Կոնստրուկտիվ խոսակցություն Նալբանդյանի հետ

Անցյալ շաբաթ պաշտոնական այցով Լոնդոնում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ այցն առանձնակի ուշադրության է արժանի, քանի որ որքան էլ մեծ լինի մայրաքաղաքների թիվը, որտեղ այցելում կամ որտեղից հյուրեր են ընդունում ՀՀ իշխանությունները, Միացյալ Թագավորության մայրաքաղաքն իր կարեւորությամբ, կշռով եւ ազդեցությամբ եղել եւ մնում է գրավիտացիոն կենտրոն: Միացյալ Թագավորություն քչերին են հրավիրում եւ այդ քչերին էլ հազվադեպ են հրավիրում, առավել եւս՝ պաշտոնական այցով: Հայաստանի առաջին եւ վերջին նախագահը, որ պաշտոնական այցով հյուրընկալվել է Լոնդոնում, եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: 2010-ին էլ Սերժ

Սարգսյանն էր Լոնդոն մեկնել, բայց արդեն ոչ պաշտոնական, մասնավոր այցով՝ հանդիպելու թագուհուն եւ մասնակցելու Վինձորյան ամրոցում արքայազն Չարլզի հյուրընկալած բարեգործական երեկոյին:
Վարդան Օսկանյանի՝ ՀՀ ԱԳ նախարար պաշտոնավարության ընթացքում Լոնդոն կատարած այցերը, ցավոք, չեմ հիշում, թե երբ են եղել (եթե, իհարկե, եղել են): Նախարար Նալբանդյանի դեպքում սա կարծես երրորդ պաշտոնական այցն է Լոնդոն: Նախորդ այցերից մեկը, վստահաբար, 2009-ին կամ 10-ին հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ակտիվության ժամանակներում է եղել, ուրիշ մի այց էլ՝ կարծես ԵՄ-ի հետ

Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ավարտական փուլում: Որքան հիշում եմ՝ 2009-ից հետո երկու անգամ էլ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնն է Հայաստան ժամանել:
Միացյալ Թագավորություն-Հայաստան դիվանագիտական երկխոսությունը, հասկանալիորեն, երկու կարեւոր թեմա կարող է ունենալ՝ զարգացումները Մերձավոր Արեւելքում եւ ԵՄ-ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները: ՀՀ ԱԳ նախարարին կարծես Լոնդոն են հրավիրում այն ժամանակ, երբ Մերձավոր Արեւելքում կամ եվրաինտեգրման ուղղությամբ զարգացումներ կան: Պրն. Նալբանդյանի օրերս Լոնդոն կատարած այցի ընթացքում նույնպես այս հարցերի առաջնահերթությունն է եղել:
Համենայնդեպս, ՄԹ արտաքին գործերի պետքարտուղար Ֆիլիպ Համոնդը հանդիպումից անմիջապես հետո Twitter-ում գրառել էր. «Առավոտյան Հայաստանի ԱԳ նախարար

Նալբանդյանի հետ քննարկեցինք Սիրիան, Իրանը եւ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը»: Պետքարտուղարից հետո կայացել էր պրն. Նալբանդյանի հանդիպումը Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ (Եվրոպայի նախարարը պետքարտուղարից մի աստիճան ցածր պաշտոն է ՄԹ արտաքին քաղաքական գերատեսչությունում): Լիդինգթոնը նույնպես թվիթերյան գրառում էր կատարել. «Այսօր ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի հետ ունեցանք կոնստրուկտիվ խոսակցություն՝ Մերձավոր Արեւելքի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի հարցերով»:
Ինչպես տեսնում ենք, Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության երկու ղեկավարների հետ զրույցներում էլ առաջնայինը եղել է Մերձավոր Արեւելքի թեման: Հասկանալիորեն, ոչ մի այլ երկիր Մերձավոր Արեւելքում այնպիսի պատմական ներգրավվածություն, հեղինակություն եւ դերակատարություն չունի, ինչպես ՄեծԲրիտանիան, եւ այն, ինչ ISIS-ն այսօր ձախավեր կերպով փորձում է փոխել Մերձավոր Արեւելքում, հենց Մեծ Բրիտանիայի հաստատած դրվածքներն ու գծած պետական սահմաններն են: Իհարկե, ISIS-ին վայրագություներից ու կոտորածներից այն կողմ ոչինչ էլ չի հաջողվի, սակայն եթե Մերձավոր Արեւելքում ծայր են առել կենտրոնախույս զարգացումներ, քրդական էթնոսի ակտիվացում եւ այլն, ապա հայերի մոտեցումներն ու գնահատականներն իրադրությանը էական են: Ի վերջո, Մերձավոր Արեւելքը կարող էր բոլորովին այլ ճակատագիր եւ ապագա ունենալ, եթե եվրոպական եւ քրիստոնեական քաղաքակրթության այդ երկու բաստիոնները՝ Հունաստանը եւ Հայաստանը, Սեւրի դաշնագրով նախատեսված սահմաններն ու կարգավիճակն ունենային: Այդ դեպքում գուցե այսօրվա ողջ Մերձավոր Արեւելքի քրիստոնեաթափ լինելու մղձավանջն օդում չթեւածեր:

