Մեդիախոհանոց-9

Օրերս «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, «Մարդկային գործոն» հաղորդման ժամանակ մի խումբ լրագրողներ, լրագրողական աշխարհին մոտ կանգնած անձինք քննարկում էին մամուլի էթիկայի խնդիրները։ Հարկ չենք համարում հաղորդմանը մանրակրկիտ անդրադառնալ, քանի որ չնայած թվում էր՝ մամուլի հարցերով շահագրգիռ եւ հենց մամուլը ներկայացնող անձինք էին հավաքված, բայց խոսակցությունն այնքան ոչ պրոֆեսիոնալ, այնքան միակողմանի ու ակնհայտ նեգատիվ թեքումով էր ընթանում, որ բովանդակային մասով առարկելը նույնն է, որ սկսենք ապացուցել, թե անհրաժե՞շտ է արդյոք մամուլն ընդհանրապես, եւ ազատ խոսքը որքանով է օգտակար հանրությանը։ Երբ մամուլից «աբիժնիկ» են ոչ միայն չինովնիկներն ու շոուբիզնեսի աստղիկները, այլեւ հենց մամուլի կարկառուն ներկայացուցիչները, բանավիճելն ավելորդ է։ Բայց մի մասով, այնուամենայնիվ, ուզում եմ արտահայտվել։

Դեռեւս 2007 թվականին մամուլի մի շարք ներկայացուցիչներ, մամուլի չինովնիկների հետ համատեղ, ովքեր մի կողմից լրատվամիջոցների համար զսպաշապիկներ սահմանելու կողմնակից են, մյուս կողմից՝ մամուլի ազատության թեմայով բազմամիլիոն գրանտներ ստանալու մեծ վարպետ, որոշեցին, որ մամուլի «ինքնակարգավորմանն» ուղղված քայլեր անելու ժամանակն է եկել։ Մամուլի հարցերով զբաղվող ՀԿ-ների ղեկավարների խումբն անմիջապես զգաց գրանտների «հոտն» ու թեւերը քշտած գործի անցավ։ «ԶԼՄ-ների ներկայացուցիչների վարքականոն գրվեց», «ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին» ձեւավորվեց, որի կազմում, բնականաբար, ընտրվեցին յուրայինները։ Ու սկսեցին ստորագրություններ կորզել տարբեր լրատվամիջոցներից, համոզել, որ միանան այս «Դիտորդ մարմնին»։ Չէ, անշուշտ, ոմանք մեծ սիրով ու հոժարակամ ստորագրեցին այս փաստաթղթերը՝ չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, թե ինչ շահագրգռությունից ելնելով։ Բայց գործող լրատվամիջոցների մի հսկայական մասը, այդ թվում՝ «Հրապարակը», չստորագրեց այս փաստաթղթերը եւ չանցավ «Դիտորդ մարմնի» թրի տակով, ինչը մամուլի «չինովնիկներին» շատ է զայրացնում, եւ նրանք բոլոր հնարավոր առիթներով խոսում են այս մասին, ինչպես արեցին վերը նշված հաղորդման ժամանակ։ Եվ խոսելիս էլ, որպես կանոն, աշխատում են ներկայացնել այնպես, որ իրենց «Վարքականոնին» միացել են օրինավոր ԶԼՄ-ները, էթիկայի կանոնները պահպանողները, իսկ, այ՝ չմիացողները, վատն են, էթիկայի նորմերն էլ չեն պահպանում։ Ասենք, օրինակ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշված հաղորդման ժամանակ հայտարարեց, թե չմիացողներից ոմանք ասում են, որ չեն միանում, քանի որ չեն կարող պահպանել այդ կանոնները։ Մինչդեռ, չմիանալու պատճառներն այլ են։ Փաստաթուղթն ինքնին վատը չէ. միջազգային կառույցների աչալուրջ հսկողության ներքո կազմված «Վարքականոնն» արտերկրի նմանատիպ փաստաթղթերի նմանությամբ կազմված, նորմալ փաստաթուղթ է, եւ բոլոր նորմալ լրատվամիջոցներն այս կանոններով էլ գործում են։

