Մեդիախոհանոց-2

Տարիներ առաջ, երբ նոր էի սկսել խմբագրել «Հրապարակ» օրաթերթը, շատ ավելի լավատես էի խոսքի ազատության առումով։ Գուցե ավելի երիտասարդ էի, եւ, ինչպես մեր լոռեցիներն են ասում՝ «ծովը ծնկներիցս էր»։ Վստահ էի, որ ոչինչ ու ոչ ոք չի կարող սահմանափակել լրագրողի ազատությունը, եթե նա ինքը չանի դա։ Համոզված էի, որ մամուլի նկատմամբ ճնշումների, սահմանափակումների մասին խոսակցությունները մեծամասամբ լեգենդներ են՝ ծույլ, ծախու, պնակալեզ լրագրողների ու խմբագիրների կողմից հորինված։ Հիմա՝ «Հրապարակի» 8 տարվա գործունեության ֆոնին, շատ բան այլ կերպ է երեւում։ Ամենակարեւորը՝ հասկանում եմ, որ լրագրողական ազատության սահմանը հաճախ ոչ մի կապ չունի լրագրողների-խմբագիրների ցանկությունների, պատկերացումների, ազնվության հետ։

Որն է խոսքի ազատության թիվ մեկ խնդիրը։ Վստահ եմ, որ շատ խմբագիրներ միահամուռ կպատասխանեն՝ ֆինանսական խնդիրը։ Այո, այս խնդրի լուծման հետ գրեթե կապ չունի, թե որքանով է տվյալ լրատվամիջոցը պահանջված, ընթերցվող, գրագետ, ճշգրիտ, սուր, օգտակար եւ այլն։ Անգամ նշված եւ այլ որակների առկայությունը բավարար չէ Հայաստանում թերթ, կայք, ընդհանրապես՝ ԶԼՄ պահել կարողանալու համար։ Մեր աշխարհից հեռու մարդիկ, վստահ եմ, չեն համաձայնի, քանի որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում բիզնես-գործունեության (ինչպիսին է նաեւ լրատվական գործունեությունը) ընդունված կանոններ կան, եւ այդ կանոնները պահպանելը պետք է որ բիզնեսի ծաղկման, շահութաբերության երաշխիք ապահովի։ Բայց այդպես մեծ-մեծ խոսում են նրանք, ովքեր

Հայաստանում երբեք բիզնես-գործունեություն չեն ծավալել, չեն բախվել տարբեր մարմինների, սպառողի, շուկայի հետ։ Բոլորովին չեմ ուզում «լաց լինել», բայց մեդիախոհանոցի ֆինանսական կողմի մասին խոսելը, կարծում եմ, այսօր օրախնդիր է։ Նախ, թերթերի վաճառքի մասին, ավելի շուտ՝ թերթերի իրացման։
Սովետական տարիներին մեկ միասնական ցանց կար՝ թերթերն իրացնող-տարածող «Հայմամուլը», որն անկախության տարիներին սեփականաշնորհվեց, անվանափոխվեց՝ դարձավ «Պրեսստենդ»։ Եվս 5-6 մասնավոր կազմակերպություններ ստեղծվեցին։ Բայց այս ցանցն այդպես էլ չդարձավ մոբիլ, ճկուն բիզնես-մտածողության կրող։ Թերթ ու ամսագիր վաճառող կրպակները դանդաղորեն վերածվեցին ծամոն ու ծխախոտ վաճառող խառը կրպակների, որտեղ թերթերի վաճառքից ավելի քիչ եկամուտ են ստանում, քան մյուս ապրանքների վաճառքից։ Եվ քանի որ թերթի գովազդն ու թերթ կարդալու կուլտուրան-քարոզչությունն էլ վերացավ, եթե չասենք՝ փոխարինվեց հակաքարոզով, ընթերցողների բանակն սկսեց տարեցտարի նվազել։ Հիմա թերթի կրպակներից թերթ գնում են սովետական տարիներից այդ ավանդույթը չմոռացած տարեցները եւ, այսպես կոչված, էպիզոդիկ շահառուները, ում մասին, ում հետաքրքրող հոդվածներ կան տվյալ համարում։ Իսկ գնորդների ոչ կայուն, ծերացող բանակ ունենալը ծերացնում է նաեւ թերթերին։ Նրանց դարձնում լուսանցքային ու ժամանակից ետ մնացող։

Ա․ Օ․

Մեկնաբանություն
X