Ինչ խոսք, ի վերջո, մանավանդ Իրանի հետ Արեւմուտքի հարաբերությունների կարգավորումից հետո, ISIS-ն արագորեն կոչնչացվի, Բաշար Ասադն էլ իշխանությունից կհեռացվի, քրդերի անկախության հավակնություններն էլ կսաստվեն, բայց կատարվածից անհնար է հետեւություններ չանել: Իսկ Մերձավոր Արեւելքի, մանավանդ քրիստոնեական Մերձավոր Արեւելքի ներկան կամ ապագան չի կարող գծագրվել առանց հայկական էթնոսի եւ գործոնի: Ինչպես ՄԹ վարչապետ Լլոյդ Ջորջն էր ասում հարյուր տարի առաջ. «Արեւելյան Անատոլիայում միակ քաղաքակիրթ էթնոսը հայերն են»: Հարյուր տարի հետո էլ դա այդպես է: Դրա համար էլ Հայաստանի հետ Մերձավոր Արեւելքի հարցերի շուրջ խոսում են:

Հայաստանին առնչվող երկրորդ կարեւոր հարցը, իհարկե, ԵՄ-ի հետ հարաբերություններն են: Ցավոք, հաղորդագրություններից չի հասկացվում, թե ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները երբ են սկսվել, ուր են հասել եւ երբ կավարտվեն, բայց եթե այդ ուղղությամբ գոհացուցիչ առաջընթաց չլիներ, հազիվ թե պրն. Նալբանդյանին Լոնդոնում հյուրընկալեին եւ բանակցություններն էլ կոնստրուկտիվ կոչեին:
Ընդ որում, երեւում է՝ Լոնդոնում ինչ-որ պատճառով Հայաստանից գոն են, չնայած ԵՏՄ-ին անդամակցելուն եւ ղարաբաղյան հակամարտության բեռին, այլապես դժվար թե Քամերոնի կառավարության մի պետքարտուղարի հետ բանակցելուց հետո ՀՀ ԱԳ նախարարը երկրորդ պետքարտուղարի հետ էլ հանդիպեր: Մինչդեռ հանդիպում կայացել է: Պրն. Նալբանդյանին ընդունել է նաեւ ՄԹ մեդիայի, մշակույթի եւ սպորտի պետքարտուղարը՝ Ջոն Ուիթինգդեյլը: Ինչ խոսք, այդտեղ կարող էր դեր կատարել հանգամանքը, որ Ուիթինգդեյլը ՄԹ խորհրդարանում Բրիտանիա-Հայաստան բազմակուսակցական բարեկամական խմբի ղեկավարն է, եւ ապրիլի 24-ին հենց նա էր ղեկավարում Հայաստան ժամանած ՄԹ պատվիրակությունը: Բայց բրիտանական կաբինետի անդամը, անձնական համակրանքներից առաջ, իր հանդիպումով կառավարության վերաբերմունք է ներկայացնում, որը, ակներեւաբար, դրական է եղել:

Մեկնաբանություն
X