Մեդիախոհանոց-20

Հոկտեմբերի 16-ը Հայկական մամուլի օրն է։ Մենք, փաստորեն, տարվա մեջ երկու օր ունենք՝ մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է, իսկ հոկտեմբերի 16-ը՝ բացառապես հայ լրագրողների։ Թերեւս այսպիսի տարբերակում դնելու մի քանի պատճառ կա։ Նախ այն, որ հայ լրագրողները կարծես տարբերվում են մյուս երկրների լրագրողներից։

Թերեւս ավելի «պնդերես» են, ավելի շուտ՝ պնդաճակատ։ Որեւէ այլազգի լրագրող, հավանաբար, չէր կարողանա գոյատեւել այս պայմաններում եւ կատարել իր պրոֆեսիոնալ պարտքը, բայց մենք՝ հայ լրագրողներս, որպես բնության մեջ գոյություն չունեցող եզակի տեսակ, ոչ միայն ապրում ենք, կանք, այլեւ հոդվածներ ենք գրում, լրագրողական գործունեություն ծավալում, դիմակայում մեզ ուղղված մեղադրանքներին։ Մյուս տարբերությունը թերեւս այն է, որ ոչ մի երկրում լրագրողների ուղղությամբ այսքան ցեխ չի շպրտվում, ինչքան մեր ուղղությամբ։ Ոչ մի երկրում լրագրողներին այսքան չեն մեղադրում «պատվեր կատարելու», «ծախվելու» մեջ, որքան մեզ։ Սակայն եւ ոչ մի երկրում մամուլն այսքան գործ չի անում, այսքան օգտակար չէ հասարակությանը, քան մեզանում։ Ի վերջո, պետք է խոստովանել, որ բոլոր մյուս ինստիտուտների համեմատ մամուլը մեզանում ամենից կայացած ինստիտուտն է եւ, որպես չորրորդ իշխանություն, կատարում է իր ֆունկցիան։

Երեկ մենք բազում շնորհավորանքներ ստացանք ծանոթ ու անծանոթ անձանցից, մեր ընթերցողներից, որոնք, բարեբախտաբար, գնահատում են մեր աշխատանքը։ Հետաքրքիր օրինաչափությամբ, շարքային ընթերցողն ավելի շատ է գնահատում մեզ, քան պետական պաշտոնյաները, կուսակցական-հասարակական գործիչները, որոնք երբ անհրաժեշտ է՝ մեզ հետ համագործակցում են, բայց եւ ամբողջ օրը բամբասում են մեզնից։ Ցավոք սրտի, մեր համքարությունը կազմակերպված եւ համախմբված չէ։ Եթե մենք միասնական լինեինք, սարեր կշրջեինք։ Բոլոր այն դեպքերում, երբ մամուլի աշխատողները միասնական որեւէ գործ են ձեռնարկել, հասել են հաջողության։ Բայց այդ դեպքերը շատ հազվադեպ են եղել, քանզի մենք բազում տարաձայնություններ ունենք, շատ տարբեր ենք ու անհամերաշխ։

Սրան նաեւ մեր իշխանությունն ու քաղաքական դաշտն են նպաստել՝ շարունակ խառնել ու պառակտել, դասակարգել ու տարբերակված վերաբերմունք դրսեւորել։ Բայց մենք ուժեղ ենք։ Ավելի ուժեղ, քան մեր հակառակորդները, մեզ չսիրողները։ Քանզի ազատ խոսքը չի կարող ուժեղ չլինել եւ չհաղթել։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X