Մեդիախոհանոց-8

Արդյոք հնարավո՞ր է Հայաստանում ունենալ ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք լրատվամիջոցի բովանդակության վրա չեն անդրադառնա։ Արդեն նշեցինք, որ ամենաանաչառ ու ազնիվ աղբյուրը թերթի գնորդներն են։ Քաղաքակիրթ աշխարհում այս նույն շարքում է դրվում նաեւ գովազդը։ Առանց գովազդի չկա ու չի կարող լինել լրատվություն։ Մանավանդ՝ տպագիր մամուլի նվազելու եւ էլեկտրոնային մամուլի, համացանցի զարգացման պարագայում եկամուտ ունենալու միակ ձեւը գովազդից եկող միջոցներն են։ Անշուշտ, կա նաեւ էլեկտրոնային բաժանորդագրություն կոչվածը, որը, սակայն, մեծ տարածում եւ հաջողություն չունի առայժմ։ Այնպես որ, ԶԼՄ-ների միակ եւ հիմնական աղբյուրը գովազդն է։ Սակայն արդյոք Հայաստանում է՞լ է այդպես, եւ գովազդ ունենալն ապահովո՞ւմ է լրատվամիջոցի ֆինանսական անկախությունը։ Ցավոք, ոչ միշտ, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, գովազդը մեզանում տնտեսական գործոններով չի պայմանավորված, եւ, ամենակարեւորը՝ գովազդատուն էլ հաճախ գրեթե նույն պաշտոնյան է, օլիգարխը, ում երազանքը մամուլի բերանը փակելն է, նրա անկախությունը սահմանափակելը։ Խմբագիրներից մեկն այս երեւույթը կոչում է «գովազդատուի շանտաժ», երբ ոչ միայն իր՝ գովազդը տվողի հասցեին չպետք է թթու խոսք գրես-ասես, որովհետեւ նա նույն պահին գովազդը քո կայքից-թերթից կհանի, այլ նաեւ նրա մտերիմների կամ նրա վրա ազդեցություն ունեցող անձանց։

Ի՞նչ են անում այն անձինք, ում հասցեին թերթում քննադատական հոդված է հայտնվում։ Սկսում են փնտրել, թե ում միջոցով կարող են «դուրս գալ» խմբագրի վրա։ Դա, բնականաբար, նախեւառաջ խմբագրի մերձավորներն են, բարեկամներն ու ընկերները, ապա՝ ֆինանսական աղբյուրները, այդ թվում՝ գովազդատուները։ Եվ սկսվում է «գովազդատուի շանտաժը»՝ հանիր հոդվածը կայքից, հերքում տպագրիր, այլեւս այդ թեմային չանդրադառնաք եւ այլն, հակառակ դեպքում գովազդը կդադարեցնեմ։ Պարզունակ սխեմա է։ Եվ եթե փոքր-ինչ թույլ լինես կամ տվյալ ֆինանսական աղբյուրից մեծապես կախված, ապա կզիջես՝ մտածելով, որ նախ, թերթը-կայքը պահելն ու փրկելն ավելի կարեւոր է, քան կոնկրետ այդ հոդվածը կամ թեման։ Եվ երկրորդ՝ նոր գովազդատու գտնելը բարդ է։ Սակայն հենց զիջեցիր, մամուլի վրա ճնշում գործադրողներն արյան հոտ առած գիշանգղների նման անմիջապես հասկանում են, որ «բռնել են թույլ տեղդ», եւ մեկ-երկու՝ բավական է, որ լրատվամիջոցն սկսի թուլանալ, կորցնել իր դեմքը, փոխել բովանդակությունը։ Եվ եթե չես ուզում լավագույն դեպքում «պաշտոնաթերթ», վատագույն դեպքում՝ «զուգարանի թուղթ» դառնալ, կամ պետք է դիմադրես ու նյարդերդ քայքայելու գնով պայքարես, կամ փակես թերթն ու գնաս տուն։ Շատ դժվար է դիմանալ այն ամենաանհավանական ճնշումներին, որոնց ենթարկվում են այսօր լրագրողներն ու խմբագիրները։ Այն բացահայտ եւ թաքուն ներգործություններին, որ ամեն օր կիրառվում է մեր նկատմամբ։ Շրջապատի, հասարակության ճնշմանը՝ «ինչի՞դ է պետք», «մի արա՝ կվնասեն քեզ, ընտանիքիդ», «տես՝ ուրիշներն ինչպես են թերթ պահում» ձեւակերպումների տեսքով։ Շատ դժվար է ամեն անգամ պատրաստ լինել, որ թերթի ֆինանսական աղբյուրը կհրաժարվի համագործակցությունից, ընկերներդ երես կթեքեն քեզնից, հարազատներիցդ մեկին աշխատանքից կազատեն, տհաճ կոնֆլիկտների ու երկար «ռազբիրատների» մեջ կներքաշեն քեզ։ Եվ մի օր դու կհոգնես պայքարելուց ու կդառնաս «համակարգի մի մասնիկը»՝ հնազանդ, վտանգավոր թեմաներին մոտ չեկող, քո օրվա հացը լրագրողի բարձր առաքելությունից գերադասող։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X