Պուտինը հասավ երազանքին

Դե ինչ, ՌԴ նախագահին կարելի է շնորհավորել: Մեկեւկես տարվա անդուլ ջանքերից հետո Պուտինին վերջապես կհաջողվի սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում արժանանալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կարճատեւ tet-a-tet հանդիպման:

Ուկրաինա ներխուժելուց ի վեր Պուտինը քանի-քանի անգամ էր ակնարկել ու հայտարարել Վաշինգտոնի հետ բանակցելու պատրաստակամության, իրականում՝ Սպիտակ տան ուշադրությանն արժանանալու իր ձգտման մասին: Սակայն Վաշինգտոնից առավելագույնը հեռախոսազանգեր ստացավ, ոչ ոք իրեն չհանդիպեց եւ ոչինչ էլ չքննարկեց: Փոխարենը պատժամիջոցներ սահմանվեցին, որոնց արդյունքում Պուտինը ոչ միայն Նովոռոսիայի մասին ցնորամտություններից հրաժարվեց, այլեւ այժմ արդեն տեսանելիորեն պոչերն է հավաքում Ուկրաինայից:

Օգոստոսին Կրեմլից նորից հայտարարեցին, թե նախագահ Պուտինը պատրաստ է հանդիպելու ԱՄՆ նախագահին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, բայց Վաշինգտոնից հրապարակային պատասխան ստացան, թե Օբամայի գրաֆիկը ծանրաբեռնված է, եւ Նյու Յորքում դժվար թե հաջողվի հանդիպել: Բայց դե, ասված է, չէ՞, արգելված պտուղը քաղցր է լինում: Մանավանդ օգոստոսից ի վեր միջազգային ասպարեզում Ռուսաստանի անմիջական շահերը շոշափող երկու այնպիսի զարգացումներ արձանագրվեցին (Սիրիայում եւ Ճապոնիայում), որ Պուտինը երեւի գիտակցեց, թե Արեւմուտքի հետ առճակատումը շարունակելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ ոչ միայն իր, այլեւ իր ղեկավարած երկրի համար:

Սիրիայում Ասադի դիրքերը թուլացան այնքան, որ վերջինս բարձրաձայն հայտարարեց Մոսկվայից ռազմական միջամտություն եւ օժանադակություն խնդրելու հնարավորության մասին: Հաշվի առնելով, որ Իրանը վեցնյակի հետ հասավ իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության եւ դրանից հետո էլ հայտարարեց, թե պատրաստ է Արեւմուտքի հետ քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ Սիրիայի իրավիճակը, Ասադը որոշեց բացել վերջին խաղաքարտը ՝ Մոսկվայի ուղիղ ինտերվենցիայի հնարավորությունը:

Բայց մինչ տարբեր մայրաքաղաքներում կհասցնեին ռուսական օդային եւ ցամաքային ուժերի՝ սիրիական պատերազմում ընդգրկվելու հեռանկարը վերլուծել ու գնահատել, Սիրիայի չափավոր ընդդիմության ուժերը, որոնց, ըստ տարածված համոզմունքի, սատարում են Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Թուրքիան, Պուտինի դեմքին շպրտեցին իրենց նախազգուշացում-պատասխանը․ «Եթե ռուս զինվորները ռազմական գործողություններ ծավալեն, թող կասկած չունենան, որ Սիրիան իրենց համար երկրորդ Աֆղանստան կդառնա»:

Նկատելով այն ատելությունը, որ Սիրիայում կա ինչպես Բաշար ալ-Ասադի, այնպես էլ նրա խաղավար ու հենարան Ռուսաստանի հանդեպ, կասկածից վեր է, որ ոչ միայն Սիրիան ռուս զինվորականների համար Աֆղանստան կդառնա այն պահից, երբ նրանք այնտեղ առաջին կրակոցներն արձակեն, այլեւ ո՞ւր է երաշխիք, թե իսլամիստ ծայրահեղականները բուն Ռուսաստանի տարածքը չեն վերածի Աֆղանստանի՝ անվերջ ահաբեկչություններով:

Այլեւս չասած, որ անցյալ շաբաթ գրեթե միաժամանակ, երբ Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը հայտարարեց, թե իր երկիրը կարող է դիմել Մոսկվային՝ ռուսական զորքեր Սիրիայի տարածք մտցնելու խնդրանքով, համարյա նույն օրը ՌԴ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր երկրի ՊՆ-ին՝ պահանջելով բացատրություն զինվորականներից ստացվող դիմումների վերաբերյալ, թե իրենց ներգրավել են վարժանքներում՝ «տաք կլիմայական պայմաններով երկիր» գործուղելու համար:

