Ո՞ր հեղինակին կնախընտրի Նոբելը

Վաղը հայտի կդառնա գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակրի անունը: Ֆիզիկայի, քիմիայի բնագավառներում մրցանակակիրներն արդեն հայտնի են: Ամեն տարի այս օրերին կրքերը բորբոքվում են, բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ են կատարվում, տարբեր կայքերում հրապարակվում է հավանական թեկնածուների ցանկը: Այս ամենը մի տեսակ սպորտային մրցավազքի է նման, մասնավորապես՝ ձիավազքի:

Ո՞վ կհաղթի՝ Մուրակամի՞ն, թե՞ Ադոնիսը: Կհաղթի պոե՞տ, թե՞ արձակագիր: Կհաղթի ճանաչված հեղինա՞կ, թե՞ անհայտ մեկը: Շվեդական ակադեմիան կրկին անակնկալ կմատուցի՞, թե՞ ոչ: Վերջին տասնամյակում Նոբելյան հանձնաժողովի կայացրած որոշումները բավականին վեճեր ու խմորումներ են առաջացրել: Հետեւելով արեւմտյան մամուլի հրապարակումներին, գրական ֆորումներում, բլոգներում արված գրառումների բնույթին՝ կարելի է ասել, որ դժգոհողների բանակը գերակշռում է: Երբ Նոբելյան մրցանակը տալիս են ծագումով ռումինացի, գերմանալեզու արձակագիր, բանաստեղծ Հերտա Մյուլերին կամ կարմիր Չինաստանի գրողների միության քարտուղար, արձակագիր Մո Յանին, հետեւում է ապշանքի ու զարհուրանքի ալիք, այն դեպքում, երբ շատերը նույնիսկ ծանոթ չեն այս գրողների վեպերին (իսկ դրանց մեջ հետաքրքիր գործերը քիչ չեն):

Անցյալ տարի, երբ մրցանակի արժանացավ ֆրանսիացի արձակագիր Պատրիկ Մոդիանոն, ով նույնպես գրական աշխարհում մեծ ճանաչում չունի, կրկին այդ որոշումը բնութագրվեց որպես կանխակալ, քանզի, շատերի կարծիքով, Մոդիանոն «թույլ» գրող է, եւ ներկա պահին Ֆրանսիայում ստեղծագործում են ավելի արժանավորները, եւ մրցանակը նրանցից մեկին պիտի շնորհվեր: Իրականում այս ամենը վերածվում է զավեշտի: Եթե անգամ Նոբելյան հանձնաժողովը որոշի մրցանակը շնորհել մոլորակի ամենահանճարեղ գրողին, մի քանի րոպե հետո կհայտնվի «հանճարեղ գրողի» այլ տարբերակ: Հանճարն ակնթարթում կդառնա բանջար ու հակառակը:

Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած բազմաթիվ հեղինակներ կան, որոնք վաղուց մոռացության են մատնվել, եւ կան հեղինակներ (Մարսել Պրուստ, Վիրջինիա Վուլֆ, Ջեյմս Ջոյս, Խորխե Լուիս Բորխես, Վլադիմիր Նաբոկով, Ֆրանց Կաֆկա, Պետեր Հանդկե, Իտալո Կալվինո, Դանիլո Կիշ եւ ուրիշներ), որոնց հանձնաժողովը սլացիկ կերպով շրջանցել է. շրջանցել է շատ ժամանակ այն մարդկանց, ովքեր կերտել են 20-րդ դարի ողջ գրականությունն ու միտքը: Ինչեւէ, չպետք է մոռանալ, որ Շվեդական ակադեմիան նաեւ մրցանակ է շնորհել, այսպես ասած, գրականության արժանավոր զավակներին (Համսուն, Սարտր, որ հրաժարվեց մրցանակից, Կամյու, Մարկես, Բրոդսկի, Վարգաս Լյոսա, Կավաբատա եւ ուրիշներ)՝ ինչ-որ չափով գոհացնելով մասսաների քիմքը:

Ընտրության հարցում Նոբելյան հանձնաժողովին միշտ էլ մեղադրել են քաղաքականացվածության, եվրոպամետության մեջ, եւ, իհարկե, ինչ էլ անեն նրանք, միեւնույն է՝ մեղադրանքները շարունակվելու են:

Ընդհանուր առմամբ, կա տպավորություն, որ Նոբելյան մրցանակը նոր ժամանակներում պարզապես դարձել է կրքերի ու խաղադրույքների հրապարակը, գրականությունն արժեւորող հերթական ինստիտուցիա: Իսկ մենք կարծես ապրում ենք առհասարակ բոլոր արժեքների գնահատման կարգը վերափոխելու ու վերասահմանելու ժամանակներում:

Ուստի Նոբելյան մրցանակն ավելի շատ դիտարկելի է որպես պատմությունից ավանդված մասունք, տոնակատարություն, ուղղակի հերթական միջոցառում: Եվ ահա, ավանդույթի համաձայն, այս օրերին բուքմեյքերական գրասենյակները նորից տալիս են հավանական թեկնածուների հին ու նոր անուններ:

Ես էլ ինձ համար ունեմ նախընտրելի հեղինակներ: Օրինակ՝ շատ կուզեի, որ, ի վերջո, մրցանակը շնորհեին ամերիկյան գրականության ներկայացուցչի, ասենք՝ Ֆիլիպ Ռոտին կամ Թոմաս Փինչընին, Լիդյա Դեւիսին կամ Ֆրանսիայում իր կյանքի վերջին տարիներն ապրող չեխ արձակագիր Միլան Կունդերային, կամ ավստրիացի արձակագիր Պետեր Հանդկեին, նաեւ հունգարացի արձակագիր՝ «Գիրք հիշողության» հրաշալի վեպի հեղինակ Պետեր Նադաշին: Բայց վատ չէր լինի, եթե մրցանակը շնորհեին, ասենք, մեներգիչ Բոբ Դիլընին (որ նաեւ բանաստեղծությունների եւ մի ուշագրավ վեպի հեղինակ է) կամ ռոք աստղ Նիք Քեյվին: Բայց սրանք անձնական ցանկություններ են, մեծ խաղին մասնակցող ցանկություններ, եւ գուցե մեկն էլ իրականանա:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X