Խոսում և ցուցադրում է Կրեմլը․․․

Խորհրդային Միության ժամանակներում հայտնի մի քանի ֆրազներ են եղել, որոնցով սկսվել են նորությունների թողարկումները պետական ռադիո եւ հեռուստաալիքներով: Երկրորդ համաշխարհայինի տարիներին դա եղել է «Говорит советское Имформбюро…» ֆրազը: Բրեժնեւյան լճացման տարիներին՝ «Говорит и показывает Москва…» ֆրազը: Վերջին մեկ շաբաթում Կրեմլին, անձնապես Դմիտրի Պեսկովին հաջողվեց ավելի քան արդիական դարձնել «Խոսում եւ ցուցադրում է Կրեմլը…» ֆրազը: Եթե չասենք՝ ողջ միջազգային հանրությունը, ապա առնվազն միջազգային բոլոր լրատվամիջոցները, համակ ուշադրություն դարձած, հետեւում են, թե ինչ է խոսում եւ ցուցադրում Կրեմլը կամ անձնապես Դմիտրի Պեսկովը՝ այն պահից ի վեր, երբ հանրային տեսադաշտից անհետացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը, ով հանրային անտուրաժով այնքան է տեսախցիկների առջեւ հայտնվում, որքան «օճառային օպերաների» դերասանները երեւի նկարահանման հրապարակում չեն հայտնվում, մարտի 5-ից ի վեր չի մասնակցում ոչ մի հասարակական միջոցառման: Փոխարենը Կրեմլը ցուցադրում է հատուկենտ հանդիպումների լուսանկարներ եւ տարածում է տեքստեր: Ավելի ճիշտ՝ մարտի 5-ից ի վեր երեք աշխատասենյակային հանդիպումների մասին է լրատվություն տարածվել, երեք դեպքում էլ ժամեր անց լրագրողները մերկացրել են կեղծիքը՝ փաստելով, որ Կրեմլը տարածում է հին հանդիպումների կադրեր: Կրեմլի կողմից մարտի 11-ին տարածված լուրը՝ ՌԴ մարզերից մեկի ղեկավարի հետ Պուտինի հանդիպման մասին, իրականության աղավաղում էր, քանի որ այդ հանդիպման մասին մարզային լրագրերը հաղորդել էին դեռ մարտի 4-5-ին:

Երեկ ՌԴ դատական համակարգի ղեկավարներից մեկի հետ հանդիպման լուրն էլ կեղծիք էր, քանի որ հանդիպման մասին Կրեմլի տարածած լուսանկարում Պուտինի աշխատասեղանին երեւում է այն ժամացույցը, որի մասին Ռամզան Կադիրովը մարտի 11-ին գրել է, թե դա նվիրել են իրեն, եւ իր լուսանկարն էլ՝ թանկարժեք նվեր-ժամացույցը ձեռքին, տեղադրել է Instagram սոցիալական ցանցում: Մարտի 10-ի հանդիպման կապակցությամբ էլ լրագրողներին հայտնի էր դարձել, որ մարզային ղեկավարը, որի հետ հանդիպման լուսանկար էր տարածվել, առհասարակ այդ օրը Կրեմլում չի եղել: Նույնիսկ մարտի 8-ին Կրեմլում հրավիրյալ կանանց հետ հանդիպումն է վաղօրոք տեսագրված եղել:
Միով բանիվ, մեկ շաբաթ է, ինչ Պուտինը չկա ասպարեզում, Կրեմլի կեղծ տեղեկություններն ավելի են սրում հետաքրքրությունը, ենթադրություններն ամենուր են եւ անհաշվելի՝ սկսած նրանից, որ ՌԴ նախագահը կնքել է մահկանացուն, մինչեւ այն, որ ինչ-որ դրամատիկական զարգացումներ է ծրագրում: Իրականում որտեղ է Պուտինը եւ ինչ վիճակում, ժամանակը ցույց կտա, սակայն եթե նայենք նրան, թե ինչ իրավիճակ է Պուտինի եւ Ռուսաստանի շուրջ, ապա հանրային տեսադաշտից հեռանալը եւ մի պահ կանգ առնելը երեւի միակ բանն է, որ պետք է աներ որեւէ գիտակից մարդ ՌԴ նախագահի պաշտոնում:

Պուտինը եւ Ռուսաստանը կատարյալ փակուղում են: Եթե Ուկրաինայում կանգ առնեն եւ ամեն ինչ թողնեն ինչպես կա, ապա ներկա պատժամիջոցները, նավթի գները, Ռուսաստանի ու նրա ռազմավարական ընկերությունների «աղբանոցային» վարկանիշները երկիրը դանդաղ, բայց անշեղորեն կտանեն դեպի տնտեսական կործանում՝ Դոնբասն ու Ղրիմն էլ թողնելով բախտի քմահաճույքին: Այս շաբաթ ԵՄ-ն Ռուսաստանին արդեն հեռացրեց ռազմավարական էներգետիկ գործընկերների ցանկից, իսկ ԱՄՆ-ն սկսեց մեծաքանակ պաշտպանական, բայց ոչ մահաբեր զինտեխնիկայի մատակարարումն Ուկրաինային:

Եթե Պուտինը եւ Ռուսաստանն Ուկրաինայում որեւէ ակտիվ գործողությունների դիմեն, ապա պատասխանը լինելու են Արեւմուտքի կործանիչ պատժամիջոցները՝ ի դեմս բանկային SWIFT համակարգի անջատման եւ այլն, նաեւ Ուկրաինային մահաբեր զինտեխնիկայի մատակարարման: Ըստ էության, Պուտինին մնացել է կործանման ճանապարհ ընտրելը կամ անձամբ հեռանալը: Պատասխանատու ընտրություն է, հանուն ինչի կարելի է առժամանակ աշխարհից առանձնանալ:

Մեկնաբանություն
X