄ Հարեւանության քաղաքականությանը, եւ, իբրեւ դրա բաղկացուցիչ մաս, կարող են քննարկվել ընդհանուր շահերին առնչվող նոր ծրագրեր:

Գագաթնաժողովի օրերին Ռիգան կհյուրընկալի նաեւ Արեւելյան գործընկերության Մեդիա համաժողովը: Այդ ժողովի հիմնական նպատակն առաջարկ-խորհուրդների ձեւակերպումն է, որոնք կբարելավեն մեդիա դաշտն արեւելյան գործընկեր երկրներում եւ հասանելի կդարձնեն ավելի համակարգված բովանդակային եւ սիստեմատիկ աջակցությունը խոսքի ազատությանը: Մեդիա համաժողովը կարող է վերածվել կանոնավոր ֆորումի, որտեղ քննության կառնվեն մեդիա դաշտի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները՝ ներառելով ԵՄ-ի կողմից օժանդակության հնարավորությունները:

Իհարկե, Ռիգայի գագաթնաժողովին զուգահեռ, նաեւ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը կգումարվի, որտեղ խորությամբ կքննարկվեն ԱլԳ երկրներում քաղաքացիական հասարակությունների դերը եւ առաջընթացը ԵՄ ընդհանուր հարեւանության քաղաքականության համատեքստում: Մասնակցելու են ԵՄ պաշտոնյաներ, հետազոտողներ, ուղեղային կենտրոնների աշխատակիցներ, եւ մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունն այդ համաժողովին:

Մեկնաբանություն
X