Պուտինը կարող է ներխուժել Բելառուս

Ռուսաստանը կարող է ներխուժել, ինչպես արեց Ուկրաինայում

- Որքան ես տեսնում եմ՝ ամբոխավարությունը դեռ արդյունավետ է Բելառուսում: Հետեւաբար, Լուկաշենկոն առաջիկա նախագահական ընտրությանը կունենա՞ մրցակից:

  • Գիտեք, մենք դա կոչում ենք նույնիսկ ոչ թե նախագահի ընտրություն, այլ «Լուկաշենկոյի ընտրություն», որն էությամբ Լուկաշենկոյի ինքնանշանակում է: Ի սկզբանե հայտնի է, որ նա հաղթելու է: Անշուշտ, որոշ մարդիկ ասում են՝ լավ, եթե ամեն ինչ հայտնի է եւ նախապես որոշված, ապա ի՞նչ իմաստ կա թեկուզ նախագահի թեկնածու առաջադրվել: Այլ մարդիկ չեն համաձայնում այս տեսակետին, որովհետեւ բոյկոտը միայն կխորացնի հիասթափությունն ու ապատիան հասարակության մեջ: Մինչդեռ, երբ կան ընդդիմադիր թեկնածուներ, նրանք առնվազն ընտրարշավ են մղում, հանդիպում են մարդկանց, խնդիրներ բարձրացնում, լուծումներ առաջարկում, եւ, ի վերջո, թույլ չեն տալիս, որ հասարակությունն ամբողջովին ընկղմվի դեպրեսիայի մեջ:

- Մի քանի տարի առաջ ես վավերագրական մի ֆիլմ տեսա Al Jazeera-ով, որը պատմում էր Բելառուսի, կարծեմ՝ 2010-ի նախագահական ընտրության մասին: Ես ապշել էի Լուկաշենկոյի ռեժիմի վայրագությունից. իշխանությունները ծեծում էին ցուցարարներին, նախագահի թեկնածուների էին առեւանգում, բանտ նետում, նրանց կանայք, հարազատները, չնայած հետապնդումներին, դարձյալ դուրս էին գալիս փողոց, այդ ամբողջ մղձավանջը տեւում էին օրեր, անգամ շաբաթներ, կատարյալ սարսափ էր…

  • Ֆիլմում կարող են գույները մի քիչ խտացված լինել՝ լսարանի վրա ավելի խորը տպավորություն գործելու համար, բայց, ընդհանուր առմամբ, պատկերն այդպիսին է: Այո, իշխանություններն ահռելի ճնշումների են գնում, խոսքի, հավաքների ազատության հարցերում անվերջ թերացումներ են, եւ, ինչ խոսք, ընտրությունների ժամանակ սահմանափակումներն ավելի կոպիտ են դառնում, բայց առօրյա կյանքում, ամեն դեպքում, բռնաճնշումներն այդպիսին չեն, ինչպես, ասենք, Հյուսիսային Կորեայում կամ Կուբայում:
    Իհարկե, մենք իրավացիորեն կարող ենք Լուկաշենկոյին կոչել բռնապետ, բռնակալ, ինչ կուզեք, բայց վերջին հաշվով նա որոշակի կայուն ընտրազանգված ունի Բելառուսում: Ինչո՞ւ: Ոչ միայն որովհետեւ նա հմտորեն խաղում է կարոտախտի զգացումների վրա, որ տարեց մարդիկ տածում են ԽՍՀՄ-ի հանդեպ: Մանավանդ՝ այժմ նոր սերունդ կա ասպարեզում, որը խորհրդային անցյալը չգիտի կամ անտարբեր է դրա հանդեպ: Հիմա Լուկաշենկոն խաղարկում է մեկ ուրիշ, ավելի զորեղ խաղաքարտ:
    Մարդիկ տեսնում են, թե ինչ կատարվեց Ուկրաինայում, իսկ Լուկաշենկոն խոստանում է, որ թույլ չի տա որեւէ պատերազմ: «Ես ձեզ խոստանում եմ խաղաղություն». ներկա պահին սա է Լուկաշենկոյի հաղթանակի կոդը եւ հաղթաթուղթը: Եվ դա աշխատում է կատարելապես, որովհետեւ ամենքը, ներառյալ ընդդիմության առաջնորդները, ներառյալ ես ինքս, ունենք այդ վախը, որ եթե մենք հաղթենք, եւ Բելառուսն ամուր կերպով հռչակի ու կանգնի եվրոպական ուղու վրա, դրանից հետո Պուտինը կներխուժի երկիր, ինչպես դա արեց Ուկրաինայի հարավ-արեւելքում: Իսկ պատերազմը վերջին բանն է, որ որեւէ մեկը կցանկանար Բելառուսում, որովհետեւ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվել է ամեն երրորդ բելառուսցին, եւ այդ վիշտը, վախն ու սարսափը պատերազմից դեռ զգալիորեն ապրում են մարդկանց հուշերում եւ հոգիներում:

