Մեդիախոհանոց-4

Վերջին 10-15 տարին փոխվել են բոլոր սպառողական ապրանքների ու ծառայությունների գները, սակայն գրեթե չեն փոխվել թերթերի գները։ Ինչպես 1999-2000 թվերին էինք թերթը վաճառում 100 դրամով, այնպես էլ՝ հիմա։ Ընդ որում, դա տնտեսագիտության, բիզնեսի կանոններին դեմ է, արդարացված չէ, վնասաբեր է, քանի որ միայն տպագրության համար յուրաքանչյուր թերթի մեկ օրինակը մեզ վրա նստում է 30-35 դրամ, 30 դրամ էլ վճարում ենք իրացնողներին՝ այդ մեկ օրինակը վաճառելու համար, հոսանքի, ինտերնետի, տարածքի վարձակալության գումարները հանելուց հետո, հայտնի անեկդոտի օրինակով, այդ 100 դրամից մեզ մնում է «ձվի բուլյոնը»։ Միանգամայն հասկանալի է, որ մեր «ապրանքը» 100 դրամ չարժե, այլ շատ ավելի թանկ է։ Որ 100 դրամ գին դնելով՝ մենք անգամ թերթի ինքնարժեքը չենք հանում, էլ ուր մնաց եկամուտ ունենանք։Կհարցնեք՝ ինչո՞ւ չենք բարձրացնում թերթի գինը։ Նախ, որովհետեւ «դողում» ենք ամեն մի ընթերցողի վրա եւ չենք ուզում կորցնել նրանց, իսկ 100-ից 150 կամ 200 դրամի անցած թերթերի պրակտիկայից դատելով կարելի է վստահաբար ասել, որ գինը բարձրացնելու դեպքում անպայման ընթերցող կկորցնենք։ Եվ բացի այդ՝ երբ ամեն օր գրում ենք թանկացումների մասին, մեղադրում գները բարձրացնողներին, իշխանություններին, որ չեն առնում թանկացումների դեմը, պարզապես բարոյական չի լինի, որ մենք էլ թանկացնենք մեր ապրանքը։ Եվ երրորդ պատճառն էլ կա․ եթե շահութաբերության տնտեսագիտական կանոններին նայեինք, ապա թերթի գինը ոչ թե 150 կամ 200 պետք է դնեինք, այլ, ասենք, 400-500։ Միայն այդ գների դեպքում է հնարավոր շահութաբեր թերթային բիզնես անել Հայաստանում, որտեղ ռեալ թերթ կարդացողների քանակը չի գերազանցում 3 հազարը։

Այսինքն՝ հուսալ, որ թերթ տպագրել-վաճառելու գործը կարելի է դնել բիզնես-ռելսերի վրա, առաջնորդվել տնտեսավարման տարրական կանոններով, միաժամանակ եւ հարուստ բովանդակություն ստեղծել, եւ նորմալ աշխատավարձ տալ, եւ զարգացման համար ռեսուրսներ ունենալ, ուտոպիայի դաշտից է ու մեզանում անիրականանալի։ Նույնքան ֆանտաստիկ է մտածել, որ լավ թերթ անելու դեպքում հնարավոր է այնքան ընթերցող եւ եկամուտ ունենալ, որ այս խնդիրները չլինեն։ Այսպես պնդողները լրագրությունից, բիզնեսից հեռու մարդիկ են, ովքեր չեն պատկերացնում, թե ինչ դժվարություններ է հարկավոր հաղթահարել մի փոքրիկ կոլեկտիվ պահելու եւ գոնե 3 հազար տպաքանակով թերթ տպագրելու համար։ Հենց դա է պատճառը, որ թերթերի քանակն ու տպաքանակը մեզանում տարեցտարի կրճատվում է, նոր թերթեր չեն ծնվում, թերթերի խմբագիրները հազիվ են դիմանում գայթակղությանը՝ փակել թերթն ու դրա փոխարեն մի «թեթեւ կայք» պահել, որի հոգսը շատ ավելի փոքր է, ծախսը՝ նույնպես, տպագրիչների ու իրացնողների հետ էլ գործ չես ունենա։ Լուրջ հոդվածներ էլ չես տպագրի, այլ ժամանակակից «թեթեւ» լրագրության կանոններով կառաջնորդվես՝ ոտի վրա հոդվածներ կթխես, դրանք կայքում կդնես, հետո անհայտ պատճառներով կհանես կայքից, ռեպլիկներ ու ասուլիսներ լուսաբանելով, ուղիղ ու «անաշխատ» եթեր ապահովելով՝ առաջ կընթանաս։

Ա․ Օ․

Մեկնաբանություն
X