Պոլիսյան օրագիր. Ովքեր են առաջինն ասել Հայոց ցեղասպանություն

«Հրանտ Դինք» հիմնադրամի եւս մի ծրագիր չեմ կարող առանձնահատուկ չնշել, չնայած ծավալի եւ ժամանակի սղությանը: Ծրագիրը հետազոտում է ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրսեւորումները թուրքական առաջատար մամուլում: Հետազոտությունները կատարվում են տարեցտարի, եւ ծրագրի ղեկավարները հավատացնում էին, որ հրապարակվող արդյունքները լրատվամիջոցների վրա ներգործություն ունենում են, նրանք ավելի եւ ավելի են հետեւում իրենց խոսքին: Հանգամանքը, որ թուրքական առաջատար մամուլում կա ատելության անսքող կամ քողարկված քարոզ, անձամբ ինձ համար տարօրինակ էր, քանի որ ինքս ժամանակ առ ժամանակ Hurriyet daily-ի եւ Today’s Zaman-ի անգլալեզու կայքերն այցելելու սովորություն ունեմ եւ տարիների ընթացքում նման քարոզ չեմ տեսել: Պարզվում է՝ չեմ տեսել, որովհետեւ Թուրքիայում նույն պարբերականը թուրքերեն գրում է մի բան, անգլերեն՝ այլ բան: Անգլերենով ատելության քարոզ չի երեւում, իսկ թուրքերենով այն տարվում է՝ այլ հարց, որ հետզհետե ավելի քիչ ու քողարկված:

«Հրանտ Դինք» հիմնադրամի մասին պատմությունն ավարտել՝ առանց մի կնոջ՝ Բուրջու Բեչերմանի անունը նշելու, անհնար է, որովհետեւ այդ կինն այնքան է այցելում Հայաստան, այնքան է աշխատում Թուրքիայում, որ ՀԿ-ները, լրագրողները, հասարակությունները միմյանց հետ շփվեն, իրար ճանաչեն, կապեր ստեղծվեն, որ թվում է՝ հայ-թուրքական հաշտեցումն իր կյանքի գործն է: Մի խոսուն դետալ, որ ասում է ամեն ինչ. ապրիլի 20-ի երեկոն է, ռեստորանում ենք, մոտ երկու տասնյակ մարդ կա՝ եւ լրագրողական մեր խումբը, եւ այլ հայաստանցիներ, որոնք Dink Foundation-ի այլ ծրագրերով են Պոլսում, հիմնադրամի աշխատակազմից մարդիկ, գրեթե բոլորի ձեռքին հեռախոսներ են՝ ինտերնետին միացած… Եվ երկու տասնյակ մարդկանց մեջ հենց Բուրջու Բեչերմանը տեսավ Bloomberg-ի տարածած լուրը, որ Գերմանիան պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվ այնպես էր ուրախացել… Ասված է, չէ՞, ով փնտրի, նա էլ կգտնի:

Էթյեն Մահչուփյանի քայլը 2007-ին
Պոլսում ամենահաճելի իրողություններից մեկը, իհարկե, արեւմտահայերենով զրույցներն են, եւ այն, որ «Ակոսի» գլխավոր խմբագիրը՝ պրն Էդվարդ Դանձիկյանը, ով երկու ամիս առաջ է ստանձնել այդ պաշտոնը, խոսում էր արեւմտահայերեն, առանձնակի բավականություն էր: Հետաքրքիր էր գրեթե ամեն ինչ, ինչի մասին խոսվում էր, այդ թվում այն, ինչ պատմվեց Մահչուփյանի մասին: Ինչ խոսք, Էթյեն Մահչուփյանն այս պահին երեւի ամենահետաքրքիր անձն է պոլսահայության թվում: Իր անձի շուրջ հետաքրքրություն կա եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնից հեռանալու կամ մնալու անորոշության կապակցությամբ, ինչի շուրջ Պոլսում էլ չկար հստակ տեղեկություն: Եվ առավել հետաքրքիր էր այն, ինչ պրն Դանձիկյանը պատմեց ութ տարի առաջվա իրադարձությունների վերաբերյալ: Պարզվում է՝ 2007-ին, Հրանտ Դինքի սպանությունից հետո, կատարյալ անորոշություն, կասկածներ, նույնիսկ վախեր են ծնվել «Ակոսի» ապագայի առնչությամբ: «Ակոսը» պիտի հրատարակվի՞, թե՞ կփակվի: Այդ ժամանակ Էթյեն Մահչուփյանը չի վարանել ստանձնելու գլխավոր խմբագրի պաշտոնը եւ շարունակել թերթի հրատարակումը: Հետեւաբար, եթե այսօր Պոլսում այդքան անդրադարձ է կատարվում հայկական հարցերին՝ ակադեմիական շրջանակներից մինչեւ հասարակություն, մամուլ, մտավորականներ, քաղաքական կուսակցություններ, ապա դրանում նաեւ Մահչուփյանի քայլը, «Ակոսի» գոյությունը եւ Դինքի ժառանգության ձեւավորումը դեր ունեն:

Պրն Դանձիկյանն ինքն էլ կանգնած է եղել «Ակոսի» ստեղծման ակունքներում, պրոֆեսիոնալ լրագրող է, երկար տարիներ աշխատակցել է միջազգային եւ թուրքական լրատվամիջոցների: Լրագրողի դիտանկյունից Թուրքիայի մասին իր դիտարկումները հետաքրքիր էին: Օրինակ, պրն Դանձիկյանն ասում է, որ Թուրքիայում իշխանությունն ինչ քայլ էլ կատարի, դիցուք, պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը, հասարակության արձագանքը լինելու է. «Եղավ, այդպես… լավ»: Եթե կառավարությունը հակառակ քայլն անի, օրինակ՝ չճանաչի Ցեղասպանությունը, նորից ասելու են. «Հարկավ, այդպես պիտի լիներ»: Այլ կերպ ասած՝ որոշումներն ընդունում է կառավարությունը, եւ ինչ որոշում էլ լինի, հասարակության համար ընդունելի է, ոչ հասարակական թելադրանքի ավանդույթ կա, որ էլ ընդվզման:

Գալով «Ակոսի» խնդիրներին, պրն Դանձիկյանն իր առջեւ տեսնում է նույն չորս նպատակները, որ երկու տասնամյակ առաջ դրվել է «Ակոսի» ստեղծման հիմքում. առաջին՝ երկխոսություն հաստատել հայ եւ թուրք հասարակությունների միջեւ՝ 1915-ից ի վեր կատարվածի շուրջ, երկրորոդ՝ հայերին պատմել իրենց մշակույթի, պատմության, ժառանգության, ինքնության մասին, երրորդ՝ արեւմտահայերենի պահպանությանը նպաստ բերել, չորրորդ՝ հայազգի երիտասարդների համար լրագրությամբ զբաղվելու հարթակ ստեղծել: Այս առաքելությունը հաջողությամբ իրականացվել է քսան տարի, պոլսահայ մյուս երկու պարբերականների՝ «Մարմարայի» եւ «Ժամանակի» կողքին, եւ մնում է ցանկանալ, որ բոլորի գործունեությունն էլ շարունակվի երկար:

Istanbul Human Rights Association-ը

Ո՞վ է Թուրքիայում առաջինը Մեծ եղեռնը «ցեղասպանություն» կոչել: Պարզվում է՝ դա արել է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ամենահին կազմակերպությունը՝ Ստամբուլի մարդու իրավունքների ասոցիացիան՝ շուրջ երեքեւկես տասնամյակ առաջ: Իհարկե, դրա համար Ասոցիացիայի անդամներն ստացել են սպառնալիքներ, կարող էին նաեւ ազատազրկվել, բայց քաջություն են ունեցել պայքարելու, եւ այժմ, երբ ամեն տարի ապրիլի 24-ին Տաքսիմ հրապարակում մոմավառություն է կատարվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, դրա ակունքներում ու ետնաբեմում Ստամբուլի մարդու իրավունքների ասոցիացիայի մարդիկ են: Մենք հանդիպեցինք այդ կազմակերպությունը ղեկավարող տիկնոջ հետ, ում կատարած գործի մասին կարելի է երկար գրել, բայց, ինչպես չինացիներն են ասում, «Փոքրի միջոցով ճանաչվում է նաեւ մեծը»:

