Ռիգայից հետո կմեկնարկեն ՀՀ-ԵՄ բանակցությունները

Հաջորդ շաբաթ Ռիգայում գումարվող ԱլԳ գագաթնաժողովում կամ գուցե մինչ այդ պաշտոնապես կհայտարարվի Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մանդատի հաստատման մասին: Այս հանգրվանին Հայաստանը եւ ԵՄ-ն հասան հսկայական աշխատանքի արդյունքում:
Երեքեւկես տարի բանակցված Ասոցացման համաձայնագիրն ընդամենը 4-5 ամսում համատեղ վերանայվեց-գնահատվեց, եւ կողմերը համաձայնեցին, թե Ասոցացման համաձայնագրի ծավալի երեք քառորդը կազմող DCFTA-ից (Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրից) որ հատվածները կտարվեն ՀՀ-ԵՄ «նոր, հավակնոտ» համաձայնագիր, ինչպես այն կոչում են Բրյուսելում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը բոլոր տնտեսական քննարկումների, համաձայնությունների ակունքներում է, եւ, բնականաբար, իրենից էլ խնդրեցինք հարցազրույց Ռիգայի գագաթնաժողովի նախաշեմին:

- Պրն նախարար, մարտի 18-ին Հայաստանում էր ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննը, եւ նրա այցի կապակցությամբ հայտարարվեց, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ավարտվել է ապագա համաձայնագրի շուրջ մտքերի փոխանակությունը: Հիմա, երբ գործընթացը բարեհաջող ավարտվել է, կարելի՞ է վերջապես դրա սկզբի եւ ընթացքի մասին հարցնել: Ճի՞շտ եմ, որ բանակցությունները հայկական կողմից վարել եք Դուք, եվրոպական կողմից՝ Գունար Վիգանդը:

  • Այո, հայկական կողմից բանակցությունները վարել եմ ես՝ որպես էկոնոմիկայի նախարար, ԵՄ-ի կողմից՝ Գունար Վիգանդը, Եվրոպական արտաքին գործունեության ծառայության, Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրենը: Բանակցությունները մեկնարկել են 2014թ. նոյեմբերին, Բրյուսելում: Սակայն նշեմ, որ ՀՀ-ԵՄ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ապագա ձեւաչափի եւ իրավական շրջանակների հստակեցման ուղղությամբ բանակցություններ սկսելու համաձայնությունը ձեռք էր բերվել ավելի վաղ՝ 2014թ. հունիսին: Իմիջիայլոց, հունիսի հանդիպմանը ոչ միայն Գունար Վիգանդն էր մասնակցում, այլեւ Կարլ դը Գուխտը՝ ԵՄ առեւտրի հարցերով նախկին հանձնակատարը:
    Այդ ժամանակ դեռեւս որոշվեց, որ հայկական կողմը կուսումնասիրի եւ ԵՄ կողմին կներկայացնի այն կոնկրետ ոլորտներն ու ուղղությունները, որտեղ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին խնդիրներ եւ անհամատեղելիություններ կարող է ստեղծել ԵՄ-ի հետ ապագա համագործակցության դաշտում: Եվրոպական կողմի մոտեցումն այն էր, որ հայկական կողմը ներկայացնի, թե որտեղ են ծագում խնդիրներ եւ խոչընդոտներ, եւ որ ոլորտներում այդպիսիք չկան: Ես վերապահում ունեի եւ խնդրեցի, որ եվրոպական կողմն էլ նույն աշխատանքը կատարի, որովհետեւ կարող են լինել ռիսկեր, որ մենք չենք տեսնում, բայց եվրոպական կողմը կտեսնի: Իմ այդ առաջարկն այն ժամանակ ընդունվեց:

- Նոյեմբերին սկսվեց joint scoping exercise ասվածը, այսինքն, առկա հիմքի՝ Ասոցացման համաձայնագրի համատեղ վերանայում-գնահատումը: Դրա նպատակը DCFTA-ի եւ ԵՏՄ պայմանագրի միջեւ առկա անհամատեղելիությունները վեր հանե՞լն էր:

