ՏԻՄ ընտրություններում եղել են խախտումներ և թերացումներ

>

Մարտի 15-ին Հայաստանի 32 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում եղել են թերացումներ և խախտումներ: Բայց և այնպես դեռ վաղ է խոսել՝ տեղ գտած խախտումներն ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա, թե ոչ: Միևնույն ժամանակ դժվար է նաև ասել՝ խախտումները կրել են համատարած բնույթ, թե ոչ: Այս մասին հայտարարեցին ՏԻՄ ընտրություններում դիտորդական առքելություն անցկացրած դիտորդները և չժխտեցին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաթողովի ներկայացուցիչները:

2015-ի մարտի 15-ին Հայաստանի 32 համայնքներում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ: Համաձայն ԿԸՀ տվյալների՝ 24 համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն, իսկ 6 համայնքում՝ ավագանու անդամների ընտրություն: Միայն երկու համայնքում է, որ անցկացվել է և համայնքի ղեկավարի, և ավագանու անդամների ընտրություն: 32 համայնքում ձևավորվել էին 56 տեղական ընտրատեղամասեր և հանձնաժողովներ, աշխատել է 448 անդամ: Ներկայացվել է վերահաշվարկի անցկացման միայն 2 դիմում: Մեկ համայնքում ընտրությունները ճանաչվել են չկայացած, քանի որ գրանցված թեկնածուների թիվը երկուսից պակաս էր: Սույն թվականի ապրիլի 5-ին այնտեղ նշանակվել է նոր ընտրություն:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում գրանցվել էին յոթ տեղական հասարակական կազմակերպություններ:

Դիտորդների խոսքերով՝ ՏԻՄ ընտրություններում արձանագրվել են «բազմաթիվ խախտումներ»: «ՏԻՄ ընտրություններին կային սովորական և ավանդական դարձած կուտակումներ տեղամասերում, ուղղորդումներ, կողմնակի անձանց ներկայություն: Մենք արձանագրել ենք բազմաթիվ խախտումներ», - հայտարարեց դիտորդական առաքելություն իրականացրած Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանը:

«Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի բանախոսներն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ անդամ Տիգրան Եգորյանը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Եղիազար Դավթյանը, «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպություն Արմեն Պետրոսյան, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:

ՏԻՄ ընտրություններում տեղ գտած խախտումների ցանկը շարունակեց թվարկել Տիգրան Եգորյանը: «Ընտրություններին խախտումներ ենք գրանցել, որ անձիք փորձում էին բազմակի քվեարկություն կատարել կամ մեկ ուրիշ անձի փոխարեն քվեարկել: Արձանագրվել է դեպք, որ քաղաքացուն տրվել է միանգամից 3 քվեաթերթիկ: Դեպքը բացահայտել և կանխել են դիտորդները», - նշեց Եգորյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ դժվար է ասել՝ խախտումները եղել են համատարած, թե ոչ: «Մենք չենք կարող ասել, որ խախտումները եղել են համատարած, սակայն չենք էլ կարող պնդել, որ դրանք չեն կրել համատարած բնույթ», - պարազաբանեց նա:
Ի տարբերություն «ավանդական խախտումների»՝ այս անգամ ՏԻՄ ընտրություններում, նշում է Եգորյանը, նախևառաջ մասնակցությունը ցանկալի տոկոսի չէր հասնում: «Ընտրությունները ոչ մրցակցային էին, քանի որ բազմաթիվ համայնքներում մեկ թեկնածու էր առաջադրված, ինչը լուրջ և համազգային խնդիր է», - հավելեց «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչը:

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանն էլ անդրադարձավ այն հանգամանքին, որ ընտրությունների ժամանակ հատկապես համայնքներում մարդկանց մեծ մասի մոտ կա ինֆորմացիայի պակաս: «Մարդկանց մեծ մասը ունի տեղեկատվության պակասի խնդիր, չգիտեն ինչպես պետք է մասնակցել քվեարկությանը: Դարանակ գյուղում ընտրողների 7 տոկոսը սխալ լրացված քվեաթերթիկ է ունեցել, իսկ 11 տոկոսը թույլ է տվել, որ իրենց օգնեն քվեարկություն անցկացնել», - նշեց Պետրոսյանը:

Ընտրություններում մարդկանց ցածր մասնակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանի խոսքերով ընտրական համակարգի խնդիրը չէ: Անդրադառնալով ընտրություններում դիտորդների նշած խախտումներին՝ Հովհաննիսյանն ընդունեց, որ խախտումներն իսկապես տեղի ունեցել են:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել 6 դիմում: Այդ դիմումները կքննվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշեմ, որ, այո՛, դիմումներում բարձրացված խախտումները ցավոք եղել են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրատարածքային հանձնաժողովները դրանց մասին տեղեկացվել են: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կուսումնասիրեն այդ դիմումները, կտան գնահատականներ, որոնք քվերակությունից հետո հինգերորդ օրը ընտրությունների արդյունքներն ամփոփելիս կարտացոլվեն համապատասխան որոշումներում», - նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը:

Ինչ վերաբերում է հնչեցված մտքին «չի կարելի ասել, որ խախտումները համատարած են եղել, բայց չի կարելի պնդել նաև հակառակը:

Մեկնաբանություն
X