Ապաշխարելու փոխարեն նախահարձակ է դարձել

Ամեն առավոտ լուսո տատս հայացքն ուղղում էր երկնքի կապույտին, ձեռքերը վեր պարզում ու ինչ-որ բան էր մրմնջում: Հինգ-վեց տարեկան երեխա, անկողնում պառկած, ականջներս սրում էի, որ լսեմ, թե տատս այդպես ցածր ձայնով էդ ինչ է ասում: Մի օր էլ անկողնուց վեր կացա, ավելի մոտեցա ու պարզեցի, որ տատս աղիողորմ անիծում է.

  • Թո՛ւրք, տունդ քանդվի, ինչպես որ դու մերը քանդեցիր…
  • Թո՛ւրք, լավ օր չտեսնես…
    Զարմանքը պատեց ինձ, թե էս իմ բարի, լավ տատիկն էս ի՞նչ է ասում:
    Ամենօրյա այդ մրմնջոցից հետո մեր հարեւան Խանում տատն էր գալիս, ցածր ձայնով քչփչում էին, լաց լինում ու նորից անիծում ու անիծում էին: Ու այդպես՝ գրեթե ամեն օր, ամեն լուսաբացին:

Նրանք ինձ ոչինչ չէին պատմում: Միայն մայրս մի օր ասաց, որ 1918 թվականին թուրքերը տատիս գյուղի բոլոր տղամարդկանց, այդ թվում եւ նրա նշանածին ու յոթ եղբայրներին, հավաքել եւ իրենց մոտակա Ջաջուռի ձորում գնդակահարել են: Իսկ մեր հարեւան Խանում տատն ավելի դաժան պատմություն ուներ: 1915-ին Մուշում ամբողջ գերդաստանը կոտորել էին, իսկ նա ու փոքր տղան հրաշքով էին փրկվել եւ ոտաբոբիկ ու կիսամեռ հասել Արեւելյան Հայաստան: Չնայած տասնամյակներ են անցել, սակայն մինչեւ հիմա տեսնում եմ տատիս վեր պարզած ձեռքերը, իսկ ականջիս հնչում են նրա անեծքները:
Տարիներ անց, 1963-ին, երբ ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժին, տատիս ճակատագրի նման ճակատագիր ունեցած շատ դասախոսներ կային: Նրանց խորհրդով սկսեցի փորփրել արխիվները: Այդ ժամանակ լույս տեսան նաեւ մեր ռեկտոր, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի, դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Վազգեն Մնացականյանի՝ եղեռնին վերաբերող փաստաթղթերի ժողովածուի ու հոդվածների հրապարակումները: Էլ չեմ խոսում ակադեմիկոս Արտաշես Շահինյանի եւ Լեւոն Ներսիսյանի փառահեղ ելույթների մասին:

Այն, ինչ սփյուռքահայերը վաղուց գիտեին, մենք նոր-նոր էինք իմանում: Միջանկյալ ասեմ, որ, մեծ ռիսկի դիմելով, 1964 թվականին իմ համակուրսեցի Գեղամ Քյուրումյանի հետ համալսարանի մեր 2-րդ հանրակացարանում Եղեռնին նվիրված թռուցիկ տպագրեցինք: Ասելիքն այն էր, որ մենք ինքներս ճանաչենք Եղեռնը:
Արխիվային լուսանկարներն ու նյութերը, որոնք հիմա բոլորին են հայտնի, ուղղակի ցնցում էին մեզ: Խրուշչովյան ձնհալն ու տաք օդը կամաց-կամաց խորհրդային փակի տակ դրված թուրքական ոճրագործության պատմությունը ջրի երես էին հանում:

Երկրորդ անգամ ցնցում ու սարսուռ ապրեցի, երբ Ֆրանսիայից հայրենիք գաղթած կինոօպերատոր Սինե-Սեթոն 1969-ին, միայն «Ֆիլմ» թերթի խմբագրության աշխատակիցների համար, Տերյան փողոցի հին «Հայֆիլմ»-ի դահլիճում, ուշ գիշերով, առաջին անգամ ցուցադրեց Եղեռնի սարսափների մասին պատմող ժապավեններն ու լուսանկարները, որ նկարահանել էին գերմանացի օպերատորները:
Լույս դառնաս, օպերատոր Սինե-Սեթո: 1946-ին՝ ահ ու վախի այդ տարիներին, այդքան կինոժապավեններն էդ ո՞նց էր Հայաստան հասցրել:

