Սիրիան կլինի Պուտինի վերջի՞ն ավանտյուրան

Սեպտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվայում էր: Չեմ կարող պնդել, թե ինքս ուշադրությամբ հետեւում եմ Սարգսյանի այցերին, բայց սա կարծես Հայաստանի՝ ԵՏՄ կոչվող խեղկատակությանն անդամակցելուց ի վեր Սարգսյանի երկրորդ այցն էր Մոսկվա: Ընդսմին, առաջինը բուտաֆորային այց էր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի մոսկովյան տոնակատարությանը մասնակցելու առիթով:

Հետեւաբար, սեպտեմբերի 7-ին, տարվա ընթացքում առաջին անգամ, աշխատանքային հանդիպում եւ բանակցություններ էին կայանում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ: Ավելի քան խոսուն հանգամանք է, որ այդ հանդիպում-բանակցության արդյունքների մասին բացարձակապես ոչինչ չհաղորդվեց: Կեսգիշերին մոտ Կրեմլի եւ ՀՀ նախագահի պաշտոնական կայքերը նույն տեքստը տարածեցին, որում հանդիպման առաջին րոպեներին, լրագրողների ներկայությամբ արտասանած փոխադարձ ողջույնի խոսքերից հատվածներ էին: Ողջույնի խոսքում, բնականաբար, այն է, ինչ արդեն կա կամ եղել է: Մինչդեռ ինչ էր քննարկվելու հանդիպմանը, ինչ արդյունքներ եղան բանակցություններում՝ այդպես էլ մնաց անհայտ: Իհարկե, այնպես չէ, թե ուրիշ անգամներ բանակցությունների մասին հաշվետվություն էր հաղորդվում, բայց որ ողջույնի խոսքերով ավարտվի հաղորդագրությունը՝ ողջույնից հետո սկսվող բանակցությունների մասին… դա արտառոց է:

Հանդիպումից հետո միայն ողջույնի խոսք տարածելը կարող է ունենալ երկու բացատրություն՝ կամ ոչնչի շուրջ էլ չեն բանակցել, որովհետեւ բանակցության էական առարկա չկա, կամ էլ բանակցել են, բայց արդյունք չկա: Մեծ հաշվով, դժվար է պատկերացնել, թե Պուտինի հետ բանակցելու որ թեման չէր լինի անցողիկ ու ձեւական: Տնտեսական փլուզման մեջ, միջազգային изгой-ի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, որը մեկեւկես տարվա ռազմական ավանտյուրայի արդյունքում պարզեց, որ ռազմական, կազմակերպչական ու ֆինանսական իր հնարավորությունները թույլ չեն տալիս վստահորդների միջոցով պատերազմ մղել, նույնիսկ, երբ պատերազմը մղվում է սահմանակից Ուկրաինայում, եւ վստահորդներն էլ ռուսներն են:

Այժմ Կրեմլը ծանր զինատեսակներն է հեռացնում Ուկրաինայից եւ փակում է Նովոռոսիայի ավանտյուրային նախագիծը, կեցվածք ընդունելով, թե իբր Ուկրաինայից Նովոռոսիայի տարածք բռնազավթելու ծրագիր ինքը չի էլ ունեցել: Էականը Կրեմլի նախագծերը չէին, այլ դրանց տապալվելը՝ Ռուսաստանի համար չերեւակայած հետեւանքներով: Ուկրաինայում իր վստահորդների միջոցով պատերազմ սկսելով, Ռուսաստանը հազիվ թե պատկերացնում էր, որ դրա արդյունքը կլինի ոչ միայն մի քանի հազար մարդու մահը, այլեւ միջազգային պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի համար կործանման ճիշտ նույն ճանապարհն են ապահովել, ինչ ժամանակին Արեւմուտքի տնտեսական ճնշումները ԽՍՀՄ-ի համար:

Այժմ, քանի որ վստահորդներով պատերազմելու Ռուսաստանի հնարավորությունը կամա-ակամա փորձարկվեց Ուկրաինայում, եւ ամենքին տեսանելի դարձավ դրա անհուսալիությունը, Պուտինը երկրորդ եւ վերջին մեթոդն է փորձարկում՝ արդեն Սիրիայում: Ռազմական խորհրդականների անվան ներքո Ռուսաստանը Սիրիայի տարածք է գործուղել, ըստ արեւմտյան աղբյուրների, հազարից ավելի զինվորականներից բաղկացած ռուսական կոնտինգենտ, որոնք դժվար թե միայն խորհուրդներ տան նախագահ Ասադին: Ամենայն հավանականությամբ, նրանք կընդգրկվեն Սիրիայի քաղաքացիական պատերազմում, մանավանդ եթե իրանյան ուժերը Սիրիայից հեռանան: Այսինքն, այժմ ոչ թե ЛНР, ДНР կոչվող վստահորդների միջոցով, այլ սեփական սահմանափակ զինուժով է Ռուսաստանը ներգրավվում պատերազմական գործողություններում եւ հետաքրքիր է, թե ինչ պիտի կարողանա անել: Եթե Սիրիայում անմիջական ներգրավման դեպքում էլ Ռուսաստանը տապալվի, ինչպես Ուկրաինայում վստահորդներով պատերազմելիս տապալվեց, ապա Մոսկվան երեւի թե այլեւս երկար հեռու կմնա ռազմական ավանտյուրաներից:

Եթե, իհարկե, ներկա տնտեսական ճնշումների, ռուբլու անկման եւ նավթի էժանացման պայմաններում Ռուսաստանը ներկա իշխանությամբ եւ սահմաններով ընդհանրապես ասպարեզում մնա:

Մեկնաբանություն
X