ԲՀԿ-ն որտե՞ղ է ընդունելու ECR-ին

Այսօր ՀՀ Ազգային ժողովում Գալուստ Սահակյանի ելույթով (հուսանք՝ թղթից կընթերցվի եւ «գալուստերեն» չի լինի) կբացվի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանը: Նստաշրջանի պատվիրակները «Եվրանեսթի» անդամ երկրների խորհրդարաններից Երեւան են ժամանել դեռ անցյալ շաբաթվա վերջին: Կիրակի երեկոյան կայացել են պատվիրակների հանդիպումները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի եւ ԵՄ դեսպանների հետ, ավելի ուշ, ի պատիվ «Եվրանեսթի» հյուրերի, ճաշկերույթ է տրվել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի անունից:

Այսօր, մինչեւ 15:00-ին մեկնարկող լիագումար նիստը, ԱԺ-ում աշխատանքային նիստեր են գումարելու «Եվրանեսթ» ԽՎ Բյուրոն եւ Բելառուսի հարցով աշխատանքային խումբը: Վեհաժողովի մնացյալ մասնակիցները հյուրընկալվելու են ՀՀ քաղաքական կուսակցությունների գրասենյակներում: ԵԺԿ (EPP) անդամ պատվիրակներին հյուընկալելու է ՀՀԿ-ն՝ Մելիք-Ադամյանի իր գրասենյակում: «Սոցիալիստների եւ դեմոկրատների պրոգրեսիվ ալյանսի» (S&D) ներկայացուցիչները հյուրընկալվելու են ՀՅԴ-ին՝ Գերագույն մարմնի շենքում: «Դեմոկրատների եւ լիբերալների դաշինքը» (ALDE) ներկայացնող պատվիրակները ՀԱԿ-ի գրասենյակում են լինելու:

Իսկ ահա, «Եվրոպայի պահպանողականներին ու բարեփոխիչներին» (ECR) պետք է ընդուներ «Բարգավաճ Հայաստանը» հայտնի «կանյաչնիում», քանի որ այնտեղ էր կուսակցության՝ առյուծների արձաններով գրասենյակը: Սարկազմը նրանում է, որ «Եվրանեսթ» ԽՎ երեւանյան նստաշրջանի նախնական ծրագրում, որ հրապարակվեց մարտի սկզբին, հենց Ծառուկյանի կոնյակի-գինու-օղու կոմբինատն էլ նշված էր իբրեւ ECR-ի հյուրընկալության վայր: Սակայն մինչեւ Երեւանում «Եվրանեսթի» վեհաժողովը կգումարվեր, ԲՀԿ համագումարը գումարվեց, Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ-ից, ԲՀԿ-ն էլ դուրս եկավ Ծառուկյանի գործարանից, եւ ECR-ի հյուրընկալության վայրը մնաց օդում, ինչպես ԲՀԿ-ն ինքը: Պաշտոնական ծրագրում նշված է, որ ԲՀԿ-ECR հանդիպման վայրը կհամաձայնեցվի կողմերի միջեւ: Քանի որ բոլոր կուսակցական հանդիպումներին էլ հետեւելու են ճաշկերույթներ, հավանական է՝ ԲՀԿ-ն հանդիպումն էլ, ճաշկերույթն էլ կկազմակերպի որեւէ ռեստորանում:

Իսկ երեկ «Եվրանեսթի» պատվիրակները ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին էին հանդիպել, այցելել էին Ծիծեռնակաբերդ, եւ, ամենաէականը՝ երեկ կայացան «Եվրանեսթ» ԽՎ-ի բոլոր չորս մշտական հանձնաժողովների նիստերը, որոնց ընթացքում քննարկվում եւ հաստատվում էին 2014-ի հոկտեմբեր-նոյեմբերին շրջանառության մեջ դրված զեկույցների նախագծերը, դրանց շուրջ ստացված լրացումները, դիտողություններն ու առաջարկները:

Առաջարկներ ուղարկելու առումով, ի դեպ, ակտիվ է եղել նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը, թեեւ նրանցից ոչ ոք բուն Վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու համար Երեւան չի ժամանել: Մոլդովայից էլ միայն մեկ պատվիրակ է եկել: Փոխարենը մեծ պատվիրակություններ կան Ուկրաինայից, Վրաստանից եւ Բելառուսի ընդդիմությունից: Բելառուսը չունի խորհրդարանական պատվիրակություն «Եվրանեսթի» կազմում, սակայն գործում է «Բելառուսի հարցով աշխատանքային խումբ», եւ այդ ձեւաչափին մասնակցելու համար էլ Երեւան են ժամանել Բելառուսից յոթ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանք թերեւս ամենահետաքրքիր հյուրերի թվում են, անշուշտ, ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանից հետո:

Մեկնաբանություն
X