Փոքրամարմին, ինքնամփոփ, ծայրաստիճան համեստ մի մարդ, որը Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը նկարահանել էր նաեւ Զորավար Անդրանիկի հուղարկավորությունը: Նա երկար տարիներ աշխատեց «Հայֆիլմ» կինոստուդիայի կոմբինացված նկարահանումների արտադրամասում:


Հիմա, Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին, ապաշխարելու փոխարեն (գերմանացիների նման) Թուրքիան դարձել է նախահարձակ: Էրդողանն ասում է. «Մեր մեկնած ձեռքը Հայաստանն օդում է թողնում»: Օրը ցերեկով, մեղմ ասած, ինչպես հատուկ է իրենց, փաստերն ուղղակի խեղաթյուրում են: Իսկ ո՞ւր մնաց առանց նախապայմանների ստորագրած արձանագրությունները: Չխորանանք: Իզուր չի ասված՝ հենց որ թուրքին մի քայլ զիջեցիր, հինգ քայլ առաջ է գալու: Կարծում եմ, որ ժամանակն է ընդհանրապես ետ կանչել արձանագրությունների ստորագրությունը:

Նրանք, մի կողմից, Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին Իրաքի, Սիրիայի, Լիբանանի հայաթափության տարիներով խնամքով նախապատրաստած ծրագիրն են իրագործում: Այդ երկրների հզոր եւ բարգավաճող հայկական գաղթօջախները Մերձավոր Արեւելքում «մի զանգ» էին, որոնց ղողանջները տարեցտարի աշխարհով մեկ ավելի զորեղ էին հնչում՝ ազդարարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Իսկ մյուս կողմից, թուրքական հրահանգներով, խստագույնս լարված են պահվում Արցախի եւ Հայաստանի սահմանները: Դե, ապրիլի 24-ի գալիպոլյան նրանց տոնակատարությունը, ավելի ճիշտ՝ տոնախմբությունը, ոչ միայն հայերիս դեմ է ուղղված, այլեւ նախկին Անտանտի երկրների: Հենց ա՞յս տարի պիտի իրենց յաթաղանի մշտական օրը՝ մարտի 18-ը նշելը փոխարինվեր ապրիլի 24-ով: Դա անարգանք է ոչ միայն մեր անմեղ զոհերի հիշատակին, այլեւ Անգլիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ու նաեւ թուրքական բանակի կողմից կռվող հայ, հույն, ասորի զինվորների հիշատակին: Եվ ի՞նչ, այդ երկրների բարձրագույն պատվիրակությունները, բարոյական նորմերը մի կողմ դնելով, մասնակցության հայտեր են ներկայացնում: Հիմա ինչպե՞ս չհիշես մեծ նորվեգացու, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի խոսքը. «Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար լավ կլիներ, եթե իր անունը երբեւէ հնչած չլիներ եվրոպացի որեւէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում հույսը: Նա համառ, անխոնջ աշխատում եւ սպասում է, շարունակ սպասում է… Նա սպասում է մինչ օրս»:

Կամ մեկ այլ գերմանացի գրող Արմին Վեգների՝ ԱՄՆ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին գրած նամակի հետեւյալ տողերը. «Եվրոպան պաշտպան չկանգնեց հալածված ժողովրդին, պարոն պրեզիդենտ, փրկեցեք Եվրոպայի պատիվը, դա քրիստոնեությանը վերաբերող հարց է, դա ամբողջ մարդկությանը վերաբերող հարց է»:
Գալիպոլյան ճակատամարտի տոնակատարությունը Թուրքիայի կողմից ապրիլի 24-ին նշելն ապտակ է ամբողջ մարդկությանը՝ արդեն 21-րդ դարում: Իսկ տարբեր երկրների առաջնորդների մասնակցությունը լակմուսի մի թուղթ է, որ ականջներիս օղ պետք է անենք:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X