Կրեմլի մեկշաբաթյա ռազմա-քաղաքական արկածները

Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 30-ին, չգիտես ինչ հաշվարկով կամ ում հիմար խորհրդով (եթե հավատանք Bloomberg-ին՝ խորհրդատուները եղել են ՌԴ ռազմաքաղաքական բլոկի ինչ-որ ֆիգուրներ՝ Պատրուշեւ, Իվանով եւ նման ազգանուններով), նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմաօդային ուժեր ուղարկեց Սիրիա՝ իբր ISIS-ի դեմ նոր ճակատ բացելու:

Մեկ շաբաթ անց կարող ենք արձանագրել, որ Պուտինն իրականում մի քանի ճակատ բացեց իր ու իր ղեկավարած երկրի դեմ: Որոշ լարվածություններ Կրեմլը գեներացրեց, որոշ իրադարձություններ ուղղակի ժամանակային առումով համընկան, բայց ընդամենը այս երկու օրերին՝ հոկտեմբերի 5-6-ին, մի քանի այնպիսի հարվածներ իջան Ռուսաստանի ու Պուտինի դեմքին, որ նույնիսկ միջազգային տոտալ հակակրանքի ու մերժման ֆոնին ուշադրություն գրավեցին: Ի՞նչ պատահեց:

Հեռավոր Արեւելքում

Նախ Հեռավոր Արեւելքի երկրները՝ մասնավորապես Վիետնամը, Հնդկաստանը եւ այլն, որոնց հետ իր խրտվիլակ ԵՏՄ-ով Պուտինը ջանում էր հարաբերություններ զարգացնել, գրողի ծոցն ուղարկեցին Պուտինին էլ, Ռուսաստանն էլ, ԵՏՄ-ն էլ: Հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Տրանս-խաղաղօվկիանոսյան համագործակցության (TPP) համաձայնագրի նախաստորագրման մասին, որը նախատեսում է ազատ առեւտրի գոտու ստեղծում եւ մաքսատուրքերի փոխադարձ վերացում կամ նվազեցում Ամերիկա եւ Ասիա մայրցամաքների 12 երկրների միջեւ: Միայն ԱՄՆ-ի մասով, համաձայն Սպիտակ տան հաղորդագրության, նախատեսվում է ամերիկյան արտադրության ավելի քան տասնութ հազար ապրանքների համար մաքսատուրքերի վերացում: Ներկա դրությամբ TPP համաձայնագիրը նախաստորագրել են եւ պետք է ազգային խորհրդարաններում վավերացնեն ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Ճապոնիան, Մալազիան, Նոր Զելանդիան, Բրունեյը, Սինգապուրը, Վիետնամը, Ավստրալիան: Համաձայնագրին միանալու գործընթացում են Կոլումբիան, Ֆիլիպինները, Թաիլանդը, Ինդոնեզիան եւ Հարավային Կորեան: Ներքին օրենսդրությունը բարեփոխելուց հետո համաձայնագրին միանալու հեռանկար կունենան նաեւ Հնդկաստանը, Բանգլադեշը եւ Կամբոջիան: Շատերը գիտակցում են, որ սա Չինաստանի պոտենցիալ չեզոքացումն է Հեռավոր Արեւելքում, էլ ուր մնաց Ռուսաստանը թեկուզ լուսանցքային ներկայություն ունենա այնտեղ:

Մերձավոր Արեւելքում

Հեռավոր Արեւելքը՝ իր տեղում, իսկ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի համար ընդամենը մեկ շաբաթում էլ ավելի հուսահատեցնող ու մեկուսացած հեռանկար գծագրվեց:

Դժվար է հասկանալ, թե ինչու, բայց Կրեմլում չեն ընկալում, որ իրենք չափազանց թույլ են ու անկարող որեւէ մեկին մոլորեցնելու համար: Որքան էլ Ռուսաստանը գլուխ ցավեցներ, թե ինքը ISIS-ի դեմ է պատերազմում, շատ արագ աշխարհին հայտնի դարձավ, որ իրականում Ռուսաստանը հարվածում է նախագահ Ասադի համար վտանգ ներկայացնող Սիրիայի չափավոր ընդդիմությանը եւ քաղաքացիական բնակչությանը: Արդյունքում հոկտեմբերի 5-ին Սիրիայում գործող շուրջ 4 տասնյակ զինյալ խմբավորում, այդ թվում՝ Սիրիական ազատ բանակը եւ Իսլամական ճակատը, որոնք միասնաբար, ասվում է, թե վերահսկում են Սիրիայի տարածքի 60 տոկոսից ավելին եւ համապատասխանաբար ունեն 70 եւ 40 հազար զինյալներ, Ռուսաստանին հայտարարեցին թշնամական ուժ եւ համաձաjնության եկան հակառուսական կոալիցիա ստեղծելու մասին՝ նպատակ հռչակելով Մոսկվայի դեմ ռազմական պայքարը Սիրիայում եւ Ռուսաստանում: Ովքեր էլ զենքով չեն պայքարում, համացանցով ու ռուսներին անիծելով են պայքարում: Մի tweet շատ ուշագրավ էր։ Գրել էին. «Ալլահ, Սիրիան գերեզման դարձրու ռուսների համար»:

