Պոլիսյան օրագիր. Պոլսո հայոց պատրիարքարանը

Ապրիլի 24-ին առնչվող իրադարձություններից վերադառնալով առօրյա կյանքին, Պոլիսում ամենակարեւոր, նվիրական, թանկագին հայկական կառույցը Պոլսո հայոց պատրիարքությունն է: Այն Թուրքիո հայոց բարձրագույն հոգեւոր իշխանությունն է, իր հեղինակությամբ նաեւ բարձրագույն աշխարհիկ իշխանությունը, իրականում՝ երկուսից էլ ավելին:

ԲԱՐՁՐ ԴՌԱՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

1453-ին արձանագրվեց համաշխարհային պատմության ամենահուժկու շրջադարձերից մեկը: Օսմանյան Մահմեդ II սուլթանը նվաճեց Կոստանդնուպոլիսը, եւ ավարտվեց Արեւելա-հռոմեական կամ Բյուզանդական կայսրության պատմությունը: Ըստ պատմվող ավանդության, Մահմեդ II-ը, որ շատ երիտասարդ էր՝ հազիվ քսան տարեկան, Կոստանդնուպոլսի ռազմական արշավից առաջ զրուցել է Բուրսայի հայոց հոգեւոր առաջնորդի՝ Հովսեփ Սրբազանի հետ, եւ Սրբազանը կանխագուշակել է, որ սուլթանը կնվաճի Կոստանդնուպոլիսը:

Սարսափելի է, բայց Հովսեփ Սրբազանի կանխագուշակությունն իրականանում է: Մահմեդ II-ը նվաճում է Կոստանդնուպոլիսը եւ հիշելով ու երախտապարտ լինելով հայոց առաջնորդին գուշակության համար, ընդամենը ութ տարի անց՝ 1461-ին, սուլթանն իր նոր մայրաքաղաք է հրավիրում Հովսեփ Սրբազանին, հիմնադրում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը եւ պատրիարքությանն է հանձնում հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունը Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերի նկատմամբ: Ավելին, հայությանը շնորհվում է առանձնահատուկ՝ հավատարիմ ժողովրդի կարգավիճակ: Հենց այդ կարգավիճակն է զգալիորեն դյուրացնում հայության առաջընթացն Օսմանյան կայսրության մայրաքաղաքում, երկրի տնտեսական, ֆինանսական, արդյունաբերական, մշակութային, հասարակական կյանքում:

Շուրջ կես հազարամյակ, մինչեւ 1915թ.-ն, Պոլսո հայոց պատրիարքությունն ամենահզոր կառույցն էր հայկական իրականության մեջ, քանի որ Պոլիսում էր կենտրոնացած հայության ազգային, կրոնական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքը, իսկ Բարձր Դռան (սուլթանի) առջեւ պոլսահայությանը եւ ընդհանրապես արեւմտահայությանը ներկայացնողը պատրիարքարանն էր: 1461-ի հիմնադրումից ուղիղ 400 տարի անց Պոլսո հայոց պատրիարքության ներկայացմամբ Բարձր Դուռը (սուլթանը) հաստատում է նաեւ հայոց Ազգային սահմանադրությունը:

Վաղուց չկան սուլթաններ, չկա Բարձր Դուռ, չկա անգամ Օսմանյան կայսրություն, պատահել է Հայոց ցեղասպանություն, գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, սակայն այդ ամենը ոչինչ չի փոխել՝ աշխարհի չորս ծագերում այսօր էլ հայկական թեմական խորհուրդները եւ այլն, ձեւավորվում են 1861-ի Ազգային սահմանադրությամբ: Նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքության հետ Պոլսո հայոց պատրիարքարանը գոյացնում է այն վեմը, հիմնասյունը, միջնաբերդը, որ կանգուն է պահում արեւմտահայ աշխարհը, ժառանգությունն ու լեզուն: Դրա համար էլ Պոլսո հայոց պատրիարքությունն ուղղակի սրբություն է, չափազանց թանկ ու նվիրական վայր ցանկացած անձի համար, ով արեւմտահայ ժառանգության հետ ունի ֆիզիկական կամ հոգեւոր կապվածություն:

ԵՂԲԱՅՐԸ ԼԻՆԵԻ՝ ՊԱՏԻՎ ՊԻՏԻ ՀԱՄԱՐԵԻ

Այնպես ստացվեց, որ չորս տարի առաջ, 2011-ի ապրիլին, ինքս Երուսաղեմի հայոց պատրիարքությունում էի եւ վերջին օրը, առավոտյան հրաժեշտ տալիս, համարյա Սուրբ Հակոբյանց տաճարի դռների միջեւ, ինձ ծանոթացրին Պոլիսից ժամանած մեր վարդապետներից մեկի հետ: Վարդապետին ասացի, որ իմ ընտանեկան բոլոր արմատներն Արեւմտյան Հայաստանից են, ես շատ սիրում եմ հայկական Պոլիսը եւ հուսով եմ, որ մի օր Պոլսո պատրիարքարան կայցելեմ: Հարցրեց. «Իրա՞վ, Պոլիս որ լինեք, պատրիարքարան պիտի գա՞ք»: «Ինչու Պոլիսում գնալու ուրիշ վա՞յր կա,- պատասխանեցի:- Իհարկե, առաջինը պատրիարքարան պիտի գամ»:

