Մեդիախոհանոց-12

Մեդիախոհանոցի՝ «պատվերների» թեմայով նախորդ հոդվածի տակ լրագրող, այժմ արտերկիր ուսումնառության մեկնած Արման Ղարիբյանը մի գրառում էր արել, թե հենց «մեդիադաշտում էլ կա այս միտումը՝ մեկ այլ մեդիային կասկածելու պատվեր կատարելու մեջ»: Իրոք, կա նման բան, եւ սա մի մեծ ու ցավոտ թեմայի մասն է՝ մեր դաշտում առկա անվստահության, նախանձի ու չարության առհավատչյան։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ԶԼՄ-ները՝ իրենց տակ ծառի ճյուղը կտրողի նման չեն էլ զգում, թե ինչ վտանգավոր բան է, երբ միմյանց պաշտպանելու, օժանդակելու, նեղ պահին սատար կանգնելու փոխարեն փնովում են իրար։ Եվ դա անում են բացահայտ ու թաքուն, բամբասանքի ու իրար դեմ ուղղված անհասցե մեղադրանքների, միմյանց նյութերը հերքելու եւ այլ եղանակներով։

Անշուշտ, հակառակ երեւույթն էլ լավ բան չէ, երբ ոհմակային կասկածելի շահերից ելնելով՝ մարդիկ կամ մարդկանց խմբերը պաշտպանում են միմյանց, անկախ «զնմանի» սխալներից ու վրիպումներից։ Երբեմն այլ լրատվամիջոցներից տուժած մարդկանց մերժելը, նրանց խնդիրը, բողոքը չներկայացնելը շատ բարդ է լինում։ Ի վերջո, «մարդու իրավունքներ» հասկացությունը բարձրագույն արժեք է, եւ ազատ խոսքն էլ պետք է ծառայի այդ իրավունքի իրացմանը, եւ երբ շարքային քաղաքացին դիմում է մեզ՝ պատմելով, թե ինչպես են ոտնահարել իր իրավունքները մեկ այլ խմբագրությունում, կառչում ենք անգամ փոքրիկ հնարավորությունից՝ այդ խնդրանքը մերժելու համար։ Ամեն կերպ փորձում ենք մեր գործընկերների քայլերում արդարության, օբյեկտիվության տարրեր տեսնել։

Բայց խոսքը տվյալ դեպքում կորպորատիվ շահերի մասին չէ, այլ դաշտը ողողած կասկածների, միմյանց փնովելու։ Պարբերաբար ինձ փոխանցում են, թե ինչպես է այս կամ այն թերթի ու կայքի խմբագիրը, լրագրողը մեր հասցեին վատաբանել, մեզ վերագրել բաներ, որ դույզն անգամ աղերս չունեն իրականության հետ։ Երբեմն անգամ մեր դեմ ուղղված հրապարակումներ են լինում մամուլում։ Եվ որքան էլ անտարբեր ու մեծահոգի լինենք անհիմն բամբասանքի նկատմամբ, անտեսենք դա, ցավոք, մարդիկ, հասարակությունն անտարբեր չեն։ Եվ բացասական ուղղվածության լեգենդները վնասում են մեզ։ Ոչ միայն մեզ, այլեւ, ընդհանրապես՝ ամբողջ լրատվական դաշտը։ Համընդհանուր անվստահությունը լրագրողների նկատմամբ, կասկածները, որ մենք «պատվեր ենք կատարում», «փող ենք աշխատում», մեր լսարանի, գովազդի, ազդեցության նվազումը հենց այդ քարոզչությամբ է նաեւ պայմանավորված։ Քարոզչություն, որն իրականացնում են ոչ միայն մեր «հակառակորդները»՝ մեր կողմից քննադատության արժանացած անձինք, այլեւ հենց մրցակից լրագրողներն ու խմբագիրները։ Դրա համար եթերում պրոֆեսորական տեսքով նստած ու մամուլը «քլնգող» խմբագիրներին ու լրագրողներին ես չեմ հասկանում։

Մենք կարող ենք մեր ներքին խնդիրները քննարկել, խոսել «գռդոնչի» ԶԼՄ-ների մասին, արձանագրել, որ 90-ականներին ավելի մաքուր ու նվիրյալ լրատվադաշտ ունեինք, բայց երբ մամուլը համեմատում ես մյուս ինստիտուտների հետ, ակնհայտ է, որ չորրորդ իշխանությունը շատ ավելի կայացած է մեզանում, քան իշխանության մյուս թեւերը։ Շատ ավելի մեծ օգուտ է տալիս մեր երկրին։ Շատ ավելի մոտ է ցանկալիին, քան մյուս ինստիտուտները։ Անկախ իր բոլոր թերություններից ու սխալներից։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X