Մարդիկ հավատում են, որ ինչպես Աֆղանստանը դարձավ ԽՍՀՄ-ի գերեզմանափորը, այնպես էլ Սիրիան նույն դերը կկատարի մերօրյա Ռուսաստանի համար: Վատ չի լինի, բայց դժվար թե Ռուսաստանը Սիրիայում կարողանա երկար մնալ, որ կործանման էլ հասնի: Եթե Ուկրաինայի հարավ-արեւելքում Կրեմլի ուժերը հազիվ 1,5 տարի գոյություն պահպանեցին, ապա Սիրիայում 1,5 ամիսն էլ մեծ ժամկետ կլինի՝ հատկապես ներկա տեմպերով իրենց հանդեպ թշնամանք գեներացնելու դեպքում:

Թուրքիայում

Էրդողանն ու Թուրքիան էլ, իրենց հերթին շաբաթասկզբին մի ամբողջ թատրոն բեմադրեցին նրանից, որ ռուսական ինչ-որ ինքնաթիռ մի քանի վայրկյանով թե րոպեով հայտնվել էր Թուրքիայի օդային տարածքում: Մինչ Կրեմլը Պեսկովի միջոցով ճամարտակում էր, թե Թուրքիայի հետ իրենք այնքան կապեր ունեն, որ ինքնաթիռի միջադեպը խնդիր չի ստեղծի, Թուրքիան նախ հայտարարեց, որ խնդիր արդեն ստեղծվել է, երկրորդ՝ հաջորդ նման միջադեպի պարագայում ռուսական սահմանախախտ ինքնաթիռը կոչնչացվի, եւ երրորդը, ամենաէականը՝ երկուշաբթի նախ Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնեց Բրյուսել, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հանդիպեց, եւ իր խնդրանքով նաեւ ՆԱՏՕ-ում անդամ երկրների դեսպանների մակարդակով արտակարգ խորհրդակցություն գումարվեց, պաշտոնական հայտարարությամբ Ռուսաստանից պահանջեցին վերջ տալ Սիրիայում քաղաքացիական անձանց ու չափավոր ընդդիմության դեմ հանցագործություններին ու սպանություններին: Երեկ էլ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի սահմանը խախտելը նշանակում է ՆԱՏՕ-ի դեմ ոտնձգություն, եւ եթե Ռուսաստանն իր վերջին քայլերը Մերձավոր Արեւելքում չվերանայի, ապա կկորցնի Թուրքիայի բարեկամությունը: Հասկանալիորեն, Ռուսաստանի բարեկամությունը Թուրքիայի համար մեծ բան չարժե:

Բելառուսում

Վերջապես, բոլոր այս հարվածներն էլ քիչ էին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, չգիտես՝ ռուսական մամուլին, կառավարությանը, թե անձամբ նախագահ Պուտինին հիմար համարելով, երեկ երեկոյան հայտարարել էր, որ ինքը բացարձակապես տեղյակ չէ, նման խոսակցություն անգամ չի վարել եւ բացառում է Բելառուսում ռուսական ռազմաբազա տեղակայելը: Մի ծրագիր, որ նույնիսկ ՌԴ կառավարությունն էր քննարկել եւ կարծես հաստատել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Գերմանիայում տեղակայվող միջուկային մարտագլխիկների: Ըստ Լուկաշենկոյի, ռազմաբազայի մասին խոսակցությունները ռուսներն են հորինել, որպեսզի խոչընդոտեն ԵՄ-ի հետ Բելառուսի մերձեցմանը:

Մնում է հարցը. որեւէ մարդ, կառավարություն կամ երկիր, թեկուզ կիսասթափ բանականությամբ, կարո՞ղ է մեկ շաբաթում այդքան պատմության մեջ ընկնել: Դա, երեւի, ռուսների մենաշնորհն է:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X