Մեդիախոհանոց-17

Երբ երկու տարի առաջ թերթերի խմբագիրներով որոշեցինք պայքար սկսել գրագողության դեմ, շատ ավելի մեծ ակնկալիքներ ունեինք «Հեղինակային իրավունքի մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններից։ Արդեն մեր հոգուն էր հասել, որ մենք աշխատում ենք, իսկ ոմանք՝ «ուտում»։ Մենք կոնտենտ՝ բովանդակություն ենք ստեղծում, իսկ բազում պարազիտ կայքեր, այսպես կոչված՝ «բոռեր», մեր արտադրանքը գողանալով, անաշխատ եկամուտ են ունենում։ Բանն այն է, որ նրանք կարողանում են մեր նյութերի վրա ավելի շատ ընթերցող գրավել, քան մենք թերթ ենք վաճառում կամ մեր կայքերի դիտումներ ապահովում։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք տասնյակից ավելի աշխատողներ ենք պահում, չարչարվում, էքսկլյուզիվ նյութեր գրում, վտանգում մեզ, թշնամիներ վաստակում եւ այլն, իսկ այս պարազիտ կայքերը 1-2 աշխատողով հմտորեն գողանում են մեր արտադրածը եւ շատ լավ ապրում, որովհետեւ կարողանում են մեր նյութերի հաշվին իրենց կայքերում ավելի շատ գովազդ ունենալ, ավելի շատ ընթերցող, քան մենք։

Իսկ գողության մեխանիզմները մեզանում պարզապես կատարելության են հասել։ Երիտասարդ աղջիկ-տղաների մի ամբողջ խավ է ձեւավորվել՝ արագ քոփի-փեսթ անողների մի ամբողջ սերունդ, որոնք մյուս կայքերից ամենաարագը նյութ գողանալու չեմպիոններ են։ Բացի այդ, այս կայքերը ոչ այնքան օրինական մեխանիզմներ են մշակել՝ թերթերի էքսկլյուզիվ նյութերն արագ ունենալու համար։ Նրանք առավոտ վաղ, ավելի շուտ, քան մեր թերթերը կմտնեն կրպակ եւ կհասնեն ընթերցողին, ասենք, թերթերի բաշխման կետից առավոտյան ժամը 6-7-ին ստանում են օրվա թերթերի փաթեթը։ Ապա նյութերը ոչ թե մուտքագրվում են, ինչը ժամանակ կխլի, այլ հատուկ ծրագրով անմիջապես փոխադրվում համակարգիչ եւ վայրկյանների ընթացքում հայտնվում իրենց կայքերում։

Մեր տեղեկություններով, կայքերի այցելությունների մոտ 30-40 տոկոսն ապահովում ենք մենք՝ լրատվական դաշտի «բանող եզները»՝ թերթերը։ Թերթերի խմբագիրների միավորվելու, հայտարարություններ անելու, ապա օրենսդրական փոփոխության առաջարկով հանդես գալու պատճառն այս անարդարությունն էր, որը հույս ունեինք, որ կկարողանանք վերացնել։ ԱԺ մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Էդմոն Մարուքյանը, Արփինե Հովհաննիսյանը, աջակցեցին մեզ եւ ԱԺ-ում ներկայացրին օրենսդրական փոփոխությունը, որը «գրագողներին» պարտադրում էր անպայման հղում տալ սկզբնաղբյուրին, ապա մեջբերումն անել ողջ բովանդակությունը չբացահայտելու տրամաբանության մեջ, որ ընթերցողը բուն նյութը կարդալու կարիք զգա եւ թերթ գնի կամ այցելի սկզբնաղբյուր կայք։ Այս պահանջները խախտելու դեպքում նախատեսվում էր քաղաքացիական կարգով դատական վիճարկում եւ փոխհատուցում՝ մինչեւ 200 հազար դրամի չափով։

Մենք, անշուշտ, չէինք պատրաստվում դատի տալ մեր գործընկերներին, բայց հույս ունեինք, որ այս մեխանիզմները զսպող դեր կկատարեն։ Այսօր, 2 տարի անց, կարող ենք արձանագրել, որ առանց հղումների գրագողության դեպքերը գրեթե նվազագույնի են հասել։ Մեր նյութերը վերցնելիս քոփի-փեսթ անողներն անպայման մատնանշում են, որ հեղինակը «Հրապարակն» է։ Բայց տնտեսական իմաստով օրենքը ոչինչ չփոխեց մեր դաշտում. կրկին մեր աշխատանքի հիման վրա ուրիշները՝ առավել ճարպիկները, փող են աշխատում, իսկ մենք բավարարվում ենք ամենաընթերցված լրատվամիջոցներից մեկը լինելու «փառքով»։ Գուցե մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ կարեւորը ոչ թե միտքն է, այլ արագությունը, ճարպկությունը, օպերատիվությունը։ Եվ քանի դեռ միտքն ու ռիթմը համաքայլ չեն ընթանում, մենք պետք է հաշտվենք աղքատ ու թալանված լինելու կարգավիճակի հետ։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X