Էրդողանի և Նազարբաևի միջև կատուներ են վազվզում

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովրդի համար երեւի ամենաթանկ տոնն էր՝ Հայաստանի անկախության օրը: Ընդամենը երկուեւկես տասնամյակում Հայաստանն անցավ Գյումրիի երկրաշարժի, հարյուր հազարավոր ներգաղթյալների, Ադրբեջանի հետ սահմանային բախումների, ԽՍՀՄ փլուզման, անկախ պետականության հիմնադրման, 1998-ի պալատական հեղաշրջման, 1999-ի սահմռկեցուցիչ ահաբեկչության, իշխանական մարմիններում ղարաբաղցիների ասպատակության, 2008-ի մարտի մեկին հեղված արյան հանգրվաններով՝ այնուամենայնիվ, մնալով անկախ պետություն: Գուցե ոչ այնքան ներքին կարողականության, որքան Եվրոպայում հաստատված աշխարհակարգի եւ միջազգային զարգացումների շնորհիվ, երբ նոր պետություններ գրեթե չեն ստեղծվում եւ չեն ճանաչվում, սակայն ճանաչվածներն էլ պաշտպանված են Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգով, միջազգային իրավունքով ու սովորույթի ուժով:

Սակայն կյանքը ոչ միայն հաստատունություն է, այլեւ փոփոխություն ու զարգացում: Եվ Հայաստանի բարեբախտությունն է, որ միջազգային զարգացումները վերջին մեկ տարում կատարելապես աննպաստ դասավորվեցին ու խնդիրներ ստեղծեցին Հայաստանի գրեթե բոլոր հակառակորդների ու վնասարարների համար՝ թե Ռուսաստանի, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի: Էլ ավելի դուրեկանն այն է, որ նավթադոլարների նվազումն իսկական գզվռտոց է առաջացրել այդ երեք պետությունների ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքական օրակարգերում: Դատելով թուրքական մամուլից, գործը հասել է Թուրքիայի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունների լարման:

Ինչպես հայտնի է, դեռ տարիներ առաջ Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը եւ մի քանի այլ նախկին խորհրդային հանրապետություններ թյուրքական ժողովուրդներին միավորող միջազգային կառույց են ստեղծել, որը Թյուրքական խորհուրդ (Turkic Council) է կոչվում:

Այն թյուրքական լեզվի, մշակույթի պահպանման ու տարածման նպատակներ է հռչակել, բայց գործնականում կառույցի գագաթնաժողովներին հանդիպող երկրների ղեկավարները քննարկում են ընդհանուր հետաքրքրության հարցեր, մշակում ընդհանուր քաղաքական մոտեցումներ:

Եվ ահա, սեպտեմբերի 10-11-ին Աստանայում ծրագրված է եղել Թյուրքական խորհրդի հերթական՝ 5-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու էին Ղազախական խալիֆաթի հիմնադրման 550-ամյակին նվիրված տոնակատարություններ: Ղազախները համարում են, որ այդ խալիֆաթում է ձեւավորվել ղազախ ժողովուրդը: Էրդողանն էլ, բնականաբար, հյուրերից մեկն էր, որ պետք է մասնակցեր թե Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին, թե դրան հետեւող Ղազախական խալիֆաթի 550-ամյակի տոնակատարություններին:

Սակայն քանի որ Թուրքիայում ներքին իրավիճակն ավելի քան խառնակ ու լարված է, եւ սեպտեմբերի 12-13-ին երկրում գումարվում էր AK-ի (Էրդողանի կուսակցության) համագումարը, որն ընտրելու կամ վերընտրելու էր կուսակցության առաջնորդին, ղեկավար մարմնի անդամներին եւ քննարկելու էր նոյեմբերի 1-ի ընտրություններին առաջադրվելիք կուսակցական ընտրացուցակը, Էրդողանին ավելի կարեւոր է թվացել Թուրքիայում մնալը:

Մինչ այդ Էրդողանն արդեն Հարավային Կորեա եւ Հնդկաստան նախատեսվող սեպտեմբերյան իր այցերը չեղյալ էր հայտարարել, այնպես որ, նույն կարգով էլ զանգահարել է նախագահ Նազարբաեւին եւ հայտնել, որ չի կարող Ղազախստանի գագաթնաժողովին ու տոնակատարություններին մասնակցել: Նազարբաեւը չի համոզվել եւ, ըստ Todays Zaman-ի, հատուկ բանագնաց է գործուղել Անկարա, որպեսզի վերջինս Էրդողանին համոզի Աստանա ժամանել: «Էրդողանի չգալը նշանակում է Ղազախստանին լքել ու միայնակ թողնել Ռուսաստանի աչքի առջեւ»,- ոչ ավել, ոչ պակաս՝ համարյա այդ ռակուրսով ու ձեւակերպումներով են ջանացել Էրդողանին համոզել, որ վերանայի որոշումը եւ մեկնի Աստանա, բայց չի հաջողվել: Էրդողանն Աստանա չի մեկնել, ինչն էլ Ղազախստանի ու Անկարայի միջեւ դիվանագիտական լարվածություն է ստեղծել, այն աստիճան, որ դա արդեն մամուլ է հասել՝ անանուն դիվանագիտական աղբյուրների հղումներով եւ տրվող մեկնաբանություններով:

Այժմ էլ, ի հեճուկս նրա, որ ընդամենը տասն օր առաջ, չնայած Նազարբաեւի պնդումներին ու թախանձանքին, Էրդողանն այդպես էլ հնարավոր չի համարել Ղազախստան մեկնելը, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հրատապ ժամանում է Մոսկվա: Նազարբաեւի աչքում դա երեւի ապտակին համազոր, Ղազախստանի քաղաքական վարկը նսեմացնող քայլ կթվա:

Թեեւ իրականում քաղաքական վարկի նսեմացումը Ղազախստանի համար ոչինչ է այն հարվածների համեմատությամբ, որ երկրի տնտեսությունն ու տնտեսական վարկն են կրում: Երեւի ողջ աշխարհի նավթարդյունաբերողներն այժմ սովորել են Կասպից ծովի շելֆում գտնվող Կաշագան հանքավայրի անունը, որը հետազոտելու եւ հետագայում շահագործելու համար միջազգային նավթային ընկերությունները՝ եվրոպականներից մինչեւ չինական, մեկ-երկու տասնամյակում այդ հանքավայրում, ընդհանուր առմամբ, շուրջ հիսուն միլիարդ դոլար են ներդրել՝ արդյունքում չստանալով ոչինչ: Նավթի գների անկումից հետո Կաշագանը շահագործելը դարձել է տնտեսապես վնասաբեր, քանի որ նավթի 1 բարելի դիմաց 100 դոլարից ցածր գինն արդեն շելֆից հանքարդյունահանումը դարձնում էր անշահավետ: Այժմ 1 բարել նավթի գինը 40-45 դոլարի սահմաններում է եւ եթե այդպես էլ մնա, նավթարդյունաբերողները պետք է ճակատագրին շնորհակալ լինեն: Այնպես որ, խոշոր նավթային ընկերությունները ոչ միայն հեռացել են Ղազախստանից, այլեւ, ի հիշատակ իրենց սխալ հաշվարկների ու կորցրած միլիարդավոր դոլարների, «Կաշագան» անունն այժմ միջազգային նավթարդյունաբերողներն արտաբերում են Cash-All-Gone (թարգմանաբար՝ Ամբողջ կանխիկը գնաց): Մնում է տեսնել, թե Կաշագանի գնալուց հետո Ղազախստանի տնտեսությունից ու քաղաքական վարկից ինչ կմնա:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X