Այն, ինչ Ասոցիացիան ծրագրել է 2015-ի ապրիլի 24-ի համար, պատկերացում կտա նաեւ նախընթաց ձեռնարկների մասին: Այսօր առավոտյան Ասոցիացիայի անդամները հավաքվելու են Պոլսի կենտրոնում մի շինության մոտ, որն Օսմանյան կայսրությունում բանտ է եղել: Այդտեղ են տարվել 1915թ. ապրիլի 23-ի, լույս 24-ի գիշերը ձերբակալված հայ մտավորականները: Շինության մոտ լրատվամիջոցների համար են խոսելու, ծաղկեպսակ են դնելու, հետո նավով ուղեւորվելու են Բոսֆորի մյուս ափին գտնվող Հայդարփաշա երկաթուղային կայարան, որտեղ նույնպես կխոսեն Ցեղասպանության մասին: Ապա, ի հիշատակ 1915-ի ապրիլին Հայդարփաշա կայարանից դեպի անէություն աքսորված հայ մտավորականների, Ստամբուլի մարդու իրավունքների ասոցիացիայի անդամներն ու նրանց միացող քաղաքացիները ծաղիկներ կնետեն Բոսֆորի հավերժական ալիքների մեջ: Երեկոյան, իհարկե, Տաքսիմ հրապարակում էլ միջոցառումներ կլինեն, բայց, ինձ թվում է՝ նետվող ծաղիկների դրվագն ամենից հուզիչն է ոգեկոչման հանրային արարողություններում: Ի դեպ, այն էլ նշեմ, որ հենց այս կազմակերպության անդամներն էին կոչ արել երկրների ղեկավարներին՝ անտեսել Գալիպոլիի առիթով Պոլս ժամանելու նախագահ Էրդողանի հրավերը եւ փոխարենը մեկնել Երեւան, Ծիծեռնակաբերդ: Իրենք՝ Ասոցիացիայի ներկայացուցիչները, 24-ին կլինեն Երեւանում:

Ի դեպ, Երեւան են ժամանել նաեւ Թուրքիայի բազմաթիվ լրատվամիջոցների թղթակիցներ: CNN Turk-ը, ինչպես հայտնեց հեռուստաընկերության միջազգային լուրերի տնօրենը, ուղիղ հեռարձակմամբ է ցուցադրելու Ծիծեռնակաբերդի եւ հարակից արարողությունները: «Ջումհուրիեթում» ասացին, որ Գալիպոլիի միջոցառումներն էլ են լուսաբանելու, բայց հիմնական ծավալը եւ ուշադրությունը կենտրոնացած է Ցեղասպանության արարողություններին Երեւանում եւ Պոլսում:

Իսկ ապրիլի 22-ին Պոլսի ամենամեծ՝ Istanbul Congress Center-ի մի քանի հազար տեղանոց լեփլեցուն դահլիճում կայացավ 1915-ի ապրիլի 24-ին աքսորված պոլսահայ մտավորականների, նաեւ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման համերգ-երեկո: Այդ համերգի ազդագրից իմացա, որ ապրիլի 24-ն առաջին անգամ նշվել է Պոլսում, 1919-ին, եւ տեսա բոլոր այն 200 հայ մտավորականների անունները, որոնք ձերբակալվել են օսմանյան իշխանությունների կողմից 1915-ի ապրիլի 23-ի, լույս 24-ի գիշերը:

Շարունակելի

Մեկնաբանություն
X