- Օ, այդ ատելի Ռուսաստանը: Ես իսկապես ցանկանում եմ, որ բոլորս տեսնենք այդ չարիքի տերության փլուզումը, ինչպես աշխարհը Խորհրդային Միության վերջաբանին ականատես եղավ: Փառք Աստծո, հիմա Արեւմուտքի պատժամիջոցներն այդ ճանապարհը հարթում են…

  • Այո, ես էլ եմ շատ կողմնակից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Եվրոպայի քաղաքական գործիչների հետ մեր բոլոր հանդիպումներում ես կրկնում եմ, որ պատժամիջոցները պետք է պահպանվեն, որովհետեւ որքան քայքայվի ու աղետալի դառնա Ռուսաստանի տնտեսության վիճակը, այնքան դա կհեռացնի հարեւան երկրներին: Իսկ «ավելի քիչ Ռուսաստան»՝ նշանակում է «ավելի շատ Եվրոպա»: Դա էլ ճիշտ այն է, ինչ հարկավոր է՝ կտրել մարդկանց գիտակցությունը խորտակվող Ռուսաստանից եւ ուղղել դեպի ավելի խոստումնալից, բարգավաճ ու առաջ ընթացող Եվրոպա:

- Մինչեւ մեր հարցազրույցի վերջին թեմային անցնելը, ես ցանկանում եմ հարցնել Բելառուսում խոսքի ազատության մասին: Այդ տխրահռչակ ԵՏՄ-ի պատճառով մի ժամանակամիջոց ես այցելում էի Լուկաշենկոյի պաշտոնական եւ «Բելտա» գործակալության կայքերը: Հազիվ թե տարբերություն կար:

  • Այո, «Բելտան» նման է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Ես չէի ասի, թե Բելառուսում կա խոսքի ազատություն, բայց, բարեբախտաբար, կա ազատ խոսքի մատչելիություն: Երկրում կան ինտերնետային լրատվամիջոցներ, որոնք հաջողությամբ իրացնում են խոսքի ազատությունը, քննադատում են, ընդդիմանում են եւ այլն: Նաեւ համացանցով հասանելի են օտարերկրյա լրատվամիջոցները: Դրա հանրագումարում Բելառուսում չնայած հեռարձակվող եւ տպագիր լրատվամիջոցների՝ իշխանական վերահսկողության տակ գտնվելուն, ինտերնետն ընձեռում է ազատ խոսքի, լրատվության հարթակներ: Եթե մեկը փնտրում է՝ կկարողանա գտնել ազատ տեղեկատվություն: Բայց եթե նպատակային չես փնտրում, ապա, մեծ հավանականությամբ, ուղղակի կբախվես պետական քարոզչության:

Հայաստանը հաջողակ եղավ ազգային ինքնագիտակցության շնորհիվ

- Շնորհակալություն Ձեզ, պրն. Միլինկեւիչ, գրավիչ ու հետաքրքիր զրույցի համար, եւ վերջին թեման, ինչ մասին ցանկանում եմ հարցնել: Գիտեք, Ուկրաինայում Եվրամայդանի իրադարձություններից եւ փոփոխություններից հետո ինձ ամենից շատ զարմացրել, ապշեցրել էր «խպվՌվՏտՈՊ»-ի երեւույթը (երբ կոտրում կամ իջեցնում էին Լենինի արձանները): Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես է պատահել, որ ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի հետո դեռ Լենինի արձանները կանգուն են Ուկրաինայում եւ Բելառուսում: Հայաստանում բոլոր խորհրդային մնացուկները հեռացվել են տասնամյակներ, գուցե 1991-ից էլ առաջ:

  • Փորձեմ բացատրել: Ես կարծում եմ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո այն հանրապետությունները կարողացան հաջողությամբ հաղթահարել խորհրդային անցյալը եւ ԽՍՀՄ-ի հետ կապերը, որոնք հզոր ազգային ինքնագիտակցություն էին պահպանել: Այդպես եղավ բալթյան երկրների դեպքում, Հայաստանի դեպքում: Տեսեք, խորհրդային ժամանակներում դուք սովորել եք, չէ՞, ազգային՝ հայոց լեզու, հայոց պատմություն…

