Գինի, կտավներ և համագործակցություն

Երեկ, Երեւանում Գերմանիայի դեսպանատանն ընդունելություն էր, որտեղ քաղաքական առումով ուշադրության կենտրոնում էին Գերմանիայից ժամանած Բունդեսթագի պատգամավորներ Չեմ Օզդեմիրը եւ Էկին Դելիգյոզը՝ Կանաչների կուսակցությունից, ովքեր երեկոյի բացումից քիչ անց հարկադրված էին լքել հյուրերին, որովհետեւ շտապում էին հանդիպման Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Տնտեսական առումով երեկոյի հիմնական թեման GIZ-ի՝ Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության նոր ծրագրի շնորհանդեսն էր, որը կոչվում է «Աջակցություն մասնավոր սեկտորին»: Ծրագրի աշխատանքները կենտրոնանալու են զբոսաշրջության, գինեգործության եւ ճշգրիտ մեխանիկայի ասպարեզներում: GIZ-ը կօժանդակի հայաստանյան ընկերություններին՝ մշակել զարգացման ռազմավարություն, հաստատել միջազգային համագործակցություն եւ բարձրացնել աշխատուժի որակավորումը՝ կրթական ու վերապատրաստման ծրագրերով: Մանրամասներին ձեռներեցները կարող են ծանոթանալ GIZ-ում:

Սակայն, չնայած քաղաքական ու տնտեսական բաղադրիչներին, երեկոն վերնագրված էր «ԱՐՏ+X ցուցահանդես», որովհետեւ միջոցառման հիմնական մոտիվները գինին եւ կտավներն էին: Գինու հյուրասիրությունը կազմակերպել էր «Ի-վի-էն» գինու ակադեմիան՝ իր ուսանողների հետ: Հյուրերին առաջարկվում էին հայկական ու գերմանական գինիներ՝ դրանց արժանիքների ու յուրահատկությունների մասին համառոտ ծանոթություններով: Իսկ դեսպանատան դահլիճի պատերին հայաստանցի նկարիչ Աշոտ Ավագյանի ստեղծագործություններն էին՝ տպավորիչ ու խորապես հայկական:

Բունդեսթագի պատգամավորներից մեկը՝ տիկ. Դելիգյոզը, ով, ի դեպ, ծագումով թրքուհի է, առաջին անգամ էր Հայաստանում եւ հասցրել էր լինել միայն Ծիծեռնակաբերդում, ամենայն անկեղծությամբ նկատեց, որ որքան էլ տնտեսական-քաղաքական կապերն ու գինին կարեւոր են, իսկապես անանցանելի արժեքը պատերից նայող կտավներն են: Այնպես որ, խնդրեց եւ Աշոտ Ավագյանի հետ նկարվեց կտավներից մեկի առջեւ: Ոչ միայն Բունդեսթագի պատգամավորը, այլեւ հյուրերից շատ-շատերն էին անկեղծորեն հիացած Ավագյանի կտավներով. Սիսիանի ժայռապատկերների եւ միջնադարյան հայկական մանրանկարչության տարրերով, գերակշռող տերակոտա գույնով եւ համարյա քարի ֆակտուրայով այդ կտավներից իսկապես անհնար է չտպավորվել: Ինչ խոսք, արժանին պետք է մատուցել նաեւ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպանին՝ Նադյային, ով 2013-ին Ավագյանի գործերը Սիսիանում տեսնելուց հետո որոշել է, որ դեսպանատանը պետք է կազմակերպվի դրանց ցուցադրությունը, եւ, ի վերջո, իր մտահղացումը դարձրել է իրականություն:

Գալով գինուն, Բունդեսթագի մյուս պատգամավորին՝ պրն. Չեմ Օզդեմիրին, ով, ի դեպ, նույնպես թուրքական ծագում ունի, թվում էր, թե հատուկ «դավադրություն» կա նրանում, որ ողջ օրն իրեն չի հաջողվել հայկական գինի համտեսել, քանի որ ամեն հադիպմանը հենց հերթը հասել է հյուրասիրությանը, խնդրել են շտապել, որպեսզի հասնեն հաջորդ հանդիպմանը: Մինչդեռ գինի համտեսել ցանկանում էր, քանի որ ինքը Գերմանիայի ամենահայտնի գինեգործական երկրամասից ընտրված պատգամավոր է: Իսկ ամենից հետաքրքիրը, ինչի մասին ասացին Բունդեսթագի պատգամավորները, դա Գերմանիայի խորհրդարանի որոշումն է՝ ապրիլի 24-ին հատուկ նիստ եւ քննարկում նվիրելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Անկախ նրանից, թե ինչ ելույթներ կհնչեն նիստում, ինչ բանաձեւեր կառաջարկվեն կամ կընդունվեն, այդ քննարկումը նշանակելու է, որ Գերմանիան հիշում է Հայոց ցեղասպանությունը, վերադառնում է Առաջին աշխարհամարտի ժամանակներին եւ այն օրերի Գերմանիայի դերակատարությանը:

Մեկնաբանություն
X