ԵՄ ասոցացման երկրորդ շանս Հայաստանի համար

Մայիսի 21-ին Ռիգայում մեկնարկող Արեւելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովը, թերեւս, ամենաէականն է ԱլԳ գագաթնաժողովների վեցամյա պատմության մեջ (2009՝ Պրահա, 2011՝ Վարշավա, 2013՝ Վիլնյուս), որովհետեւ մինչեւ Վիլնյուս կազմվում էին ծրագրեր, եւ միայն Վիլնյուսից հետո սկսվեց ծրագրերի կենսագործումը, որը հաջողությամբ ընթանում է, չնայած Կրեմլի հիստերիաներին:
Հատկանշական է, որ 2013-ի Վիլնյուսի գագաթնաժողովի օրերին Ուկրաինայում ռուսական վերահսկողություն հաստատելու Մոսկվայի ջանքերն ավարտվեցին նրանով, որ 2015-ի Ռիգայի գագաթնաժողովի օրերին Կիեւում ընդունվել է ապակոմունիստականացման մասին օրենք, եւ ռուսներն այժմ դուրս են մղվում ոչ միայն Ուկրաինայի ներկայից, այլեւ անցյալից ու պատմությունից:

Վաղ կամ ուշ, թերեւս, Ռուսաստանը դուրս կմղվի ԱլԳ ամբողջ տարածքից, եւ այդ հեռանկարին ի տես չարժե, որ ԱլԳ երկրներում այսօր անիմաստ ժամանակ վատնվի: Թերեւս հենց այս նկատառումից ելնելով էլ ԵՄ-ն, առանձնապես նշանակություն չտալով ԵՏՄ-ի գոյությանը, նոր համալիր ու համապարփակ համաձայնագրի հեռանկար առաջարկեց Երեւանին, ինչը Հայաստանի համար եվրաասոցացման գրեթե երկրորդ շանս է:

Ապագա համաձայնագրին առնչվող հարցերի շուրջ էլ զրուցեցինք Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի հետ՝ Ռիգայի գագաթնաժողովի նախաշեմին:

- Պրն դեսպան, մարտի 18-ին հանձնակատար Հաննը այցելել էր Երեւան, եւ այդ առթիվ Բրյուսելից տարածված մամլո հաղորդագրությունից վերջապես տեղեկացանք, որ «ԵՄ-ն եւ Հայաստանը վերջերս հաջողությամբ ավարտել են համատեղ վերանայման փուլը եւ որոշակիացրել ապագա երկկողմ համագործակցության պոտենցիալ ոլորտները»: Այդ վերանայման փուլը ընթանում էր մի քանի ամիս, այժմ երբ այն ավարտվել է, չէիք ասի, արդյո՞ք վերնայվում էր հենց DCFTA-ն (ԽՀԱԱԳ)՝ որոշելու համար, թե դրա որ հատվածները կարող են տարվել ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիր:

  • Անշուշտ, մենք հաջողությամբ ավարտել ենք վերանայման գործընթացը: Վերջերս ավարտվեց նաեւ ԵՄ-Հայաստան ապագա հարաբերությունների իրավական հիմքի եւ շրջանակի շուրջ մտքերի ակտիվ փոխանակությունը (թե անմիջական հանդիպումների, թե տեսակոնֆերանսների միջոցով), որը ներառում էին համագործակցության բոլոր ոլորտները:
    Հենվելով վերանայման փուլի արդյունքների վրա, շուտով Եվրոպական հանձնաժողովը կհաստատի ԵՄ բանակցային մանդատի նախագիծը:
    Նոր համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից բխող նոր հանձնառությունները: Միանգամայն ճիշտ ես նկատել, որ նախկինում բանակցված (բայց չնախաստորագրված) Ասոցացման համաձայնագրից, DCFTA-ի (Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու) հատվածը պետք է զգալիորեն վերափոխվեր: Կան նաեւ նախատեսված այլ փոփոխությունnեր, բայց դրանց չանդրադառնանք, քանի դեռ բանակցությունները չեն սկսվել:

- Կարո՞ղ եմ Ձեզ խնդրել մասնավորեցնել, թե համատեղ վերանայման արդյունքում ինչ ոլորտներ են որոշակիացվել «ապագա ԵՄ-Հայաստան համագործակցության» համար: Հնարավո՞ր է մոտավոր ասել, թե DCFTA-ի որքան մասը կպահպանվի նոր ԵՄ-Հայաստան համաձայնագրում:

  • Նախատեսվում է, որ ապագա համաձայնագիրը կլինի համալիր, համաբովանդակ (overarching) փաստաթուղթ, որը կներառի ինչպես քաղաքական խնդիրները, տնտեսության եւ հասարակական կյանքի այլեւայլ ոլորտներում համագործակցությունը, այնպես էլ տնտեսական հարցերը եւ առեւտուրը: Վիլնյուսում 2013-ին ընդունված ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարությամբ թվարկվել էին ապագա պոտենցիալ համագործակցության ոլորտներից մի քանիսը, նաեւ քաղաքական ուղենիշ էր ապահովվել վերջերս ավարտված վերանայման գործընթացի համար:

