Մեդիախոհանոց-7

Ինչո՞ւ մեզանում այդպես էլ չի կայանում գովազդային շուկան։ Ո՞ւմ եւ ի՞նչ գովազդ են տալիս տնտեսվարողները, եւ ինչպե՞ս անել, որ գովազդն ուղղվի դեպի իրոք արժանի, հասարակության գիտակցության վրա ազդեցություն ունեցող լրատվամիջոցներ եւ ծառայի իր նպատակին։ Նախ, քանի դեռ տնտեսության մեջ մենաշնորհներն են իշխում, եւ տնտեսվարողի եկամուտը կախված չէ ազատ մրցակցային շուկայից, սպառողների վերաբերմունքից, մրցակիցների վարած քաղաքականությունից, անիմաստ է խոսել գովազդների մասին։ Մարդը գիտի, որ սպառողն այլ ելք չունի՝ ուզի-չուզի, իր շաքարավազն է գնելու, իր բենզինն է լցնելու, իր տրանսպորտից է օգտվելու, ի՞նչ իմաստ ունի գովազդի վրա փող ծախսել։ Այդ գումարները նրանց քամուն տված փողեր են թվում։ Հենց դա է պատճառը, որ Հայաստանում ոչ թե սպառումն ու ըստ այդմ իրենց եկամուտներն ավելացնելուն ուղղված գովազդն է տարածված, այլ, այսպես ասած, իմիջային։ Երբ տնտեսվարողը գովազդ դնում է՝ դրանից արդյունք չակնկալելով, այլ պարզապես «պրեստիժի» համար։ Այդ պարագայում գովազդը տեղադրվում է ոչ թե ԶԼՄ-ի հեղինակությունը, տպաքանակը, լսարանը հաշվի առնելով, այլ բազում այլ չափանիշներից ելնելով։ Ասենք՝ ԶԼՄ-ի խմբագրի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու, գովազդի միջնորդին հաճոյանալու, իշխանական տարբեր օղակների թելադրանքով։ Այս վերջինն ընդհանրապես գովազդային շուկայի հերն անիծում է։ Մի «ճ» կլասի կայք կարող է շատ ավելի գովազդ ունենալ, քան օրուգիշեր «բանող» «Հրապարակը», որովհետեւ մենք միջնորդներ մեջ չենք գցում, իշխանական ճամբարներից դեպի մեզ գովազդ ուղղորդողներ չկան։ Եվ ամենակարեւորը՝ գովազդատուն զգուշանում է ազատ, իշխանությունների հասցեին քննադատություն հրապարակող լրատվամիջոցի հետ գործ ունենալ։ Մի պատճառ էլ կա, անշուշտ․ կայքերի միլիոնանոց, հաճախ սարքովի, ռեյտինգների հետ մենք չենք կարող մրցել, քանի որ խարդախություններ չենք անում՝ թվեր չենք նկարում։ Ինչ կա՝ կա։ Ոչ ընթերցողին ենք խաբում, ոչ՝ գովազդատուին։ Եվ ապրում ենք այն հույսով, որ մի օր արթնանալու ենք մի երկրում, որտեղ իրական, ազնիվ, հասարակությանը ծառայող մամուլը գնահատված է լինելու։ Եվ շարքային ընթերցողի, եւ գովազդատուի, եւ իշխանավորի, եւ մտավորականի՝ բոլորի կողմից։ Այդ ժամանակ մենք՝ լրագրողներս-խմբագիրներս, դադարելու ենք «մեծապատիվ մուրացկաններ» լինելուց եւ մեր գոյատեւման համար անհրաժեշտ գումարները տառապանքով հայթայթելուց ու նվիրվելու ենք միայն մեր սիրած գործին՝ լավ թերթ անելուն, լավ հոդված գրելուն։ Երբ աշխատանքը բացառապես հաճույք է պարգեւելու, եւ լրագրողները բացառապես զբաղվելու են ստեղծագործական աշխատանքով։ Իսկ ֆինանս հայթայթելն ահռելի ժամանակ, էներգիա է խլում։ Էլ չասած, որ դա բոլորովին այլ մասնագիտություն է եւ գրող-գործող խմբագրի ու լրագրողների գործառույթներից խիստ տարբերվում է։

Ա․ Օ․

Մեկնաբանություն
X