Թուրքիայում հայկական թեմատիկայի էվոլյուցիան

Պոլիսյան օրագրությունն ավարտելուց առաջ երեւի իմաստ ունի հայ-թուրքական հարաբերությունների հատկապես Ցեղասպանության թեմայի շուրջ զարգացումների վերաբերյալ իմ որոշ դիտարկումները եւ խոհերը ներկայացնել՝ համարյա առանց տեղեկատվական բաղադրիչի:

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Օրինաչափ է, թե ոչ, բայց ամենից աննպաստ տպավորությունը, որ ստացա Թուրքիայում ճանապարհորդությունից, Դիարբեքիրից էր: Իհարկե, այնտեղ էլ կան կիրթ, հարգարժան մարդիկ, որոնցից մի քանիսի հետ զրուցելու առիթ եղավ, սակայն, միեւնույն է, ճնշող զգացողությունը Դիարբեքիրում՝ փողոցի սովորական անցորդից, կրպակավաճառից, ռեստորանի մատուցողից, ուղղակի չորս կողմդ շարժվող մարդկանցից միանգամայն վանող է: Այդտեղ նույնիսկ աղքատության, անբարեկարգության, անճաշակության հարցը չէ, ուղղակի Դիարբեքիրի բնակիչներից, որ 95 տոկոսով քրդերն են՝ տարեց լինեն, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, ինչ-որ վայրագ աուրա է հորդում, եւ դա է հատկապես վանողը:

Այլ հարց, որ քրդական շրջանակների չհռչակված մայրաքաղաք Դիարբեքիրում, առավել եւս Արեւմտյան Հայաստանի մնացյալ տարածքներում բացվող անտերունչ ու թշվառ պատկերն իմ աչքում դրական հանգամանք է: Առաջինը Դիարբեքիրում լինելուց հետո միանգամայն վստահ եմ, որ Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի դառնա: Եթե երկրի տարածքի ավելի քան 60 տոկոսն ավելի վատթար վիճակում է, քան Դիարբեքիրը, ապա ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի շանսերն ավելին չեն, քան որեւէ աֆրիկյան երկրի: Մի Պոլիսով կամ Զմյուռնիայով ոչ մեկին չես մոլորեցնի:

Երկրորդ, միայն Դիարբեքիրում լինելուց հետո ես հասկացա, թե որքան ճիշտ էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը, աելով. «Այդպես չէ, թե Թուրքիան Հայաստանին լավություն է անելու սահմանը բացելով, Թուրքիային բաց սահմանն ավելի հարկավոր է, որ իր արեւելյան շրջանները զարգացնի»: Հայաստանում ինչից, ումից, ինչպես էլ դժգոհենք, միեւնույն է, Հայաստանի ցանկացած մարզ, մարզի ամենահեռավոր գյուղ ուղղակի Իտալիա ու Ֆրանսիա է Թուրքիայի արեւելյան շրջանների համեմատ:

Հետեւաբար, մինչեւ սահմանը չբացվի, մինչեւ հայերը ներկայություն ու շարժում չունենան Արեւմտյան Հայաստանի տարածքներում, այդտեղ ոչ մի առաջընթաց էլ չի արձանագրվի: Այն, ինչ Լլոյդ-Ջորջն ասում էր հարյուր տարի առաջ, որ հայերը միակ քաղաքակիրթ տարրն են Անատոլիայում (Արեւմտյան Հայաստանում), բացարձակ ճշմարտություն է նաեւ այսօր:
Կբացի Թուրքիան Հայաստանի հետ սահմանը, թե ոչ՝ դժվար է ասել: Ի վերջո, դա զուտ դիվանագիտության հարց է, ի հակադրություն Ցեղասպանության խնդրի, որտեղ նաեւ հասարակությունը խոսքի եւ գործի հնարավորություն ունի:

Սահմանի բացմանն ամենքն էլ կողմ են, բացառությամբ ինչ-որ ՀԿ-ների, որոնց Իլհամ Ալիեւը հիմնադրում եւ ֆինանսավորում է Հայաստանին սահմանամերձ թուրքական բնակավայրերում, որպեսզի դրանք սահմանի բացման դեմ աղմկեն: Սակայն քանի որ աղմուկի մոտիվները, հովանավորն ու ռեսուրսները հայտնի են, ջանքերն առանձնակի արդյունք չեն տալիս: Գործնականում ուղղակի Թուրքիայի իշխանության հաշվարկների հարցն է՝ բացել սահմանը, թե չբացել կամ երբ բացել: Թեեւ փակ սահմանն այնքան է խոչընդոտում Եվրոպայի հետ Հայաստանի ինտեգրմանը, որ իմաստ ունի Արեւմուտքից ճնշումները բազմապատկեն, որպեսզի սահմանը բացվի:

ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ «ԷՎՐԻԿԱՆ»

Իսկ, ահա, Ցեղասպանության խնդրում շատ մեծ տեղաշարժ է: Հարցը միայն այն չէ, որ 20-25 տարի առաջ Թուրքիայում ոչ ոք Հայոց ցեղասպանության մասին նույնիսկ չէր լսել, միայն նրանք գիտեին, ովքեր արտերկրում հայերի էին հանդիպել կամ արտերկրում կրթություն էին ստացել: Ընդամենը 10-12 տարի առաջ Թուրքիայի սահմանադրության 301 հոդվածով ում ասես բանտ կնետեին Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Իսկ այսօր ամբողջ Թուրքիան է Ցեղասպանությունից խոսում: Մարդիկ ընդունում են 1915-ի Հայոց ցեղասպանությունը, թե ժխտում են՝ այլ խնդիր է, բայց, համաձայն սոցհարցումների, հասարակության միայն 25 տոկոսն է, որ ոչինչ չի լսել կամ չգիտի Հայոց ցեղասպանության մասին: Իսկ սա տեկտոնական տեղաշարժ է:

Իհարկե, այդտեղ ամեն հարգանքի եւ գնահատման են արժանի նախ այն ՀԿ-ները եւ անհատները, որոնք 20-30 տարի առաջվա դժնդակ պայմաններում են Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» բառերն արտասանել ու դրա ճանաչման համար պայքարել: Ինչ խոսք, AK-ի իշխանության ներքո Թուրքիայի ընդհանուր ժողովրդավարացման ընթացքը, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո հայ-թուրքական հասարակական շփումները խթանելու Արեւմուտքի հետեւողական քաղաքականությունը բերեցին նրան, որ այսօր Թուրքիայում ամենուր հայկական թեմատիկայից ու Ցեղասպանությունից է խոսվում: Սակայն, կարծում եմ, այդ ամենը բավարար չէր լինի, եթե Թուրքիայի այսօրվա իշխանությունը՝ AK-ն, Հայոց ցեղասպանության խնդրի լուծումն իր համար գտած չլիներ:

Ժամանակը ցույց կտա, թե որքանով են իմ տպավորությունը եւ դիտարկումները ճիշտ, սակայն ինձ թվում է, որ AK-ի՝ իշխանության մնալու պարագայում մի քանի տարվա հարց է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Իմ դիտարկմամբ, AK-ն հասարակական մակարդակում չի խոչընդոտում, նույնիսկ նպաստում է Հայոց ցեղասպանության թեմայի արծարծմանն ու ճանաչմանը, որովհետեւ, ի վերջո, հասկացել է, որ նախ իրականություն մերժելը հեռանկարային գործ չէ, եւ հետո, ինչն ավելի էական է՝ հաշվարկել են, որ Հայոց ցեղասպանությունն ընդունելը եւ նույնիսկ վերապրողների շառավիղներին հատուցում տալը մեծ խնդիր չէ Թուրքիայի համար:

Թերեւս Էրդողանն ինքը եւ մնացյալն էլ գիտակցել են, որ Ահմեդ Դավութօղլուի մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի համար լավագույն բանաձեւն ու տարբերակն է այդ թեմայի հետ կապված խնդիրները կարգավորելու: Դավութօղլուի մոտեցումն ի՞նչ է. նա ասում է, որ այն, ինչ կատարվել է 1915-ին, կատարվել է Օսմանյան կայսրության քաղաքացիների հանդեպ, Թուրքիան, իբրեւ Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատրաստ է իր քաղաքացիների շառավիղների իրավունքները ճանաչելու եւ վերականգնելու Թուրքիայի իրավազորության շրջանակում: Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ փոխհատուցումը դիտարկել իբրեւ Օսմանյան կայսրության քաղաքացիների անհատ շառավիղների հետ կարգավորվող խնդիր: Սա է Դավութօղլուի «էվրիկան», որ Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման հարցում վերացնում է գրեթե ամեն բարդություն:

ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՑ Է ՕՍՄԱՆՅԱՆ ՀԱՅԵՐԻ ՇԱՌԱՎԻՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ

Էրդողանն ի՞նչ է ասում՝ «Թուրքիան բաց է օսմանյան հայերի շառավիղների առաջ»: Դիցուք, այդ տրամաբանությամբ Թուրքիան գնա ամենաարմատական քայլին, արեւմտահայերի շառավիղներին առաջարկվի ընդունել Թուրքիայի քաղաքացիություն, թեկուզեւ երկքաղաքացիություն եւ ետ ստանալ իրենց նախնիների անշարժ գույքը, եթե պատկանելությունը փաստաթղթերով հաստատվի: Որքան հայ շահագրգռություն կունենա Թուրքիայի քաղաքացիություն ստանալու եւ Արեւմտյան Հայաստան տեղափոխվելու: Թող ամենաանհնար ու ֆանտաստիկ թվերն իրականություն դառնան՝ դիցուք, մեկ միլիոն, երկու միլիոն, անգամ Հայաստանի չափ՝ երեք միլիոն մարդ գնա Թուրքիայի հայկական վիլայեթներում, նախնյաց կալվածքներում ապրելու: Դա ո՞ւմ օգուտ կտա, Թուրքիայից բացի: Յոթանասուն քանի միլիոնանոց Թուրքիայում երկու-երեք միլիոն հայությունն ի՞նչ խնդիր պետք է ստեղծի: Ընդհակառակը, հայկական էթնոսի հաստատումն Արեւմտյան Հայաստանում, մի կողմից, քրդերի ինքնավարության հավակնություններն ու ծրագրերը կվիժեցնի մինչեւ վերջ, մյուս կողմից՝ հայկական էթնոսի, կապիտալի, աշխատուժի ներհոսքը միայն Թուրքիայի զարգացմանը կպաստի:

Եթե այն տարբերակն էլ լինի, որ հայերից շատերը հրաժարվեն հայրենադարձվել Թուրքիայի իրավազորության ներքո գտնվող Արեւմտյան Հայաստան, եւ միայն նյութական փոխհատուցման խնդիրը մնա, դա էլ ահռելի գումարների հարց չէ: Ամբողջ 19-րդ դարում արեւմտահայության ունեւոր հատվածը վիլայեթներից անվերջ հեռացել է դեպի Պոլիս եւ Իզմիր (Զմյուռնիա): Հարուստ հայերը Պոլիսում էին կամ Իզմիրում, նրանք վիլայեթներում չէին: Իսկ Պոլիսի կամ Իզմիրի հայությանը, նրանց ունեցվածքին Ցեղասպանության տարիներին գրեթե ձեռք չեն տվել: Հետագայում, 20-րդ դարի կեսերին, Թուրքիայի Հանրապետությունն այդ ունեցվածքը բռնազավթեց, բայց դա այլ պատմություն է: Մնում է վիլայեթների հայության ունեցվածքը, որտեղ հիմնականում աղքատություն է տիրել: Ամեն դեպքում այն, ինչ եղել է, դեռ պետք է ինչ-որ արխիվներով, ֆինանսական փաստաթղթերով, գրանցամատյաններով հաստատվի, որ վերադարձման կամ փոխհատուցման ենթակա դառնա: Իսկ եթե նախնիների մահվան համար հատուցում տրվի շառավիղներին, ապա այսօր ապրող շառավիղները պետք է գոնե նախնիների անուն-ազգանունները, հարազատներին, բնակավայրերը գիտենան, որ մահերը հաստատեն ու փոխհատուցում պահանջեն:

Ամեն պարագայում, Թուրքիայի իրավազորության շրջանակում Ցեղասպանության զոհերի շառավիղների իրավունքները ճանաչելը եւ փոխհատուցելը տարիների, տասնամյակների աշխատանք է բացում, որ ավարտում է թեման: Թուրքիայում որոշել են, որ այդ ուղղությամբ էլ պետք է շարժվել: Դրա համար էլ Ցեղասպանության թեմայի արծարծումներից բոլոր սահմանափակում-ճնշումները հանվել են, փոխարենը Հայոց ցեղասպանությունն իբրեւ սեփական պատմության մի դրվագ ուսումնասիրելու, հաղթահարելու միտումներ են ցուցաբերվում: Այնպես որ, CHP-ի 90 տարվա ոսկրացած մոտեցումները AK-ն հիմնավորապես վերանայել է:

Այլեւս չասած, որ ընդդիմադիր CHP-ում, գոնե մինչեւ Քեմալ Քիլիչդարօղլուի առաջնաբեմ գալը, քեմալականներ էին, իսկ քեմալականներն էլ Հայոց ցեղասպանությունն իրագործած իթթահատականներից են սերել, հետեւաբար, ամեն անգամ «Իթթահատ վե Թերաքքի» ասելիս կողմնակիորեն նաեւ CHP-ի ակունքներն են բացասական լույսի ներքո հոլովում, ինչը համահունչ է Էրդողանի եւ AK-ի շահերին:

Եվ թերեւս միայն թուրքական հասարակության, քաղաքացիական իրավունքների համար պայքարող անհատների եւ խմբերի պարագայում է Հայոց ցեղասպանության թեման, դրա ճանաչման համար պայքարը երկրի գործած մեղքերից հեռանալու ու մաքրագործվելու հնարավորություն, որը գրավում է խիզախ, ազնիվ ու կիրթ մարդկանց:

Մեկնաբանություն
X