Մեդիախոհանոց-3

Ինչո՞ւ թերթի վաճառքը չի կարող ապահովել բավարար եկամուտ, որը թույլ կտա իրականացնել թերթի տպագրությունը, աշխատավարձ վճարել լրագրողներին, հոգալ խմբագրության կենսագործունեության համար անհրաժեշտ ծախսերը եւ, ըստ այդմ՝ լինել ֆինանսապես անկախ, հասարակությանն օգտակար, իրական եւ սուր ԶԼՄ։ Անկախ՝ ոչ միայն ստվերային փողերից ու հովանավորներից, այլեւ անգամ գովազդատուներից, որոնք, հավատացեք, ոչ պակաս ճնշումներ կարող են գործադրել լրագրողների ու խմբագիրների նկատմամբ, քան ձեր իմացած բոլոր «պատվիրատուները»։ Ընթերցողը, ցավոք սրտի, չի կարող անգամ ենթադրել, թե ինչքան շատ ու բազմազան կարող են լինել ճնշումներն ու ներգործությունները լրատվամիջոցի խմբագրի ու լրագրողների վրա։ Իրականում՝ միակ անպահանջ-ազնիվ պատվիրատուն շարքային ընթերցողն է, քաղաքացին, ով ամեն օր կրպակին մոտենալով ու 100 դրամ վճարելով՝ ազատ, անկախ, դիպուկ, սուր թերթ լինելու պատվեր է իջեցնում մեզ, նպաստում է մեր անկախությանը, մեր բնականոն գործունեությանը, վերջապես՝ մեր գոյատեւմանը։ Օգնում, որ չընկնենք անօրինական, վտանգավոր կախումների մեջ։ Լրատվամիջոցի բովանդակությունը չհամապատասխանեցնենք մեր գոյատեւմանը նպաստող անձանց ու կառույցների քիմքին։

Այնպես որ, մի թերագնահատեք այն 100 դրամը, որը դուք վճարում եք թերթը գնելիս։ Իմացեք, որ դրանով դուք, թեկուզ չնչին չափով, նպաստում եք ազատ խոսքին, լրագրողների անկաշառ աշխատանքին։ Իմացեք նաեւ, որ երբ զլանում եք վճարել անգամ այդ չնչին 100 դրամը, դուք ձեզ զրկում եք պահանջատեր լինելու, մամուլի անկախության մասին խոսելու, լրագրողներին մեղադրանքներ ներկայացնելու, քննադատելու իրավունքից։ Որովհետեւ միշտ կարող ենք հակընդդեմ հարց առաջ քաշել՝ իսկ դու ի՞նչ ես արել այդ անկախությունն ապահովելու համար, որ դատապարտում ես, մեղադրում, մեծ-մեծ պահանջներ դնում։

Ցավոք, այս պարզ ճշմարտությունը չեն գիտակցում անգամ շատ գրագետ մտավորականներ։ Ասենք, ինձ շատ ցավալի էր լսել իմ հին բարեկամի՝ ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Ներսես Հայրապետյանի խոստովանությունը, որ նախկինում պարտադիր բաժանորդագրվում էին մի քանի թերթ, հիմա՝ ոչ, ինտերնետում են կարդում։ Եթե անգամ ԱՄՆ դեսպանությունն է փող խնայում եւ թերթի էլեկտրոնային տարբերակը նախընտրում տպագիրից, ուրեմն ի՞նչ պահանջենք սոցիալական բազում խնդիրներ ունեցող եւ ֆինանսական պերմանենտ կարիքի մեջ գտնվող հայ հասարակությունից։ Մարդիկ պետք է հասկանան, որ թերթ առնելը միայն թերթ ընթերցելու, լրատվություն ստանալու իմաստ չի պարունակում, այլ խոսքի ազատության, մամուլի գոյատեւման խնդրում սեփական լուման ներդնելու։ Թող որ փոքրիկ, բայց շատ կարեւոր լումա։
Ա․ Օ․

Մեկնաբանություն
X