- Ներողություն, բայց չեմ կարող սա չհարցնել. ՌԴ տնտեսական ճգնաժամի հետեւանքով, ԵՏՄ-ին միանալուց ի վեր Հայաստանի արտահանումները ՌԴ փլուզվեցին 70-80%-ով, գրեթե չկան արտահանումներ դեպի Բելառուս եւ Ղազախստան: Ակնհայտ է, որ նավթի գները եւ պատժամիջոցները շարունակելու են խորացնել Ռուսաստանի ճգնաժամը՝ հավասարապես ոչնչացնելով նաեւ ԵՏՄ-ն: Հետեւաբար, իմաստ ունի՞ այդքան մտահոգվել, որ հակասություններ չառաջանան Հայաստանի ԵՏՄ հանձնառությունների եւ այն պատասխանատվության միջեւ, որ երկիրը կստանձնի ԵՄ-ի առջեւ:

  • Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրն Ասոցացման համաձայնագրի ինտեգրալ մասն էր: Քանի որ Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը եւ արդեն միացել է, մենք չկարողացանք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Հետեւաբար, մենք պետք է համաձայնության գանք նոր իրավական փաստաթղթի շուրջ, որը Հայաստանի ԵՏՄ իրավական հանձնառությունների հետ համատեղելի լինի:

- Հանձնակատար Հանն ասել էր, որ վերանայման փուլի բարեհաջող ավարտը կողմերին թույլ է տալիս «շուտով սկսել բանակցությունները ԵՄ-Հայաստան նոր, համապարփակ համաձայնագրի շուրջ»: ԵՄ կողմն արդեն դիմե՞լ է անդամ երկրներին: ԵՄ բանակցային մանդատի հաստատումը որքա՞ն կարող է տեւել: Այնուհետեւ որքա՞ն կարող են տեւել բուն բանակցությունները:

  • Ինչպես արդեն ասացի, հենվելով վերանայման գործընթացի արդյունքների վրա, Եվրոպական հանձնաժողովը շուտով կհաստատի ԵՄ-ի բանակցային մանդատի նախագիծը, միգուցե նույնիսկ մինչեւ Ռիգայի գագաթնաժողովը:
    Այնուհետեւ այն կուղարկվի ԵՄ անդամ պետություններին: Ճշգրիտ ժամանակը, որ կպահանջվի ԵՄ անդամ երկրների վերջնական հաստատման համար, դժվար է կանխատեսել: Ամեն դեպքում, Ռիգայի ամփոփիչ փաստաթղթերը կատարելապես կարտացոլեն այն կարեւոր քայլերը, որ կատարվել են ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների սկսման համար:

- «ԵՄ-ն մտադիր է ձեւավորել Հայաստանի հետ ապագա համագործակցության դրական օրակարգ, եւ սա, համապատասխանաբար, կարտահայտվի այն հավակնոտ համաձայնագրում, որը շուտով բանակցվելու է»: Վերջապես հնչած ԵՄ-ի այս փայլուն խոստումը նշանակում է ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման գրեթե երկրորդ շանս: Ակներեւաբար, նման տեղաշարժի, արագության եւ արդյունքների հնարավոր եղավ հասնել նախ Հայաստանում ԵՄ պատվիրակության նվիրվածության եւ աշխատանքի շնորհիվ: Ինչպե՞ս կարողացաք...

  • Երկու կողմերն էլ որոշեցին 2013-ի տարեվերջից հետո շրջել էջը եւ ձեւավորել դրական սպասումների օրակարգ՝ իրենց ապագա պոտենցիալ համագործակցության համար: Այդ հիմքից ելնելով էլ՝ ԵՄ-Հայաստան մտքերի փոխանակությունը նոր համաձայնագրի կարգավորման դաշտի եւ իրավական հիմքերի շուրջ ընթացավ համեմատության մեջ բավականին արագ: Սակայն, ինչպես ցանկացած բանակցային գործընթացի դեպքում, այստեղ էլ դժվար է կանխատեսել, թե բուն բանակցությունները որքան կտեւեն: Մենք ակնկալում ենք ճկուն եւ փոխադարձաբար շահեկան ընթացք եւ արդյունք:

- ԱլԳ Ռիգայի գագաթնաժողովից ի՞նչ սպասումներ կարող են լինել Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Հավանական է, որ լինի հռչակագիր ապագա համաձայնագրի էության մասի՞ն:

  • Այո, այն կարեւոր քայլերը, որոնց մասին ասացի, որոնք ձեռնարկվել են նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների հնարավորինս վաղ մեկնարկի համար, պատշաճ կարտացոլվեն գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթերում:

- Շնորհակալություն եւ, ինչ խոսք, ամենայն հաջողություններ Ռիգայի գագաթնաժողովին:

Մեկնաբանություն
X