- Այո, իհարկե: Իսկ դուք չե՞ք սովորել…

  • Դժբախտաբար՝ ոչ: Նույնիսկ բոլշեւիկներից առաջ, ցարական իշխանություն օրոք, 1843թ.-ից ի վեր Ռուսաստանը Բելառուսում իրականացրել է ռուսիֆիկացիայի քաղաքականություն: Այդ ժամանակվանից՝ 1843-ից, բելառուսերենն արգելվել է դպրոցներում, եւ վերացվել է բելառուսական եկեղեցու ինքնավարությունը: Համարյա երկու հարյուր տարի բելառուսները երբեք հնարավորություն չեն ունեցել դպրոցում սովորելու սեփական պատմությունը: Այդպիսով պատմությունը, կրոնը, լեզուն հաջողությամբ մոռացության են մատնվել, եւ լայն զանգվածները վերածվել են խորհրդային քաղաքացու՝ առանց բելառուսական ազգային ինքնագիտակցության:

- Տեր Աստված, դա սարսափելի է: Երբեք այդ մասին չէի լսել… Եվրոպայում հազիվ թե երբեւէ եղել է այլ ժողովուրդ, ով ռուսների չափ վնաս ու չարիք պատճառեր ուրիշներին… Ներեցեք, իսկ ռուսական ժամանակաշրջանից առաջ դուք ի՞նչ պետականություն եք ունեցել:

  • Մեր պատմությունը 3-4 հազարամյակի տեւողություն չունի, ինչպես Հայաստանի դեպքում է: Մենք միայն հազար տարվա պատմություն ունենք, բայց այդ մեկ հազարամյակից ութ հարյուր տարին, 12-րդ դարից սկսյալ, մենք մաս ենք կազմել Լիտվական Մեծ Դքսությանը: Իր ծաղկման բարձրակետին, 15-րդ դարում, դա եղել է Եվրոպայի ամենաընդարձակ պետությունը, ձգվել է Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծովի ափերը: Հետո Լիտվայի Մեծ Դքսությունը վերափոխվել է Լեհա-Լիտվական Համագործակցության, եւ մենք էլ դրա կազմում ենք եղել մինչեւ այդ պետության մասնատումը եւ գոյության դադարելը 19-րդ դարասկզբին: Նաեւ սա պետք է նշել, որ, ըստ բանասերների, լեզվաբանների՝ բելառուսերենը շատ ավելի մոտ է լեհերենին, սլովակերենին, ընդհանրապես՝ արեւմտա-սլավոնական լեզվաընտանիքին:

- Դա հրաշալի է, որովհետեւ նշանակում է, որ դուք արմատներ ունեք եվրոպական պատմության եւ քաղաքակրթության մեջ եւ տեղ ունեք, որտեղ կարող եք վերադառնալ:

  • Այո, բարեբախտաբար՝ այո: ԽՍՀՄ փլուզումից հետո մենք փորձեցինք ներդնել բելառուսական լեզու, բելառուսերենով կրթություն դպրոցներում եւ համալսարաններում: Մարդկանց կողմից մեծ հետաքրքրություն ու արձագանք կար, նրանք ոգեւորված, հետաքրքրված էին իմանալու իրենց ազգային ինքնության, պատմության մասին: Այդ ժամանակ ես ինքս Հրոդնայի փոխքաղաքապետն էի, որն ավանդաբար համարվում է Բելառուսի մշակութային մայրաքաղաքը, գտնվում է ծայր հյուսիսում՝ Լեհաստանի եւ Լիտվայի հետ սահմանին: Այդ տարիներին ինքս հանդիպում էի մարդկանց, համոզում էի, որ իրենց երեխաներին բելառուսական դպրոց ուղարկեն, շատերն այդպես էլ վարվում էին: Նույնիսկ համալսարաններում սկսեցինք բելառուսերենով դասախոսել: Բայց հետո եկավ Լուկաշենկոն, այդ ազգային ինքնագիտակցության շարժումները ճնշվեցին ու դադարեցվեցին:

- Իհարկե, ազգային ինքնության վերագտնումը, պահպանումը լեզվի, կրոնի, պատմության միջոցով շատ ավելի կարեւոր է, քան որեւէ ռեժիմի էություն կամ որեւէ իշխանություն: Ի սրտե մաղթում եմ, որ դուք վերագտնեք ձեր արմատները, անցյալը եւ վերադառնաք եվրոպական ընտանիք, որտեղ եղել եք դարեր:

  • Ես էլ նույնն եմ ցանկանում Հայաստանին, մանավանդ որ դուք Եվրոպայի հետ կապված եք Հունաստանի ու Հռոմեական կայսրության ժամանակներից:
Մեկնաբանություն
X