Չորս տարի հետո այդպես էլ եղավ, Պոլիս ժամանելու հենց հաջորդ օրը առաջին այցը ծրագրված էր Պոլսո հայոց պատրիարքարան: Պատրիարքարանն այնպես վեհաշուք էր, գեղեցիկ, ջերմ ու հարազատ, ինչպես եւ պատկերացրել էի՝ պատրիարքների մեծադիր դիմանկարներով, աստվածաշնչյան սքանչելի կտավներով, տարբեր սրբազան իրերով, գրքերով… Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդը՝ Արամ Արք. Աթեշյանն սկզբից եւեթ զգուշացրեց, որ 1915-ի թեմայից չի խոսելու: Այդ թեմայից Պոլսո հայոց պատրիարքներն առհասարակ չեն խոսում, քանի որ, ինչպես Արամ Սրբազանն ասաց, պատրիարքը (ընդհանուր փոխանորդը) հոգեւոր իշխանության գլուխն է, նրա շուրթերից հնչող խոսքը կշիռ ունի պետության աչքում եւ, հետեւաբար, հետեւանքներ՝ ի տարբերություն աշխարհիկների, որ ազատ են խոսելու, ինչ կամենում են:

Այնուամենայնիվ, լրագրողներից մեկի ճշտող հարցին. «Ցեղասպանության հարյուրամյակը Դուք չե՞ք նշելու», Սրբազանը տարակուսեց. «Ինչպե՞ս չեմ նշելու, ամենակարեւոր արարողությունը պատարագն է, որը ես եմ մատուցելու, եւ որին ողջ համայնքը, նաեւ իշխանությունները, դեսպանները, այլ կրոնական առաջնորդներն են ներկա գտնվելու»: Ի դեպ, ապրիլի 24-ին առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում Արամ Սրբազանի կողմից մատուցված պատարագի կապակցությամբ հայտնել էի, որ արարողությանը մասնակցել էին դեսպաններ եւ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարարը: Սակայն պատարագին ներկա հայությունից, դիվանագետներից ու իշխանություններից ավելի կարեւոր հյուր էր եղել՝ Ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարքը՝ Բարդուղիմեոս Առաջինը: Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքը նույն դերն ունի ուղղափառ քրիստոնյաների կյանքում, ինչ Հռոմի պապը՝ կաթոլիկների: Պատարագին ներկա էր եղել նաեւ Թուրքիայի գլխավոր ռաբբին:

Իսկ անցնելով ապրիլքսանչորսյան թեմատիկայից, թուրքահայության առօրյա կյանքում վերջին տասնամյակում, AK-ի ղեկավարության ներքո կատարված դրական տեղաշարժերից Սրբազանն օրինաչափորեն գոհ էր: «Տասը տարի առաջ մեկը չէր համաձակիլ «ցեղասպանություն» բառն ըսել, որովհետեւ բանտ կնետեին, այսօր ամենքը ցեղասպանության մասին կխոսեն»: «Այսօր առանց մեկ սպառնալիքի կամ դժվարության կրնաս ներքին գործոց համապատասխան օֆիսը երթալ եւ անձնագրիդ մեջ դավանանքդ փոխել՝ քրիստոնյա գրել»,- ասում է Սրբազանը եւ ավելացնում, որ վերջերս մի հանդիպմանը վարչապետ Դավութօղլուն ասել է, որ կառավարությունը պատրաստվում է նաեւ անձնագրում անուն-ազգանունը փոխելը դարձնել դատարանից դուրս գործընթաց:

Վերջապես, անցյալ դարի 40-50-ականներին ազգային փոքրամասնություններից, այդ թվում հայկական հաստատություններից զավթված կալվածքների մոտ 15 տոկոսը AK-ի օրոք վերադարձվել է հայությանը: Բոլոր այս դրական տեղաշարժերի արդյունքում Պոլսո մեր Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդը՝ Արամ Սրբազանը, միանգամայն գոհ է Էրդողանի իշխանությունից եւ, ի պատասխան «մեղադրանքների», թե ինքն ասես Էրդողանի եղբայրը լինի, Սրբազանն ասում է. «Եղբայրը լինեի՝ պատիվ պիտի համարեի»: Անշուշտ, Սրբազանը դա աելու ամենայն հիմք եւ իրավունք ունի:

Ո՞Վ Է ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԸ

Դրական տեղաշարժերից անցնելով առկա խնդիրներին, ամենաէական դժվարությունը, որը պատրիարքարանն ունի այսօր, սահմանադրական կարգավիճակի բացակայությունն է: Կրոնական փոքրամասնությունների պատրիարքությունները չունեն սահմանադրական կարգավիճակ, ինչը նրանց թույլ կտար իբրեւ իրավաբանական անձ հանդես գալ եւ սեփական կալվածքները, ունեցվածքը պահանջել կամ պաշտպանել: Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում արձանագրված առաջընթացը փոքրամասնությունների իրավունքների հարցում Սրբազանին լավատեսություն է ներշնչում, որ սահմանադրության փոփոխությամբ պատրիարքարանների կարգավիճակի խնդիրն էլ կկարգավորվի:
Վերջապես, մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող լուրերի կապակցությամբ, թե իբր Թուրքիայում տասնյակ կամ հարյուր հազարավոր թաքնված հայեր կան, Սրբազանը շատ հավասարակշիռ մոտեցում ուներ: Այդպես չի կարող լինել, որ ով հայտարարի, թե հայ եմ, պատրիարքությունն էլ հաստատի, թե մարդը հայ է: Հայ ճանաչվելու համար հարկավոր է վկայություն: Իհարկե, Սրբազանի աչքում հայ լինելու հաստատումը հայկական եկեղեցում մկրտված լինելու թուղթն է:

Մկրտությունը ծառայություն է, ինչի համար վճարում են, բայց նաեւ այնքան տոներ եւ առիթներ կան, երբ Պոլսո հայոց պատրիարքությունը անվճար մկրտություն է իրականացնում, որ գործնականում չի կարող մկրտության համար հայոց եկեղեցուն դիմած մի անձ մնալ առանց մկրտության: Ընդսմին, մկրտությունից առաջ էլ մարդիկ որոշ ծանուցողական դասընթացի են մասնակցում, որպեսզի հասկանան, թե ինչ է քրիստոնեություն, ինչ է հայություն, ինչ է հայոց եկեղեցի, եւ գոնե հայոց եկեղեցում մկրտվելու խորհուրդն ըմբռնեն: Իսկ եթե մարդիկ դավանանքը թաքցնում են, անուն-ազգանունը թաքցնում են, չեն մկրտվում, ի՞նչ հիմք կա հավատալու, թե նրանք հայ են:
Այս հարցում, որքան հասկացա, մոտեցումներն իրարամերժ են, եւ հիմնական խնդիրն այն է, թե չմկրտված ու հայերեն չխոսող, բայց իրենց հայ համարող մարդկանց պե՞տք է արդյոք հայ համարել եւ թույլ տալ, որ հայկական վարժարաններ հաճախեն:

Ավելի պահպանողական շրջանակները չմկրտված, հայերեն չխոսող, հայկական անուն-ազգանուն եւ քրիստոնեական դավանանք չունեցող անձանց հայ չեն համարում եւ դեմ են, որ նրանք հայկական դպրոցներ հաճախեն: Առավել դեմոկրատ անձինք, ինչպիսին, օրինակ, Պոլիսի հայկական վարժարանների հիմնադրամի տնօրեն Կարո Պալյանն է, համոզված են, որ այդ մարդիկ հայեր են, նրանց պետք չէ մերժել, այլ պետք է օգնել, որ իրենց հայկական արմատներին վերադառնան: Սա նույնպես ճիշտ մոտեցում է, եւ լավ է, որ երկու մոտեցումներն էլ պաշտպաններ ու ջատագովներ ունեն:

Ի դեպ, Կարո Պալյանը շուտով, հավանաբար, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր կդառնա, քանի որ նա առաջադրված է HDP կուսակցության ընտրացուցակի առաջին հորիզոնականներում, իսկ HDP-ն համարյա 90 տեղ ստանալու հավակնություններ ունի: Առաջին հորիզոնականներում հայազգի պատգամավորության թեկնածուներ են առաջադրել նաեւ Էրդողանի AK կուսակցությունը (Մարգար Եսայանին) եւ ընդդիմադիր հիմնական կուսակցությունը՝ CHP-ին (Սելինա Դողանին):

Հրաշալի կլինի, եթե Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավորներ ունենանք, ընդսմին, տարբեր կուսակցություններից, քանի որ, ինչպես Կարո Պալյանն է ասում, «հայերն ալ նույնքան տարբեր են, որքան Թուրքիո ընդհանուր հասարակությունը»: Իսկ տարբեր հայերին շաղկապողն ու հայության հետ շաղախողը, անշուշտ, Պոլսո հայոց պատրիարքարանն է, որ եկել է դարերից ու գնում է դեպի դարեր:

Մեկնաբանություն
X