«Եվրանեսթի» վեհաժողով. ակն ընդ ական

«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանը երեկ պաշտոնապես մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովում: Խորհրդաժողովի առթիվ ԱԺ էր ժամանել եւ ելույթով հանդես եկավ նախագահ Սերժ Սարգսյանը: Բնականաբար, հետաքրքիր ոչինչ չասաց, հերթապահ ֆրազներ շաղ տվեց Եվրամիության հետ հարաբերություններ զարգացնելու Հայաստանի վճռականության մասին, երեւակայության եթերներում ճախրելով էլ հայտարարեց, թե Հայաստանը հավակնում է համադրման եզրեր գտնել Եվրամիության եւ ԵՏՄ-ի միջեւ… Եվ դա այն դեպքում, երբ ողջ աշխարհի, առավել եւս Եվրոպական խորհրդարանի համար ԵՏՄ կոչվածը մեկ մարդու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խելացնորության եւ շանտաժի արդյունք է, որից պետք է հեռու մնալ, ինչպես ժանտախտից:

Ի դեպ, ԵՄ-ԵՏՄ համադրման եզրեր գտնելու մասին Սարգսյանի հավակնությունների պատասխանը երեկ «Եվրանեսթի» կողմից անուղղակի կերպով տրվեց: Պաշտոնական բացման խոսքերից եւ Ազգային ժողովի այգում ծառատունկի արարողությունից հետո գումարված երկրորդ նիստում քննարկվեցին եւ քվեարկության դրվեցին նախօրեին՝ մարտի 16-ին Խորհրդարանական վեհաժողովի չորս մշտական հանձնաժողովներում քննարկված, համաձայնեցված եւ վերջնական տեսքի բերված բանաձեւերը: Բանաձեւերից առաջինը ներկայացրել էր Վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովը: Փաստաթուղթը կրում էր «Զեկույց Եվրոպական հարեւանության միջոցով 2014-2020թթ. ԵՄ-ի եւ ԱլԳ երկրների միջեւ գործընկերության հզորացման մասին» անվանումը:

Այս բանաձեւի նախագծում, մինչեւ մարտի 16-ի քննարկումը, կար 7-րդ կետ, որում ասվում էր. «…Մաքսային միությունը եւ 2015թ. հունվարին ուժի մտնող ԵՏՄ պայմանագիրն այնպիսի տնտեսական ինտեգրում են նախատեսում անդամ երկրների միջեւ, որը համատեղելի չէ Ասոցացման համաձայնագրերի եւ վերջիններիս առեւտրային բաղադրիչների՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիների հետ»: Ակներեւաբար, պարբերությունը Հայաստանին էր վերաբերում:

Մարտի 16-ի հանձնաժողովի նիստում ծավալված քննարկումների արդյունքում խնդրո առարկա բանաձեւը լրացվել է նույն միտքը կրկնող մի ամբողջական նոր կետով: 8-րդ կետում դարձյալ կրկնվում է, որ ԵՏՄ դրվածքներն անհամատեղելի են Ասոցացման եւ ԽՀԱԱԳ համաձայնագրերի հետ: Ուղղակի այս անգամ նախ նշվում է, որ Ռուսաստանը չպետք է այլ երկրների հարկադրի ԵՏՄ-ին միանալ տնտեսական ճնշումներով, էներգակիրների եւ անվտանգության սպառնալիքներով: Այլ կերպ ասած, հասկանալի է, թե ինչու է Հայաստանը ԵՏՄ-ին միացել, բայց հասկանալի՝ չի նշանակում ներելի: Վերջում էլ ասվում է, որ երկրների միջեւ առեւտուր եւ լավ կապեր, ամեն դեպքում, պետք է լինեն:
Բանաձեւում Ռուսաստանը քննադատվում է նաեւ իր բազում այլ հանցագործությունների՝ Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի հարավում պատերազմ սանձազերծելու, Աբխազիայի եւ Օսեթիայի հանդեպ անեքսիայի եւ ասիմիլյացիայի քաղաքականության համար: Այս բանաձեւը, ինչպես եւ մնացյալ երեք հանձնաժողովների առաջարկած բանաձեւերը երեկ գրեթե միաձայն քվեարկությամբ ընդունվել են:

Սակայն այս 4 բանաձեւից բացի, Ուկրաինայի պատվիրակությունը շրջանառության մեջ է դրել եւս մի հրատապ բանաձեւ, որն ամբողջությամբ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիային է վերաբերում: Հայկական պատվիրակությունը, չգիտես ինչու, որոշել է Ռուսաստանի հանցագործությունների վրա չկենտրոնանալ, բանաձեւին դեմ է արտահայտվել եւ կողմ չի քվեարկել:

Իբրեւ պատասխան, Ուկրաինայի պատվիրակությունն էլ նույն հրատապ ընթացակարգով հայկական պատվիրակության նախաձեռնած, ընդհանրապես ցեղասպանությունները դատապարտող եւ լոկ մեկ նախադասության մեջ «հայոց ցեղասպանություն» բառակապակցություն պարունակող բանաձեւին է անհամաձայնություն հայտնել եւ դեմ քվեարկել: Ինչպես ասում են՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»:

Մեկնաբանություն
X