Թարգմանական արվեստը. Սարգիս Դավթյան

- Սարգիս, Գաբրիել Վիտկոպի «Դիասերը: Ս.-ի մահը» վիպակները թարգմանելուց հետո, ահա, ընթերցողի սեղանին դրեցիր մեկ այլ ուշագրավ գրքի՝ Ժան Կլոդ Կարիերի եւ Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» («Անտարես», 2015, «Գրականություն, արվեստ, մշակույթ» մատենաշար) թարգմանությունը, որը կատարվել է ֆրանսերենից, խմբագիրը Զավեն Բոյաջյանն է: Ինչո՞ւ ընտրեցիր հենց այս գիրքը:

  • Զրույցների այս ժողովածուն թարգմանել եմ «Անտարեսի» պատվերով:

Հրատարակչությունն էր գիրքն ընտրել, ավելի ճիշտ, խմբագիրս՝ Զավեն Բոյաջյանը, որի խորհրդով էլ ծանոթացա դրան ու ստանձնեցի աշխատանքը: Գիրք ասվածին այս կամ այն կերպ առնչվող իրողություններն ամենատարբեր, երբեմն անսպասելի դիտակետերից մեկնաբանող այս երկխոսությունները հեշտությամբ գրավեցին ինձ: Առաջարկն ընդունեցի, բայց, անկեղծ ասած, նույն ոգեւորությամբ չէի աշխատում, ինչ Վիտկոպի հիշատակածդ գործերը թարգմանելիս, մանավանդ, որ գրքի թարգմանությունը համընկավ այն ամիսներին, երբ Գերմանիայում էի ու տարվել էի գերմաներեն սովորելու մտքով: Զղջում էի, որ անպատեհ պահի էս տեսակ բարդ գործ եմ ընտրել: Ուսումն աշխատանքի հետ համատեղելը շատ դժվար էր: Հիմա, երբ գիրքը տպվել է, մտածում եմ՝ գուցե գի՞րքն էր ինձ ընտրել:

- Թարգմանական աշխատանքների ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ ծագեցին: Կա՞ր մեկը, որի շուրջ ավելի երկար ես մտորել, տվել համապատասխան լուծում: Ասեմ, որ գիրքն ընթերցելիս վայելեցի ճշգրիտ ու գեղեցիկ հայերենի համադրություն:

  • Շնորհակալ եմ գնահատականի համար: Առաջին հերթին փորձել եմ ճշգրիտ լինել, այն աստիճան, որ թարգմանությունն ավարտելուց հետո երկար ժամանակ տառապում էի գրքի հետ կապված սեւեռուն մտքերից: Անընդհատ ինչ-ինչ մանրամասներ էի ստուգում, ինչ-որ բաներ փոփոխում, շտկում: Հանրագիտարանային ընդգրկում ունեցող այս ժողովածուի պարագայում երեւի թե նման մի բան սպասելի էր: Թարգմանելիս հազար ու մի ուսումնասիրության կարիք եղավ, որովհետեւ տեքստը հեղեղված է ամեն տեսակ տվյալներով, հղումներով՝ փիլիսոփայությանը, մշակութաբանությանը, կրոնին, գրատպությանը, կինոյին, լեզվաբանությանը, սոցիոլոգիային, նոր տեխնոլոգիաներին եւ էլ չգիտեմ, թե ինչ ոլորտներին առնչվող հասկացություններով ու տերմիններով, որոնց մի մասի համար հայերենում գործածվող համարժեք տարբերակներ գտնելը երբեմն անհնար էր: Սրա հետ մեկտեղ, խնդրահարույց էր նաեւ մեջբերումների, հատկապես չափածո տողերի թարգմանությունը, որն իր հերթին մեջբերվող գործի ու դրա հեղինակի մասին մշտապես լրացուցիչ ուսումնասիրություններ էր պահանջում:

- Կա՞ թարգմանական մի մեթոդ, որն ավելի հարազատ է քեզ, որով առաջնորդվում ես:

  • Դժվարանում եմ առանձնացնել: Կարծում եմ՝ թարգմանական տարբեր խնդիրների բախվելիս տարբեր մոտեցումներ համատեղելու ճկունություն է պետք: Քանի որ ճշգրիտ թարգմանության մասին էի խոսում, դրա հետ կապված՝ մի օրինակ բերեմ: Հաճախ հայերեն թարգմանություններ եմ կարդում, որոնք խճողված են ամենայն «ճշգրտությամբ» պատճենված անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի շարահյուսական կաղապարների անըմբռնելի կույտերով: «Հավատարմության» տարածված տեսակ է: Չի ընդունում, որ երբեմն էլ «հեռանալով» ես մոտենում թարգմանածիդ բուն էությանը: Ես էլ, ընդհակառակը, էս տեսակ անճոռնի պատվաստներ չեմ հանդուրժում, փորձում եմ հայերեն մտածել ու առաջնորդվել հայերենի տրամաբանությամբ:

- Զրույցներում Էկոն եւ Կարիերը վեր են հանում քաղաքակրթության համար կարեւորագույն եւ հրատապ հարցերը, որոնք վերաբերում են գրքի ապագային, հիշողությանը, պատմության աղավաղմանը, հիմարության առմիշտ ներկայությանը: Արդեն որպես ընթերցող, ո՞ր խնդիրն է քեզ ավելի շատ հետաքրքրում։

  • Այս պահին միտքս հիմարության շուրջ ծավալվող զրույցները եկան. հետաքրքիր էր, որ զրուցակիցները չեն սահմանափակվում բացառապես մտքի հսկա հուշարձանների պատմությամբ եւ գիրքը ներկայացնում են ոչ միայն մարդկային հանճարի, այլ նաեւ տխմարության գլուխգործոցներով, որոնք մեզ պարզած հայելիների պես մեր սեփական տխմարությունն են հիշեցնում: Ի դեպ, առաջին անգամը չէ, որ անդրադարձ է արվում այս թեմային. հիշենք «Հիմարության եւ սխալ դատողությունների բառարանը», որ Կարիերը գրել է ֆրանսիացի գրող, պատմաբան Գի Բեշտելի հետ:

- Կա՞ գրքում հնչած մի գաղափար, կարծիք, որի հետ համաձայն չես, որը չես կիսում:

  • Երեւի այդքան էլ լավատես չեմ գուտենբերգյան գրքին վիճակված ապագայի հարցում:

Բայց Կարիերի եւ Էկոյի փաստարկները հազիվ թե կարողանամ վիճարկել: Ի դեպ, գրքի տասնյակ թարգմանություններից ինձ հայտնի երկուսի վերնագրերը զրուցակիցների լավատեսությամբ են ներշնչված: Գերմաներեն թարգմանությունը ներկայանում է «Գրքի մեծ ապագան», իսկ անգլերենը՝ This is not the end of the book (բառացի՝ «Սա գրքի վերջը չէ») վերնագրերով: Ինչ վերաբերում է հայերենին, բնագրի վերնագիրն է նույնությամբ կրկնում, ոչինչ չեմ փոխել: Հիմա մտածում եմ՝ մի տեսակ սպառնալի չի՞ հնչում:

- Այս գրքի թարգմանությունը, ի վերջո, ինչպիսի՞ փորձառություն էր: Քեզ համար ի՞նչ եզրահանգումներ արեցիր:

  • Ճամփորդության պես մի բան էր, հետաքրքիր, բայց խութերով լի ճանապարհ, որն անցնելիս շատ բան գտա թե՛ որպես ընթերցող, թե՛ թարգմանիչ: Գրքի ստեղծման վաղ շրջանից մինչեւ մեր օրեր ձգվող այս ճանապարհորդությունը, կարծում եմ, գիրքը վերաբացահայտելու եւ «կիբեռբռնատիրությունից» խույս տալու շատ գրավիչ հնարավորություն է:
Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X