ԳԴՀ-ի վերջին օրը նշվեց Երեւանում

Հոկտեմբերի 2-ին, Երեւանում “Արմենիա Մարիոթ’ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում Գերմանիայի դեսպանատան ընդունելությունն էր: Պարզվեց, 2015-ի հոկտեմբերի 2-ը քառորդ-դարյան հոբելյան է Գերմանիայի պատմության մեջ, ընդսմին գրեթե նույնքան նշանակալից մի իրադարձության հոբելյան, որքան Բեռլինի պատի փլուզումն էր: Ուղիղ 25 տարի առաջ՝ 1990թ. հոկտեմբերի 2-ին դադարել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության գոյությունը: Հոկտեմբերի 3-ին ԳԴՀ-ն միացել է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը:

Հետաքրքիր մի զուգադիպությամբ ԳԴՀ-ն Ֆեդերատիվ Գերմանիայի կազմում ընդունելու որոշումը ԳՖՀ խորհրդարանը կայացրել է 1990 թ. օգոստոսի 23-ին, ճիշտ նույն օրը, երբ Հայաստանում ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Այնուհետ սակայն, ինչպես Գերմանիայի նախկին դեսպանը՝ պրն. Ռայներ Մորելն էր ասել իր մի հարցազրույցում պատմությունը տարբեր ընթացք ունեցավ Գերմանիայում եւ Հայաստանում: Գերմանիաները միավորվեցին, իսկ Արցախյան խնդիրը շարունակում է խնդիր էլ մնալ:

Ինչեւէ, Գերմանիայի օրինակը ոգեշնչող օրինակ է, որ վատագույն ժամանակները կարող են մնալ ետեւում, եւ միշտ էլ հնարավոր է փակել պատմության դառն էջերը, բացելով խաղաղության եւ բարիդրացիության դարաշրջանը: Գերմանիայի նորօրյա պատմությունը վկայում է, որ հարյուրամյակների թշնամաքին կարող է փոխարինել բարեկամությունը, ինչպես դա պատահեց Գերմանիայի եւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի, անգամ Գերմանիայի եւ Իսրայելի հարաբերություններում, թեեւ վերջինս մթագնած էր ցեղասպանության իրողությամբ: Թշնամանքից բարիդրացիության խաղաղության ու բարգավաճման անցնելու ուղերձն ու մաղթանքը բնականաբար հնչեց նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպանի՝ պրն. Մաթիաս Քիսլերի խոսքում:

Ի դեպ երեկվա ընդունելությունը հյուրընկալում էին ոչ միայն պրն. դեսպանը եւ իր տիկինը, այլեւ որքան հասկացա նաեւ իրենց փոքրահասակ որդին, ով հազիվ մի քանի ամսեկան է եւ ակներեւաբար քայլել ու խոսել է սովորելու Երեւանում: Նրա համար հաստատ երբեմնի բաժանված Գերմանիաները անհավատալի հեռավոր անցյալ կլինեն:

Իսկ թե ինչպես ծագեց եւ իրակացավ Գերմանիաների 2+4=1 բանաձեւով միավորումը (2-ը ԳԴՀ-ն եւ ԳՖՀ-ն են, 4-ը Երկրորդ աշխարհամարտում հաղթանակած ժողովուրդները՝ ԱՄՆ-ը, ՄԹ-ն, ԽՍՀՄ-ը եւ Ֆրանսիան, որոնց համագործակցության արդյունքում ծնվեց 1-ը՝ մերօրյան միացյալ Գերմանիան), ինչպես ընթացավ Գերմանիայի վերափոխումը, ինչպես Բեռլինը հաղթահարելով “չորրորդ Ռեյխի” վերածվելու մասին բարձրաձայնվող կասկածները, իրականում դարձավ միացյալ Եվրոպայի շարժիչ ուժը՝ ժողովրդավարության, խաղաղության ու տնտեսական նվաճումների պատվարն ու երաշխավորը ներկայացված էր “Տիգրան Մեծին” կից ճեմասրահում կամակերպված ցուցադրությամբ՝ լուսանկարներով եւ պատմական կարեւոր հանգամանքիների սեղմ շարադրանքով:

Իհարկե մնում է ցանկանալ, որ Գերմանիայի հաջողությանը այս կամ այն չափով ուղեկցի նաեւ մյուս երկրներին եւ ժողովուրդներին: Հուսանք նաեւ Հայաստանին, մանավանդ որ ընթացիկ հոկտեմբերին ակնկալվում է, որ վերջապես ԵՄ անդամ բոլոր 28 պետությունները կավարտեն Հայաստանի հետ ԵՄ նոր բանակցային մանդատի հաստատումը, ինչից հետո մինչեւ տարեվերջ կմեկնարկեն նոր համաձայանգրի բանակցությունները:

Մեկնաբանություն
X