  • Մտքերի փոխանակության փուլը, որ տեւեց նոյեմբերից մինչեւ մարտ, ընդգրկուն գործընթաց էր, փորձագետներն աշխատում էին ե՛ւ հանդիպումների, ե՛ւ տեսակոնֆերանսների ձեւաչափերով: Մի կողմից պարզվում էին այն կետերը, որոնց շուրջ ԽՀԱԱԳ (DCFTA) համաձայնագրի եւ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պարտավորությունների միջեւ առկա է անհամատեղելիություն: Մյուս կողմից ամբողջացվում էին DCFTA-ի այն կետերը, որոնցով կարգավորվող համագործակցությանը ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը չի հակասում:

- Իսկ ԵՏՄ-ի պատճառով Ասոցացման համաձայնագրում շա՞տ խնդիրներ ծագեցին:

  • Առանձնապես՝ ոչ:
    Իհարկե, դա էլ նշեմ, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի հոդվածներն էլ վերանայման-գնահատման ենթարկվեցին, որպեսզի արձանագրություններում եւ հավելվածներում կատարվող փոփոխությունները քաղաքական մասի հետ հակասություն չստեղծեն: Բայց դա արդեն ՀՀ ԱԳՆ-ի մասով էր:
    Այդ վերանայման փուլն այժմ ավարտված է, եւ, ինչպես հայտնի է, Եվրոպական հանձնաժողովն անդամ երկրներից մանդատ է խնդրել Հայաստանի հետ նոր պայմանագիր բանակցելու համար: Այդ նոր մանդատի ներքո, Ասոցացման համաձայնագրի՝ հակասություն չունեցող հատվածները կներառվեն նոր համաձայնագրում: Դրանց կգումարվեն ծագած խնդիրների համար գտնված լուծումները: Իսկ թե նոր պայմանագիրն ինչպես կկոչվի, կտեսնենք, բայց ստեղծման մեխանիզմը սա է:

- Հանձնակատար Հաննը ասել էր, որ մանդատն ստանալուն պես Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի բանակցությունները կմեկնարկեն: Արդյոք դա կլինի մի՞նչեւ ԱլԳ Ռիգայի գագաթնաժողովը: Եվ, ի՞նչ եք կարծում՝ ե՞րբ բանակցությունները կավարտվեն:

  • ԵՄ-ի հետ պայմանագիրը բազային փաստաթուղթ է, որը հարյուրավոր ուրիշ համաձայնագրերի հիմք է, եւ պետք է առանց շտապելու, ուշադրությամբ բոլոր կետերը կարգավորել: Բայց, իհարկե, մյուս կողմից էլ նաեւ դանդաղելու ցանկություն ոչ ոք չունի: Կարծում եմ, որ բանակցությունները կմեկնարկեն ԵՄ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովից հետո:

GSP+ ՌԵԺԻՄԸ ԵՎ ԵՄ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԸ

- Պրն Ճշմարիտյան, եթե ԵՄ-ի հետ նոր պայմանագիր ենք ստորագրում, դա նշանակո՞ւմ է, որ GSP+ ռեժիմի ընդհատում չի սպասվում:

