Մեդիախոհանոց-14

Ամեն օր մենք ականատես ենք ծայրահեղորեն հակառակ իրավիճակների։ Մի կողմից՝ ամենաթողություն, որ տիրում է սոցցանցերում եւ հատկապես Ֆեյսբուքում։ Հայհոյանք, վիրավորանք, զրպարտություն, ապատեղեկատվություն, անպատասխանատու հայտարարություններ, մարդկանց իրավունքների ու արժանապատվության ոտնահարում, պետական միջոցների հանցավոր վատնում՝ Ֆեյսբուքում գործող ֆեյքեր պահելու եւ ուղղորդված փիառ իրականացնելու համար։ Մյուս կողմից՝ լրատվամիջոցների, լրագրողների կաշկանդվածություն, ճնշումներ ԶԼՄ-ների վրա, խոսքի ազատության սահմանափակումներ, ինֆորմացիան ճշգրտելու խոչընդոտներ։ Ամբողջ բանն այն է, որ մի դեպքում այդ ազատությունը հանդուրժում են, համենայնդեպս՝ չեն կարողանում սահմանափակել միայն մի պատճառով, որ համապատասխան օրենսդրություն չկա, եւ սոցցանցերում բուռն գործունեություն ծավալողները հիմնականում դա անում են անանուն՝ ֆեյքերի միջոցով։ Իսկ լրագրողների ու լրատվամիջոցների պարագայում հայտնի են անձինք, եւ նրանց նկատմամբ «պատժամիջոցներ» կիրառելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում։

Արդյունքում ինչ պատկեր ունենք երկրում. սոցցանցերն իրենց վրա են վերցրել տեղեկատվություն փոխանցելու առաքելությունը, վերածվել են մի մեծ ու խառնափնթոր լրատվամիջոցի, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում», իսկ լրատվամիջոցները վախենում են տեղեկատվություն փոխանցել, սրա-նրա «բոստանը» մտնել, «հզորների» դեմ նյութեր գրել։ Եվ այնպես է ստացվել, որ տաբուների ցանկը խիստ մեծացել է։

Տաբուների, այսինքն՝ արգելված թեմաների, անձանց ցանկը ես կբաժանեի մի քանի խմբի։ Առաջինը հայրենասիրական-հոգեբանական տաբուներն են։ Դրա մեջ գլխավորը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությանն առնչվող նյութերն են՝ սահմանից եկող լուրեր, բանակի վիճակ, բանակի ղեկավարության մասին հրապարակումներ։ Այս թեմաներով յուրաքանչյուր չնչին քննադատություն դիտվում է որպես հայրենիքի դավաճանություն, եւ լրագրողն ու լրատվամիջոցը խարազանվում են։ Բանը հասել է այնտեղ, որ «թշնամուն չուրախացնելու» համար մեզ կոչ են անում չգրել գեներալների, պաշտպանության նախարարի ու փոխնախարարների մասին ոչ մի բացասական նյութ։

Առավել եւս՝ այս ցանկում են սահմանամերձ գոտում ծագող բախումները, դիվերսիաները, մեր զոհերի քանակն ու այլ մանրամասներ։

Տաբուների մյուս խումբը իշխանության բարձր օղակներում գտնվողներն ու նրանց հարազատներն են՝ եղբայրներ, երեխաներ, հարս ու փեսաներ, կանայք, մայրեր, թիկնապահներ, վարորդներ։ Ասենք, Սաշիկ Սարգսյանի մասին որեւէ հրապարակում կարող է մեծ գլխացավանքի թեմա դառնալ լրատվամիջոցի ղեկավարի համար։ Այնպես, որ հաջորդ անգամ նմանատիպ հրապարակում անելիս խմբագիրը հազար անգամ գցի-բռնի ու ձեռնպահ մնա նման «մուխաննաթ» գործից։

Որոշակի տաբուներ կան այն անձանց ու կառույցների հետ կապված, որոնք մեծ ֆինանսական հնարավորություններ եւ քրեաիրավական լծակներ ունեն։ Դրանց շարքին են պատկանում գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի ղեկավարի, հայտնի գողականների, օլիգարխների մասին հրապարակումները։ Ասենք, օլիգարխներից մեկի թիկնազորի մասին հրապարակումը կարող է բազում հեռախոսազանգերի, շանտաժի, սպառնալիքների առիթ դառնալ։ Կարող են «անհայտ անձինք» այցելել խմբագրին եւ հորդորել՝ հանել նյութը, հերքել, ձեռնպահ մնալ հետագա հրապարակումներից։ Եվ եթե թույլ նյարդեր ունես, կարող ես խուճապի մատնվել, զիջել, նահանջել։ Տաբուների մյուս խմբին կանդրադառնամ հաջորդիվ։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X