Հայերս ասում ենք՝ ԵԴ-ում մենք հաղթեցինք, թուրքերը՝ մենք, արդյունքում հաղթեցին հրեաները

«Ո՞վ է, վերջիվերջո, այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: 1939 թվականի օգոստոսի 22-ին Զալցբուրգում Հիտլերի արտասանած ճառից այս մեջբերումը թե՛ միջազգային արենայում եւ թե՛ մեզանում հաճախ է օգտագործվում: Սակայն ամբողջական տեքստից, չգիտես ինչու (կամ էլ թե չէ գիտես թե ինչու), մեջբերման սկզբնամասը կրճատվում է: Ահա այն. «Օսլայած օձիքով կույր եվրոպացիների աչքի առաջ կոտորվեց մի ամբողջ ժողովուրդ, ո՞վ է, վերջիվերջո, այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»:

Հիտլերի այս խոսքերը ես մտաբերեցի, երբ նայում էի այն կադրերը, թե ինչպես են Եվրախորհրդի 17 երկրներից ընտրված ատենապետները ձգված հայացքով, «օսլայած» սեւազգեստ թիկնոցներով դատարանի դահլիճ մտնում «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» վճիռը կայացնելու համար:

Տագնապով սպասում էի, թե տեսնես այս 8 տարվա երկարուձիգ լսումներից հետո ինչպիսի վճիռ կկայացվի:

Մի կողմից՝ Շվեյցարիան, մյուս կողմից՝ թուրք մոլեռանդ ազգայնական, արյունարբու Թալեաթի երկրպագու Փերինչեքը, երրորդը, ինչպես միշտ, խեղճուկրակ հայերս ու օտար փաստաբանները: Ինչ ասես մտքովս չէր անցնում, թվարկեմ դրանցից միայն երկուսը:

Առաջին: Մտածում էի, որ Մեծ եղեռնի 100-րդ տարին է, աշխարհի 26 երկրներ արդեն իսկ ճանաչել են Հայկական ցեղասպանությունը: Պատմական ելույթով հանդես եկավ Հռոմի պապը, որը յուրօրինակ մի կոչ էր համայն աշխարհին, նրան հաջորդեց Գերմանիայի նախագահի ճառը, որտեղ սեւով սպիտակի վրա նշվեց, որ իրենք էլ մեղսունակության ծանրակշիռ չափաբաժին ունեն: Եվ, վերջապես, Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպայի հետ ասոցացման նոր համաձայնագրի կնքմանը, եւ ինքս ինձ հույս էի փայփայում, որ դատավճռով կդատապարտվի Շվեյցարիայում Փերինչեկի լկտի արտահայտությունը, թե «Հայկական գենոցիդ չի եղել, դա հայերի հնարածն է, թող շվեյցարացիներն ինձ ձերբակալեն»: Ի դեպ, այստեղ գենոցիդը չճանաչողների հայտարարության, ժխտողների համար քրեական պատիժ է սահմանվում:

Երկրորդ: Որն ավելի հավանական էի համարում: Դե, լղոզված մի վճիռ կկայացնեն: Այսօր արդեն Թուրքիան խաղաղ ճանապարհով տիրում է չբեր Եվրոպային: Ու Եվրոպայի բարձրագույն դատական ատյանը կխուսափի ազգամիջյան ավելորդ բռնկումներից:
Սակայն տեղի ունեցավ ոչ թե վատը՝ լղոզվածը, այլ վատթարագույնը:

Պետք չէ իրավաբան լինես, որպեսզի կռահես, որ կայացած դատավճռով խախտվեցին ցեղասպանության, պահանջատիրության պայքարի հետագա ընթացքն ու կանոնները:

Հիմք ընդունելով «Մարդու իրավունքների պաշտպանության եւ ազատ խոսքի արտահայտման» դրույթը՝ դատարանը, փաստորեն, արդարացրեց թուրքի լպիրշությունը, որը թուրքական պետության գաղափարախոսությունն էր: Փաստորեն, Հայկական ցեղասպանությունը ճանաչած 26 երկրների եվրոպական մասում մեկընդմիշտ հարցականի տակ դրվեց քրեորեն պատժելիության օրենքի հետագա ընդունումը: Այն էլ որտեղ՝ Եվրոպայի բարձրագույն դատական ատյանում: Դրանով մեկընդմիշտ ընդգծվեց, որ՝ հայեր, հերիք է հրեաների հետ համեմատվեք: 20-րդ դարի միակ ցեղասպանությունը հրեաների հոլոքոստն է, որի դեմ արտահայտվելը քրեորեն պատժելի է, հերիք եղավ, բոլ եղավ «խանդի» տեսարաններ սարքեք եւ մեզ հետ համեմատվեք: Ինձ համար ամենացավալին այն է, որ դատավարությունում, որպես երրորդ կողմ, կամա թե ակամա, ընդգրկվեց նաեւ Հայաստանի կառավարությունը, որ այսուհետ խոսելու տեղ չունենանք: Թե չէ՝ գլուխը քարը, առանց հայկական կողմի ինչ ուզում էին, թող որոշեին: Իմ կարծիքով, այս ամենն էն գլխից խնամքով նախապատրաստված էր՝ նույնիսկ 7 դեմ, 10 կողմ քվեարկությունը, թե տեսեք ինչ վեճեր ու կռիվ է գնացել:

Հիմա հասկացաք, չէ՞, թե Էրդողանն առավոտից իրիկուն ինչու է ասում՝ Հայոց ցեղասպանության լինել-չլինելը ճշտելու համար եկեք պատմաբանների խումբ ստեղծենք:

Իսկ մեզ համար Եվրադատարանի դատավարության ելքը պարզ պիտի լիներ այն պահից, երբ Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին Հայոց ցեղասպանությունը քրեորեն պատժելու մասին Սենատի ընդունած պատրաստի փաստաթուղթը չստորագրեց՝ պատճառաբանելով, թե մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված հարցեր կան, եւ կարծիքի ուղարկեցին սահմանադրական դատարան, իսկ նա էլ, թթվացնելուց հետո, մերժեց: Այսինքն՝ «հայ ժողովրդի բարեկամ» Սարկոզին իր ձեռքով չմերժեց…

100-ամյակներ շարունակ Եվրոպայում հայկական հարցը մեկ թղթե շերեփ է դարձել, մեկ՝ տարբեր տիպի դատարանների խնդրո առարկա, նայած թե ով ինչ քաղաքական նպատակ է հետապնդել: Իսկ մենք դեռ դյուրահավատ ենք, եւ վերջ: Եվրոպական կեղծ ու փուչ դեմոկրատիային հավատում ենք, խաբվում ենք ու խաբվում: Մինչեւ ե՞րբ…

Մամուլում հրապարակված մի հոդված ունեմ, որի վերնագիրն է՝ «100 տարի անցնի թե 200, միեւնույն է՝ թուրքը չի փոխվելու»: Հիմա այս առիթով կասեի՝ «100 տարի առաջ եվրոպական դատարանները քաղաքականապես ավելի անկախ էին, քան այսօր: Վկա՝ Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարությունն ու էլի շատերը:

Ախր, մինչեւ ե՞րբ պիտի այսպես դյուրահավատ լինենք:
Հիմա հայերս ասում ենք. «Եվրադատարանում մենք հաղթեցինք, թուրքերն էլ, թե՝ մենք»: Արդյունքում հաղթեցին հրեաները:

Եզրահանգումները երբեք էլ ուշ չեն:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X