Մեդիախոհանոց-15

21-րդ դարի լրագրությունն էականորեն տարբերվում է 20-րդ դարի լրագրությունից։ «Մութ ու ցուրտ» տարիներին լրագրող աշխատած գործընկերներս կհիշեն, որ ոչ միայն վերարկուներով էինք նստում մեր խմբագրություններում, ձեռնոցներով հոդված գրում, երբեմն ոտքով կիլոմետրերով աշխատանքի գնում, այլեւ կապի տարրական միջոցներ չկային։ Ասենք՝ քաղաքային հեռախոսներն էլ նորմալ չէին աշխատում, եւ որեւէ մեկից մեկնաբանություն, լուր հեռախոսով ստանալ պարզապես հնարավոր չէր։ Այնպես որ՝ մենք, այսօրվա լրագրողների նման, չէինք նստում խմբագրություններում եւ սուրճ խմելու ընդմիջումներին «ոտը ոտի վրա գցած» բջջային հեռախոսով զանգելով՝ «սուտի» հարցազրույցներ անում։ Հարցազրույց վերցնում էինք կենդանի մարդուց։ 90-ականների ձայնագրիչներն էլ «կասետով» աշխատող, հաճախ փչացող էին, ուստի ամենավստահելին «գրիչն ու բլոկնոտն» էին։ Հսկայական հարցազրույցներ էինք անում, մարդու հետ զրուցելիս հընթացս սղագրելով։ Ինտերնետ-Գուգլ, տեղեկատվական բազա-արխիվ ասվածները գոյություն չունեին, եւ ցանկացած տարրական փաստ, թիվ, անուն ճշտելու միակ ճանապարհը Հանրային գրադարան գնալն էր կամ լավատեղյակ անձանց իմացությանը վստահելը։ Հիմա այս բոլորը նախնադար է թվում՝ անհավատալի, հեռավոր ու անգամ՝ զավեշտալի։ Տեխնիկայի ու առաջադիմության մեր ժամանակներում, երբ ցանկացած տեղեկատվություն ճշտելու համար վայրկյանները բավական են, իսկ տեսագրություն-ձայնագրություններն արվում են գերժամանակակից թռչող սարքերով ու մուլտիմեդիայի միջոցներով, թվում է՝ լրագրող աշխատելն ի՞նչ է՝ խաղ ու պար։ Ով ասես կարող է աշխատեցնել այդ տեխնիկան, ձայնագրել-սղագրել, լուսանկարել-տեսագրել, տեղադրել համացանցում, տարածել Ֆեյսբուքում։ Մարդկային թուլությունների ու հիվանդագին հետաքրքրասիրության վրա կառուցված նյութեր անել ու, ամենակարեւորը՝ խորամանկ, «քաշող» վերնագրեր դնել եւ վերջ։ Հաջողությունը երաշխավորված է։ Դիտումները բավարար կլինեն, գովազդն ու եկամուտը՝ ապահովված։

Բայց տեխնիկական առաջընթացը, օպերատիվության մրցավազքը հանգեցրել են նրան, որ լրագրությունը վերածվել է արագ նյութ «թխելու» մրցույթի, եւ մամուլը հեղեղվել է աղբով։

Ցավալի է, բայց որակյալ նյութեր անելը, ընթերցողին մտածելու տեղիք տվող հոդվածներ գրելը գրեթե անհնարին են դարձել՝ որքան էլ դեմ լինես նյութ «թխելու» լրագրությանը։ Մի փոքր հապաղումը քեզ ուղղակի դուրս կմղի դաշտից։ Կդարձնի աուտսայդեր, կդառնաս ոչ պոպուլյար, ֆինանսապես խեղճ, ոչ մեկի կողմից չընթերցվող ԶԼՄ։ Եվ այստեղ ծագում է հարցը՝ ինչպե՞ս անել, որ ետ չմնանք արագության մրցավազքում եւ չկորցնենք որակը։ Ինչպե՞ս լուծել այս երկու, առաջին հայացքից՝ անհամատեղելի խնդիրները։

Գուցե արգելե՞լ հեռախոսով հարցազրույցներ անելը, ստիպել, որ լրագրողը հանդիպի մարդու հետ, երես առ երես տա իր հարցերը, լսի նրա պատասխանները, նայի աչքերի մեջ, զրուցակցին մղի անկեղծության։ Գուցե ավելի շատ հոդվածնե՞ր գրել, այլ ոչ թե հարցազրույցներ անել, որտեղ լրագրողի դերակատարումը նվազ է։ Թեեւ լավ հարցազրույց անելն էլ մեծ շնորհք է՝ դրան նախապատրաստվելու, զրուցակցի կյանքն ու կենսագրությունն ուսումնասիրելու պարագայում։ Գուցե դադարե՞լ հետեւել դիտումների քանակին, որը, ըստ լավատեղյակների, որոշ ԶԼՄ-ներ պարզապես կեղծում են։ Եվ մտածել որակյալ ընթերցողական լսարան գրավելու, այլ ոչ թե քանակ ապահովելու մասին։ Իսկ գուցե դիմել բոլոր թույլատրելի ու անթույլատրելի մեթոդների՞ն՝ գրագողության, թեթեւ նյութեր, պոռնո ու շոուբիզնես ներկայացնելու, սկանդալներ հրահրելու ճանապարհով։ Այն, ինչ այսօր համատարած արվում է։ Բայց այդօրինակ լրատվամիջոց ունենալը, այդօրինակ լրատվամիջոցում աշխատելն ինքնին վիրավորական է նորմալ լրագրողի ու խմբագրի համար։ Ավելի լավ է գնանք հող մշակենք, հաց թխենք, դպրոցում դասավանդենք։ Մի խոսքով՝ այլ աշխատանքով զբաղվենք։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X