Մեդիախոհանոց-24

Լրագրողի բախտ է՝ ոչ քո ուզած շրջանում կարող ես արձակուրդ գնալ, ոչ ծննդյանդ օրերն ես կարգին նշում, ոչ էլ «նորմալ» հիվանդանալու իրավունք ունես։ Ամեն ինչ համաձայնեցվում-համապատասխանեցվում է թերթի ռիթմին ու աշխատանքային ռեժիմին։ Իսկ օրաթերթի դեպքում դա դաժան ռեժիմ է՝ հանգստյան օրեր, տոներ, արձակուրդներ չհանդուրժող։

Երեկ մեր Աննայի ծննդյան օրն էր, եւ կոլեկտիվը որոշել էր անակնկալ պատրաստել նրա համար՝ փուչիկներ, ծաղիկներ, տորթ, խմիչք, փոքրիկ հրավառություն եւ սիմվոլիկ նվեր՝ բաժակ, որի վրա իր եւ «Հրապարակի» լուսանկարն էր։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու հաճելի։ Բայց ես, այսպես ասած, փշերի վրա էի. ցերեկվա ժամը 1-ն էր, իսկ մենք դեռ չէինք որոշել օրվա անելիքները, լրագրողները տոնական՝ ոչ աշխատանքային տրամադրություն ունեին։ Եվ ամեն ինչ վկայում էր, որ թերթի-կայքի աշխատանքը տապալելու ենք։ Դա է պատճառը, որ ես սովորաբար ուրախանում եմ, երբ պարզվում է, որ ծննդյանս օրն աշխատանքային չէ։ Աշխատանքն ու տոնը, աշխատանքն ու արձակուրդը մեր դեպքում համատեղելի չեն։ Մենք տոնացույցին անգամ չենք էլ հետեւում, եւ երբ որեւէ մեկը հարցնում է՝ մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին աշխատելո՞ւ եք, հարցն անգամ ինձ զարմանք է պատճառում։ Նախ, որովհետեւ մեր աշխատանքի «արդյունքը»՝ թերթը, լույս է տեսնում հաջորդ օրը։ Եվ եթե մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին մենք չաշխատենք, ապա ընթերցողը մայիսի 29-ին եւ սեպտեմբերի 22-ին թերթ չի ունենա։ Բացի այդ, նման հարց տվողներին ես հակընդդեմ հարց եմ տալիս՝ իսկ բժիշկները կարո՞ղ են հիվանդանոցը փակել եւ գնալ տուն, հացթուխները կարո՞ղ են տոն օրերին հաց չթխել, պարենային խանութների աշխատողնե՞րը, տրանսպորտային միջոցներ աշխատեցնողնե՞րը, հրշեջնե՞րը։

Դժվար է ասել՝ մամուլը սպասարկմա՞ն ոլորտ է, թե՞ կենսապահովման, բայց մամուլի արձակուրդը բոլորովին չի հասկացվում։ Եվ անգամ այն շրջանում, երբ մենք պարտադրված ընդմիջում ենք հայտարարում՝ Ամանորին կամ ամռանը՝ 2 շաբաթով, ես ինձ մեղավոր եմ զգում ընթերցողի առաջ։ Եթե անգամ կա մեկ կամ տասը մարդ, որոնք սպասում են մեզ, ուզում են կարդալ «Հրապարակ», նա պետք է այդ հնարավորությունն ունենա։ Եվ նրան հուսախաբ անել, հարմարեցնել քո կյանքի իրադարձություններին, չի կարելի։ Մենք դրա իրավունքը չունենք։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X