Մեդիախոհանոց-18

Տարիներ շարունակ մեր լրատվամիջոցներում նոր անուններ չեն հայտնվում։ Կյանքը կանգ է առել ոչ միայն մյուս բնագավառներում, որտեղ նոր հայտնագործություններ, կրեատիվ մտքեր, ոչ ստանդարտ լուծումներ չեն տրվում, այլեւ ժուռնալիստիկայի բնագավառում։

Տեսեք՝ 90-ականների վերջին եւ 2000-ի սկզբին տպագրվող թերթերն անգամ իրենց դիզայնը չեն փոխել այս տարիներին։ Մի տեսակ՝ յոլա գնալու ռեժիմում ենք բոլորս գոյատեւում։ Ոչ մի զարգացում, ոչ մի առաջընթաց։ Ատամներով պահում ենք ունեցածը՝ լավ օրերի հույսով, որոնք այդպես էլ չեն գալիս։ Թերեւս նաեւ դա է պատճառը, որ ընթերցողը հոգնել է, նրան նոր սնունդ է հարկավոր՝ նոր ձեւով ու նոր բովանդակությամբ։

Սակայն թերթը, մամուլը նախեւառաջ մարդն է՝ լրագրողը, որը պետք է չհոգնի, շարունակ ինքնազարգացմամբ, ինքնակրթությամբ զբաղվի, նոր գաղափարներ առաջ քաշի, վերջապես՝ աճի։ Մինչդեռ լրագրությունը մի կողմից հոգնեցնող, մարդուն հյուծող մասնագիտություն է, երբ մի քանի տարվա ակտիվ լրագրողական գործունեությունից հետո մարդն աչքիդ առաջ խամրում, հոգնում, մաշվում է։ Մյուս կողմից՝ մեր լրագրողները մի քանի նշանակալի հոդված գրելուց, մի քանի պաշտոնյայի հետ հանդիպելուց հետո աստղային հիվանդություն են ստանում՝ մեծամտանում։ Իսկ մեծամտությունը հակացուցված է ստեղծագործական աշխատանքին, մարդու աճին։ Մեծամիտ մարդուն թվում է, թե ինքը հասել է իր մասնագիտության գագաթնակետին եւ այլեւս իր վրա աշխատելու կարիք չունի։ Բոլոր ԶԼՄ-ներում այսօր կան աստղային հիվանդությամբ տառապող լրագրողներ, որոնք վաղուց արդեն լավ հոդվածներ չեն գրում, պարզապես վայելում են իրենց նախկին աշխատանքի դափնիները։ Իսկ ընթերցողը խստապահանջ է եւ մոռացկոտ՝ նա անընդհատ ուզում է, որ իրեն զարմացնեն, եւ արագ մոռանում է, թե դու անցած, նախանցած տարի ինչ լավ հոդվածներ ես գրել։

Ինչո՞ւ նոր, լավ անուններ չեն հայտնվում ժուռնալիստիկայում, երբ մեր պետական եւ ոչ պետական բուհերի մեծ մասն ունի ժուռնալիստիկայի, բանասիրության ֆակուլտետներ։ Գլխավոր պատճառն այն է, որ մեր բուհերում ժուռնալիստ չեն պատրաստում, այլ 4-5 տարվա ընթացքում ամեն ինչ անում են, որ սպանեն ժուռնալիստիկայի հանդեպ սերը, ապագա ժուռնալիստին դարձնեն ռոբոտ, ստրուկ, նախորդ դարի սկզբունքներով աշխատող լրագրող։ Դա է պատճառը, որ մեր դաշտում հայտնի լավագույն ժուռնալիստների մի մասը բոլորովին այլ կրթություն է ստացել՝ ինժեներ, տնտեսագետ, ծրագրավորող, մանկավարժ եւ այլն։ Անգամ 10-ամյա կրթությամբ հրաշալի լրագրողներ ունենք։ Ժուռնալիստիկայի պաշտոնական «այբուբենին» չտիրապետելը, պարզվում է, նպաստում է լավ լրագրող դառնալուն։ Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ նոր անուններ չեն հայտնվում լրատվական դաշտում։ Գուցե բանն այն է, որ նոր սերունդը գրագետ, խելացի, պատճառաբանված գրավոր խոսքին չի տիրապետում։ Նրանը կարճ, սխալներով լի հումորային ստատուսներն են, այլ ոչ թե լուրջ աշխատանք պահանջող հոդվածները։ Գուցե պատճառն այն է, որ լրագրությամբ «տուն չես պահի», եւ պրագմատիկ նոր սերունդը նախընտրում է բարձր վարձատրվող այլ աշխատանք, քան թե 16-18 ժամ դիկտոֆոնը ձեռքին, սրա-նրա տեսակետն արձանագրել՝ առանց հեռանկարի։ Իսկ գուցե պարզապես մենք կարդացող ժողովուրդ չենք, եւ լրագրողական լուրջ նյութերի, հետաքրքիր թերթ-կայքերի պահանջ հասարակությունը չունի՞։ Նրան «Շանթի» ու «Կենտրոնի» լուրերն էլ են բավարարում, իսկ Հանրապետական կուսակցության գրասենյակից ու նախագահական նստավայրից ստացված հաղորդագրությունները վերլուծական հոդվածներին ու լրագրողական հետաքննությունների՞ն են փոխարինում։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X