Մանավանդ՝ թղթի վրա կարելի է ինչ ասես գրել ու չկիրառել եւ կարելի է ոչինչ չգրել, բայց ծառայել հասարակությանն ու նրա շահերին։

Այս փաստաթուղթը չստորագրելու շատ ավելի կարեւոր պատճառ կա։ Մասնավորապես այն, որ «Դիտորդ մարմին» կոչվածում ընդգրկված են անձինք, որոնք ոչ մի կապ չունեն մամուլի հետ եւ եթե ունեն, ապա դա հաստատ ազատ մամուլը չէ։ Նրանց մի մասը վերջին անգամ հոդված գրել է «մեր թվարկությունից առաջ» եւ այնպիսի հոդվածներ, որոնք կարելի է լրագրողներին ներկայացնել որպես լրագրողական խոտանի վառ օրինակներ։ Այս մարմնի որոշ ներկայացուցիչներ, որոնք մամուլի մասին այս ու այն ակումբներում, եթերներում ճամարտակելու սովորույթ ունեն, իրականում երբեք չեն հետաքրքրվել գործող մամուլի, լրագրողների խնդիրներով։ Սրանք ասպարեզում հայտնվում են այն ժամանակ, երբ լրագրող է ծեծվում։ Եվ եթե գրանտներ ստանալու հեռանկարը չլիներ, այդ ծեծը դատապարտող հայտարարություններն էլ չէին անի։

Եվ ամենակարեւորը. մենք՝ գործող լրագրողներս ու խմբագիրներս, որ ամեն ինչ անում ենք սահմանափակումներից, ճնշումներից, կաշկանդող հանգամանքներից ազատվելու համար, ինչո՞ւ պետք է կամովին մտնեինք մի կառույցի մեջ, որտեղ բազում կասկածելի, անազատ, իշխանության հսկողության տակ գործող անձինք ու կազմակերպություններ են հավաքվել։

Միայն հետեւյալ նախադասությունը բավական է, որ իրեն հարգող ոչ մի խմբագիր չստորագրի նման տեքստի տակ. «Մենք՝ սույն Վարքականոնը ստորագրած լրատվամիջոցների ներկայացուցիչներս, ընդունում ենք մեր իսկ կողմից ընտրված Դիտորդ մարմնի իրավասությունը՝ քննելու մեր գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունը սույն Վարքականոնի դրույթներին, եւ պատրաստակամություն ենք հայտնում Դիտորդ մարմնի որոշումը հրապարակելու մեր լրատվամիջոցներում»:

ՀԳ. «Ինքնակարգավորման» ջատագովները պարբերաբար լիաբերան հայտարարում են, թե իրենց Վարքականոնի տակ ստորագրել է 48 լրատվամիջոց։ Մենք ուսումնասիրեցինք այդ ցանկը, որտեղ առնվազն տարօրինակ անուններ կան։ Դրանց մի մասը չի գործում, մյուսները 10-100 ընթերցող ունեն։ Իսկ, ասենք, «Վարքականոնը» ստորագրած «Դելովոյ էքսպրես» թերթի խմբագիրը, «Աբովյան» հեռուստաընկերության լրագրողներից մեկը դատվել են իրենց պրոֆեսիոնալ գործունեության հետ կապված մեղադրանքով։

«Ժամանակի միտք» թերթը, այժմ՝ կայքը, ամենաակտիվ գրագողություն անողներից մեկն է մեր դաշտում։ «Կապիտալ» թերթը վաղուց չի տպագրվում։ Գորիսի «Բան ու գործ» թերթն ու «Լաստ» հեռուստաընկերությունը, Արթիկի «Տուֆաշխարհի առօրյա», «Սպիտակի լուսարձակ» թերթերի մասին խոսելն անգամ ավելորդ է, ուր մնաց էթիկայի կանոնները պահպանելու հարցը քննարկենք։ Իսկ ցանկը եզրափակում է «Երեւանի մամուլի ակումբի շաբաթական տեղեկագիրը»։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X