Էրդողանը հետզհետե խելագարվո՞ւմ է

«Երբ շուրջդ ամենքը խելագարվում են, մնում է սպասել»: Սա ասել է Միացյալ Թագավորության լեգենդար վարչապետներից մեկը՝ Բենջամին Դիզրաելին, 1870-ականներին, հերթական ռուս-թուրքական պատերազմի առնչությամբ: Սկզբում ողջ հասարակությունը, պետական էսթաբլիշմենթը, անգամ արքունիքը վարչապետ Դիզրաելիից պահանջում էին պատերազմ հայտարարել Օսմանյան կայսրությանը՝ ի տես Բալկաններում քրիստոնյաների հանդեպ թուրքերի գործած վայրագությունների: Հետո, երբ սկսվեցին ռուս-թուրքական բախումները, եւ ցարական ռազմանավերն ուղղություն վերցրին դեպի Կոստանդնուպոլիս, հիմա էլ նույն հասարակությունը, էսթաբլիշմենթն ու արքունիքը պահանջում էին պատերազմ հայտարարել Ռուսաստանին: Վարչապետ Դիզրաելին, համարելով, որ ամենքը խելագարվել են, չենթարկվեց հայրենակիցների պահանջներին եւ պատերազմ չհայտարարեց հակառակորդներին:

Փոխարենը սպասեց, մինչեւ ամենքին պատած խելագարությունն անցնի: Դրանից հետո սուլթանը չէր կարող չգիտակցել եւ գիտակցեց, թե որտեղ կհայտնվի ինքն իր տարածքների ու իշխանության հետ, եթե Մեծ Բրիտանիան չմիջամտի եւ չկանխի ռուսների մուտքը Կոստանդնուպոլիս: Նույնկերպ էլ ՄԹ զինուժը Հնդկաստանից մինչեւ Աֆրիկա ու Ատլանտիկ օվկիանոս զորաշարժի ենթարկելով, Դիզրաելին Ռոմանովներին ցույց տվեց, թե որտեղ կհայտնվեն իրենք ու կավե ոտքերով ցարական կայսրությունը, եթե Միացյալ Թագավորությունը Ռուսաստանին պատերազմ հայտարարի: Չէ՞ որ այդ պատերազմը կընթանար աշխարհի չորս ծագերում ու օվկիանոսներում, որտեղ տարածվում էին բրիտանական գահի իշխանությունն ու սահմանները, եւ որտեղ երբեք մայր չէր մտնում արեւը: Արդյունքում, առանց մի փափուշտ կրակելու, վարչապետ Դիզրաելին Օսմանյան կայսրությանը պարտադրեց զիջումներ, ներառյալ՝ Կիպրոսի անկախության ճանաչումը, Ռուսաստանին էլ հարկադրեց հեռանալ Կոստանդնուպոլսի մատույցներից, Բալկաններից եւ Արեւմտյան Հայաստանի տարածքից:

Իհարկե, Դիզրաելիից հետո ոչ ցարական Ռուսիայի խելագարություններն ավարտվեցին, ոչ էլ սուլթանական Թուրքիայի: Ի վերջո, երկու կայսրությունն էլ փլուզվեցին, դրանց իրավահաջորդ պետություններ առաջացան, ժամանակի ընթացքում դրանք էլ փլուզվեցին կամ տրանսֆորմացվեցին, եւ այս օրերին հերթական փլուզումն է սկսվել թե Թուրքիայում, թե Ռուսաստանում: Այն տարբերությամբ միայն, որ այսօր խելագարվել են ոչ թե զանգվածերը, այլ առաջնորդները, հատկապես՝ Թուրքիայում:

Ինչ խոսք, Էրդողանն ավելի իռացիոնալ անձ եւ ղեկավար չէ, քան Պուտինը, սակայն Թուրքիայի հասարակությունն է ավելի բազմաշերտ, ազատ ու պայքարող: Ռուսաստանում վաղը տեղական իշխանությունների ընտրություններ են, եւ ամբողջ երկրում ընդամենը մի քաղաքում մի ընդդիմադիր թեկնածու է առաջադրվել: Թուրքիայի ընտրություններում երկու-երեք տասնյակ կուսակցություններ են մասնակցում, ընդսմին, բոլորն Էրդողանին են քննադատում ու հայհոյում: Դեռ հունիսյան ընտրություններում մի անգամ Էրդողանի համբերությունը հատել էր, եւ նա ասել էր. «Ի՞նչ եք «բռնապետ» բառը մեջտեղ գցել, ես այդ ի՞նչ բռնապետ եմ, որ իմ բռնապետությունոմ առավոտից երեկո բոլոր կուսակցություններով, թերթերով ու էկրաններից ինձ եք հայհոյում»:

Ճիշտ է, հայհոյում ու քննադատում են, այն էլ ինչպե՜ս… Բայց այնպես չէ, թե Էրդողանն էլ դրան չի ընդդիմանում: Ի վերջո, երկրում հարյուրավոր մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվել Էրդողանին վիրավորելու համար, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների եւ լրագրողների: Սակայն Էրդողանին մտահոգողը բառային պատերազմները չեն, այլ իրականությունը, որ Թուրքիայի քաղաքացիներն այնքան էլ հիմար չեն: Այն, որ մարդիկ շատ լավ գիտակցում եւ բարձրաձայնում են, թե ով է երկրում քաոս ստեղծել եւ ինչ նպատակով, դա է Էրդողանին հունից հանում: Այն աստիճան, որ օրերս ինչ-որ հանրային հանդիպման ժամանակ հրապարակավ հայտարարել էր․ «Եթե մի առանձին կուսակցություն 400 մանդատ ստանար խորհրդարանում, այսօրվա խառնաշփոթը չէր լինի»:

Մարդը եթե խելագարվելու ճանապարհին չլինի, նման հայտարարություն կանի՞: Առանց այն էլ ամենքը կարծում, գրում եւ կրկնում են, որ Էրդողանն է ներկա խառնակչությունը եւ քրդերի հետ բախումներն սկսել, որպեսզի քրդերը երկյուղեն եւ ձայն չտան HDP-ին, ազգայնականներն էլ ձայն չտան MHP-ին, այլ այդ ձայները գնան Էրդողանի AK-ին: Ասելով, թե իր համար ցանկալի է «մի կուսակցության կողմից 400 ձայն հավաքելը», Էրդողանն անուղղակի հաստատում է իրեն ուղղված մեղադրանքները: Թվում է՝ Էրդողանի ծրագրերը մերկացվում են ավելի արագ, քան ինքը հասցնում է դրանք փաթեթավորել ու հասարակությանը մատուցել: Եվ չափազանց հետաքրքիր է, թե Էրդողանն ինչ է անելու նոյեմբերի 1-ին պարտվելուց հետո, որի հիմքերն օր օրի ավելանում են՝ ուղիղ համեմատական ամեն օր Թուրքիայում հողին հանձնվող տասնյակ աճյուններին:

Մեկնաբանություն
X