  • GSP+ ռեժիմի ընդհատում ոչ մի պարագայում չի սպասվում, որովհետեւ այդ ռեժիմը մի օրվա ընթացքում փոփոխության չի ենթարկվում, այլ առնվազն երկու տարի առաջ է տեղյակ պահվում: Ավելին ասեմ, անցյալ տարեվերջին ԵՄ կառույցների կողմից հերթական մոնիտորինգն իրականացվեց Հայաստանում GSP+ ռեժիմի գործողության վերաբերյալ, բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացրինք եվրոպական կողմին, ամեն ինչ դրական էր, եւ ռեժիմի հետ կապված փոփոխության վտանգ գոյություն չունի:
    Ի դեպ, մենք միայն Եվրամիության հետ չէ, որ առեւտրային հարաբերությունների առավել բարենպաստ ռեժիմ ունենք: Նման համաձայնություններ ունենք նաեւ այլ երկրների հետ: Ուղղակի այդ երկրների հետ այնպիսի մեծ առեւտրաշրջանառություն չունենք, ինչպես Եվրոպայի հետ: Բայց Հայաստանի տնտեսության ամենից ուրախալի իրողությունն այն է, որ մեր առեւտրաշրջանառության 40%-ից ավելին ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԵՄ-ի, այլ երրորդ երկրների հետ է: Եվ ամեն ինչ պետք է անել, որ այդ դիվերսիֆիկացիան էլ ավելի ընդլայնվի ու ամրապնդվի:

- Եվ ի՞նչն է դրան խոչընդոտում:

  • Ամենից ավելի հայաստանյան գործարարների անպատրաստությունը՝ միջազգային բիզնես միջավայրում գործելու: Սովորել են գործընկեր գտնեն մի երկրում, նրան ինչ-որ ապրանք ուղարկեն, նա էլ այնտեղ իրացնի, իրենց բաժնեմասն էլ ուղարկի, եւ համարեն, որ բիզնես են ծավալում: Աշխարհում այդպես չէ: Պետք է գնալ, շուկա մուտք գործել, բրենդ ստեղծել, ճանաչելի դարձնել, սպառողներ ձեռք բերել, ընդլայնել, մի խոսքով՝ դասական բիզնեսի կանոններով շարժվել:

- Դե, դրանք մասնավոր սեկտորի խնդիրներն են: Իսկ պետության կողմից միջազգային, մասնավորապես, եվրոպական արենայում կա՞ն քայլեր, որ պետք է արվեն մեր գործարարների մուտքը եվրոպական շուկա դյուրացնելու համար:

  • Առաջին հերթին, ինչ-խոսք, պետք է հասնենք ԵՄ-ի կողմից «շուկայական տնտեսության» (Market Economy Status) կարգավիճակ ստանալուն: Ճիշտն ասած, երբ դեռ 2013թ.-ին այդքան խոսվում էր, որ ԽՀԱԱԳ համաձայնագիր ենք ստորագրելու Եվրամիության հետ, միշտ էլ տարակուսել եմ, թե ինչպես ենք այն ստորագրում, եթե Հայաստանը դեռ «շուկայական տնտեսության կարգավիճակ» չունի:
    Իսկ երբ երկիրն այդ կարգավիճակը չունի եւ ապրանքներ է արտահանում Եվրամիություն, այդ ապրանքների հանդեպ կարող են բարձր մաքսատուրքեր սահմանվել, որպես հակա-դեմփինգային միջոցառում: Շահավետ արտահանումների համար դեպի Եվրոպա Market Economy-ի կարգավիճակը որոշիչ պայման է: Դրան անպայման պետք է հասնել, համապատասխան դիմումի փաթեթն արդեն ներկայացրել ենք: Եվրամիությունում եւս երկու ծրագրեր կան, որոնց ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի միանանք՝ Horizon 2020-ը եւ COSME-ն:

- Բայց մենք Horizon 2020-ում չկա՞նք: Հիշում եմ՝ անցյալ ամռանը ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան հարցազրույցում ասաց, որ Marie Currie, էլի ինչ-որ ծրագրերի, Horizon 2020-ի հովանու ներքո, Հայաստանը մասնակցում է:

  • Գիտակրթական բլոկին այդքան տեղյակ չեմ, եթե դեսպանն ասել է, ուրեմն մասնակցում ենք, բայց Horizon 2020-ը միայն գիտակրթական բլոկը չէ, այդտեղ 80 միլիարդ եվրոյի բյուջե է եւ մի քանի ոլորտային բլոկներ: Տնտեսական միջավայրի հետ կապված բաժին կա, էներգետիկ անվտանգության ծրագրեր, բնապահպանության եւ այլն: Horizon 2020-ին լիարժեք մասնակցելու համար պետք է միանալու անդամավճար մուծել, դա չենք մուծել: Անդամակցության վճարը 12 միլիոն եվրո է, գուցե հասնենք նրան, որ մեզ համար ինչ-որ զեղչեր արվեն, բայց անպայման պետք է մուծումը կատարենք եւ անդամակցենք, որովհետեւ հսկայական հնարավորություններ են բացվում:

WTO-Ի ՀԵՏ ՎԵՐԱԲԱՆԱԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԸ

- Պրն նախարար, որքան հիշում եմ, ժամանակին շատ էր ասվում, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը WTO-ի (Առեւտրի համաշխարհային կազմակերպություն) հետ խնդիրներ է ստեղծում:

  • Խնդիրներ՝ չէի ասի, բայց հետեւյալը պետք է գիտակցել. եթե պետությունը WTO-ի հետ հաջողությամբ բանակցել է եւ անդամակցում է այդ կազմակերպությանը եւ դրանից հետո, արդեն WTO անդամ լինելով, որոշում է անդամակցել որեւէ տարածաշրջանային մաքսային միության, տարբերություն չկա՝ դա ԵՏՄ է, ԵՄ-է, թե ուրիշ մի կառույց, բնականաբար, WTO-ի շրջանակներում բանակցված մաքսային տարիֆներից որոշները փոփոխելու կարիք է առաջանում: Այդ փոփոխություններն էլ պետք է վերաբանակցել եւ համաձայնեցնել WTO անդամների հետ:

- Եթե խնդրեմ՝ կբացատրե՞ք ավելի որոշակի՝ ինչն է վերաբանակցվում եւ ինչի համար:

  • Որեւէ մաքսային կառույցի անդամակցելիս ամենեւին պետք չէ սպասել, որ այդ կառույցի մյուս անդամներն էլ նույն մաքսատուրքերը կունենան, ինչ ինքդ: Եթե նրանց մաքսատուրքերն ավելի ցածր են, ապա քո մաքսատուրքերի իջեցումը WTO-ի տեսանկյունից խնդրահարույց չէ եւ WTO-ի հետ համաձայնություններում ոչինչ չի փոխում:
    WTO-ի հետ համաձայնությունները վերանայելու խնդիր է առաջանում, երբ նոր մաքսային միությանն անդամակցելով՝ մաքսատուրքերը պետք է բարձրացնես ավելին, քան համաձայնեցված սահմանային մաքսատուրքերն են: Այդ դեպքում մի ապրանքի համար սահմանային մաքսատուրք բարձրացնելիս WTO-ի հետ բանակցում ես դրա փոխհատուցման կարգը, որը, որպես կանոն, կատարվում է համադրելի այլ ապրանքի մաքսատուրքի իջեցմամբ:
    Ենթադրենք՝ բարձրացրել ես բաժակի ներմուծման մաքսատուրքը, փոխարենը իջեցնում ես ֆուժերի ներմուծման մաքսատուրքը: Ուղղակի մաքսատուրքերի փոփոխությունների վերաբերյալ WTO-ի հետ բանակցություններում ժամանակային սահմանափակում չկա: Դրանք կարող են տեւել տարիներ, եւ այդ ընթացքում ուժի մեջ են մնում գործող մաքսատուրքերը:

- Շնորհակալություն հարցազրույցի համար, եւ իմ վերջին հարցը՝ Իրանի դեմ պատժամիջոցների թեթեւացումը կամ հանելն ի՞նչ կտա Հայաստանին տեսանելի ապագայում:

  • Ամենակարճ ձեւակերպմամբ՝ դա կլինի լրացուցիչ թթվածին:
Մեկնաբանություն
X