Զինվորականները եւ նրանց հարազատներն օմբուդսմենին խնդրել էին միջամտել, քանի որ երկյուղներ ունեին, որ «տաք կլիմա ունեցող երկիրը» Սիրիան է, որտեղ պատրաստվում են գործուղել զինվորականներին՝ ինչ-որ գաղտնի հրամանների հիման վրա, ինչը խախտում է իրենց իրավունքները: Պաշտպանն էլ, համամիտ լինելով դիմողների հետ, իր հերթին հայտարարել էր, որ ռուսական ԶՈՒ ծառայողները Սիրիայում կարող են ռազմական գործողությունների մասնակցել միայն ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրի հիման վրա: Քանի դեռ նման հրամանագիր չկա, ոչ մի գաղտնի հրաման չի կարող հիմք լինել զինվորականների Սիրիա տեղափոխելու համար, եւ ՊՆ-ից պահանջել էր բացատրել, թե արդյոք եղե՞լ են նման դեպքեր:

Էլ ավելի հետաքրքիր էր, որ անցյալ շաբաթավերջին, Սիրիայի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո եւ ընդդիմությունից հնչած «Սիրիան երկրորդ Աֆղանստան դարձնելու» սպառնալիքից առաջ, ռուսական թերթերը մեկնաբանել եւ վերլուծել էին ՌԴ-ի Սիրիա ներխուժելու նախադրյալներն ու հետեւանքները, մասնավորապես գրելով․ «Դժվար չէ կռահել, որ եթե Ռուսաստանը որոշում կայացնի Իսլամական պետության դեմ զինված պայքար սկսել, ապա իր հարվածների համար որպես պլացդարմ կօգտագործի ոչ միայն Սիրիայի տարածքը: …Իրանի եւ այլ երկրների ու կազմակերպությունների աջակցության դեպքում, որոնք ճանաչում են Սիրիայի այսօրվա իշխանություններին…»: Ի՞նչ էին այս դատողությունները՝ զոնդա՞ժ, թե՞ արտահոսք, դժվար է ասել:

Փոխարենը հայտնի է, որ Մերձավոր Արեւելքում, Սիրիայից դուրս կարծես միայն Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան է, որտեղից Մոսկվան կարող է ֆիզիկապես հրթիռային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին: Եթե Независимая газета-ն հենց սա էր ակնարկել, ապա իրենց էլ, Կրեմլին էլ պետք է արեւի լույսի պես պարզ լիներ, որ Հայաստանի տարածքը երբեք չի կարող օգտագործվել Սիրիայում որեւէ մեկին հարված հասցնելու համար՝ ոչ ի պաշտպանություն, ոչ ընդդեմ: Ռուսաստանի մտքով անգամ չպետք է նման տարբերակ անցնի:

Սակայն, շատերի դիտարկմամբ, Ռուսաստանը ոչ այնքան պատրաստ է ընդգրկվելու Սիրիայի անհայտ ելքով պատերազմում, որքան հաշվարկում է Արեւմուտքի հետ պայմանավորվել Ասադի հեռանալու շուրջ՝ ակնկալելով, որ Ասադից հետո էլ Մոսկվայի շահերը հարգվեն Սիրիայում, մասնավորապես՝ Սիրիայից դեպի Միջերկրական ծով ելքի հնարավորությունը: Թե ինչ կհաջողվի՝ թերեւս երեւա ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանից հետո:

Այդուհանդերձ թվում է, որ Ռուսաստանի համար օգոստոսից ի վեր ծագած ամենամեծ դիվանագիտական, քաղաքական ու ռազմական խնդիրը Ճապոնիայում պետք է փնտրել:

Օրերս Ճապոնիայի խորհրդարանը վերացրեց Երկրորդ աշխարհամարտից ի վեր հաստատված դրվածքը, որ երկրի զինված ուժերին արգելում էր գործողությունների մասնակցել Ճապոնիայի սահմաններից դուրս: Իսկ դա նշանակում է, որ Ճապոնիան կարող է վաղ կամ ուշ հաստատվել միջազգային միլիտարիստական քարտեզի վրա՝ այն էլ ոչ թե միայնակ, այլ նոր դինամիկա հաղորդելով խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ձեւավորված այն ռազմական համագործակցությանը, որը ոչ պաշտոնապես կոչվում է «Ասիական ՆԱՏՕ» եւ ընդգրկում է Ճապոնիա-ԱՄՆ-Հնդկաստան- Ավստրալիա հիմնարար քառյակը:

Պարզ է, որ Պուտինն այժմ կգնա ցանկացած զիջման, միայն թե կարողանա tet-a-tet հանդիպել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում Ռուսաստանի շուրջ:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X