Մեդիախոհանոց-23

Մի կողմից թերթի-կայքի պատասխանատուն գլխավոր խմբագիրն է, եւ բոլոր «պրետենզիաները» նրան պետք է ուղղվեն։ Սակայն երբ հազար հոգս ես ունենում, եւ արտաքին աշխարհի հետ շփումները երբեմն շատ ժամանակ են խլում, իսկ մանավանդ կայքն օպերատիվություն է պահանջում, ֆիզիկապես հնարավոր չէ բոլոր նյութերը կարդալ, խմբագրել, ճշտել։ Այնպես որ, բավականին մեծ թվով նյութեր կայքում տեղադրվում են առանց իմ մասնակցության։ Այս պարագայում ես փորձում եմ, այսպես ասած, «սկզբունքների» ներդրման եղանակով աշխատել՝ լրագրողներին սովորեցնել «ինչն է լավ, ինչը՝ վատ», ինչպես շարադրել նյութը, ինչ անել, որ սխալները հնարավորինս բացառվեն, եւ մարդկանց իրավունքները չոտնահարվեն։ Բայց, անկեղծ ասած, սա տաժանակիր աշխատանք է, երբեմն՝ անիմաստ, քանի որ հնարավոր չէ բոլոր դեպքերը կանխատեսել, եւ բոլորը չէ, որ քո մատնանշած սկզբունքները հավանում-ընդունում են, կարողանում են կիրառել։ Բնականաբար, հաճախ հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ գլխավոր խմբագիրն ստիպված է լինում կարմրել լրագրողի փոխարեն, պատասխան տալ մի բանի համար, որի հետ անձամբ համաձայն չէ, քանզի նյութն արդեն տեղադրվել է կայքում, իսկ ես, որպես կանոն, կայքից նյութ չեմ հանում, անգամ եթե այն թերի է։

Եվ կա երկրորդ հանգամանքը, որը ոմանք խմբագրի թուլությանն ու անվճռականությանն են վերագրում եւ կարծում են, որ ավելորդ թիթիզություն է՝ դեմոկրատիայի դրսեւորում։

Խոսքն այն մասին է, թե որտեղ է ավարտվում գլխավոր խմբագրի խմբագրելու իրավունքը եւ սկսվում գրաքննությունը։ Եվ խմբագիր-գործատուն ինչքանով կարող է փոխել լրագրողի նյութը, մերժել կամ կրճատել այն։ Ես, սովորաբար, հարգում եմ լրագրողների իրավունքները եւ շատ հազվադեպ եմ միջամտում նրանց նյութերին (հուսով եմ, որ սա ինձ չի թվում, այլ իրականում այդպես է): Եվ շատ հաճախ տպագրում եմ հոդվածներ, տեսակետներ, որոնց հետ համաձայն չեմ։ Շատ քիչ հոդվածներ կան, որտեղ ես դառնում եմ «գրաքննիչ»՝ երբ զգում եմ, որ լրագրողը կորցրել է օբյեկտիվությունը, դարձել է վեճի կողմ կամ ոտնահարել է մարդու, մարդկանց խմբի իրավունքները։ Որպեսզի մերկապարանոց հայտարարություն չհնչի ասածս, օրինակ բերեմ. ես արգելում եմ կրոնական փոքրամասնությունների մասին «աղանդավոր» բառի օգտագործումը։ Չեմ խրախուսում քաղաքական գործիչների, կուսակցությունների, պաշտոնյաների հասցեին ավելորդ որակումները, պիտակները։ Անշուշտ, լրագրողներն էլ մարդ են, քաղաքացի եւ ունեն համակրանքներ ու հակակրանքներ, բայց դրանք չպետք է փաթաթեն ընթերցողի վզին։

Չպետք է ստիպեն նրան սիրել կամ ատել՝ առանց դրա համար բավարար հիմքերի, պարզապես այն պատճառով, որ լրագրողն ինքն է սիրում կամ ատում։ Լավ է, երբ հոդվածում ատամ կա, էմոցիա, դրայվ, բայց այդ ամենը չհիմնավորված ածականներով չպետք է փոխանցվի, այլ դեպքերի, իրադարձությունների ճշգրիտ շարադրանքի հիման վրա ընթերցողի մոտ ձեւավորված տպավորությամբ։

Բարդ խնդիր է կանգնած լրագրողների առջեւ՝ գրել արագ, գրել ճշգրիտ եւ ապահովել ընթերցողի «ներկայությունը» բազում իրադարձություններին ու դեպքերին, որոնց նա մասնակից չէ։ Իսկ լավ ռեպորտաժ անելու համար սուր աչք է հարկավոր, դիտողականություն եւ անկողմնակալություն։ Որ երբեմն քո չսիրած անձանց դրական գործերը կարողանաս արձանագրել եւ քո բարեկամների սխալները կարողանաս նկատել։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X