Մեդիախոհանոց-6

Ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ֆինանսավորման հիմնական աղբյուրը գովազդն է։ Մի կողմ թողնենք այն, որ մենք դեռ հոգեբանորեն պատրաստ չենք դրան եւ դրա մեջ մի տեսակ ամոթալի, անպատվաբեր բան ենք տեսնում։ Ես, օրինակ, երբ թերթում մեծ գովազդային նյութ, հայտարարություն, երկարաժամկետ պաստառ եմ դնում, մեղքի զգացում եմ ունենում ընթերցողի առաջ․ փոքրամասշտաբ թերթի 8 էջի մի մասը կարծես խլում եմ նրանից, խաբում նրան՝ ընթերցանության համար սովորականից ավելի պակաս նյութ առաջարկելով։ Բայց միայն դա չէ՝ մարդիկ էլ են այդ գովազդի տակ ստվեր տեսնում։

Օրինակ, մի այդպիսի կուսակցություն կա՝ ՕԵԿ անունով, դրա խոսնակը մեր թերթի սակավաթիվ գովազդներից մեկի տակ «մութ գործարք» էր տեսել․ իբրեւ թե մենք քննադատել էինք բանկերից մեկին, եւ նրանք մեր «բերանը փակել են»՝ գովազդ առաջարկելով։ Անշուշտ, հայկական լրատվական դաշտում սա խորթ երեւույթ չէ՝ պատահում է, որ որոշ լրատվամիջոցներ կիրառում են նման մեթոդ․ այնքան են քննադատում «զոհին», մինչեւ տնտեսվարողը գովազդ է առաջարկում «քիլլեր-լրատվամիջոցին», բայց «Հրապարակը», հաստատ, սրանց թվին չի պատկանում։ Եվ այդ վայ-խոսնակի նշած գովազդն էլ մեր թերթում հայտնվել է նշված տնտեսվարողի մասին տպագրած, ի դեպ՝ ոչ «քլնգող», հոդվածի տպագրությունից մոտ 6-8 ամիս անց։ Այնպես որ, միայն հիվանդ մարդը կարող էր կապ տեսնել մի շարքային հոդվածի եւ նշված գովազդի միջեւ։ Ավելին՝ «Հրապարակը» շատ վատ գովազդային քաղաքականություն է վարում՝ շատ պասիվ։ Եվ պատճառը հենց նման կասկածները բացառելն է հիմնականում։

Պատկերացրեք՝ ինչ-որ կազմակերպության առաջարկում ես գովազդ տեղադրել քո թերթում-կայքում, գովազդատուն հրաժարվում է՝ տարբեր պատճառաբանություններով․ նպատակահարմար չէ, դուք հակաիշխանական եք, իշխանությունը լավ չի նայի դրան, միջոցներ չունենք, «Հրապարակում» չենք ուզում՝ գովազդ դնում ենք հեռուստատեսությունում կամ իքս կայքում։ Անցնում է ժամանակ։ Անգամ՝ բավականին երկար ժամանակ։ «Հրապարակում» հայտնվում է քննադատական հոդված տվյալ սուբյեկտի հասցեին։ Եվ ի՞նչ․ «Գովազդ չդրեցինք, մեր դեմ սեւեռվեցին», ու ասեկոսեն տարածվում է երկրով մեկ։ Այլեւս որքան ուզում ես մեջիցդ պատռվիր, թե այդպես չէ, թե մենք մեր գործն ենք արել, թե հոդվածի հեղինակն անգամ տեղյակ չի եղել չկայացած գովազդի մասին, թե գովազդի համար դիմելը նորմալ, քաղաքակիրթ աշխատաոճ է, անօգուտ է։ Կասկածանքի ու թերահավատության այս մթնոլորտում միշտ մեղավոր են լրատվամիջոցը, խմբագիրը։ Իսկ գովազդի դիմաց ստացվող գումարը հասարակական գիտակցության մեջ շատ քիչ է տարբերվում ստվերային գումարներից ու մութ գործարքներից։

Այս խոսակցությունների դեմն առնելու մի ձեւ կա՝ հրաժարվել գովազդից։ Այդ դեպքում ինչո՞վ գոյատեւել, ինչպե՞ս վճարել տպագրության ծախսերը, աշխատավարձ տալ, հոնորարներ վճարել, անսարք համակարգիչը նորոգել, ինտերնետի ու հոսանքի դիմաց վճարել, խոհանոցի փլվող պատը վերանորոգել։ Ի՞նչ միջոցների հաշվին թերթ ու կայք պահել։

Ա․ Օ․

Մեկնաբանություն
X