Աղոթք անձրևի համար

Անձրև շարունակում է: Կաթիլները փոքրացել են, փոքրացել՝ մանկան բիբեր են: Ասես հինգ տարի առաջ Բանջարանոցի կենտրոնում երեխա է հուզվել ու չի հանգստանում: Ես նորից գնում եմ նրա ետևից, անցնում տնից տուն: Պատուհանների փակ փեղկերից ներս, թեյի սեղանների շուրջ նստած են երեք հրեշտակներ: Բոլոր երեքը, բացի մեկից: Տանիքներին ջրի ոտնաքայլը չի թողնում քնեմ: Ես վերադառնում եմ:

Փողոցներն ու շեմերը հեղեղած ձկների, ծովատառեխի, թավ մամուռի արանքներում հրեշտակներ են, շատ սովորական, շատ ծանոթ հրեշտակներ: Լապտերի լույսի տակ, մեր կոշիկների քթերի առջև փայլփլում են նրանց շիկավուն, կիսացեխոտ փետուրները: Գիշերային նրանց հայտնությունից ոչ զարմանում ենք, ոչ երջանկանում: Ձկները թպրտում են, ծովատառեխները դանդաղ շարժումներ անում, թավ մամուռի բերանից պղտոր ջուր է ցայտում: Գետնին սեղմված հրեշտակները չեն փախչում, թևերը չեն թափահարում, միայն թույլ դողդողում են.

երևի մրսում են,

չէ, հրեշտակները չեն մրսում,

ուրեմն լացում են,

ես կարդացել եմ հրեշտակները չեն լացում,

բա ինչի՞ են դողդողում էս աղավնիները,

չեն դողդողում, սրանք աղավնիներ չեն, Մանչո՛ւկ, հրեշտակներ են ու հիշի, հրեշտակները չե՛ն դողդողում, ցոգոլ, թութ չե՛ն ուտում, ջուր չե՛ն խմում, ֆուտբոլ չե՛ն խաղում, ընդհանրապես չեն սովածանում հիմա անձրևի կաթիլներն են շարժում նրանց, ամեն օր մուլտֆիլմերում ու կինոներում հրեշտակ են ցույց տալիս, չե՞ս հիշում,
չգիտեմ, բայց հեսա Ֆեբոն տեսավ էս աղավնիներին, բոլորին կուտի,
Ֆեբոն հաստատ կուտի

Մանչուկը տագնապով այսուայն կողմ է նայում: Անձրևը սկսվելուն պես Ֆեբոն անհետացել է, բայց նրա մորթին գիշերվա գույն ունի ու ամեն վայրկյան կարող է հայտնվել ու թռցնել որսը:Հրեշտակները, չորսն են, ամենքիս բաժին է ընկնում մեկը: Անձրև սաստկանում է, մոխրե ջրափոսերը ծովերի են վերածվում: Մայթերի պռունկներով հոսող առվակների արագություն հավաքող հոսանքն իր հետ տանում է բազալտե սալերի վրայի ավազախավը, փոշին, բենզինի ու նավթի շերտերը, ծառերից գետնին թափված թարմ ու խմորված թթերը, արևածաղկի բոված սերմի ու դդմի հատիկները, բանանի ու սեխի կճեպները, գարեջրի ու լիմոնադի շշերը: Անձրևն աշխարհից, ասես իսպառ թոթափում է Բանջարանոցի մշտատև աղբը: Զրնգում են տանիքները: Քուղի պես անկշիռ թանագների ակոսներով վազող ժանգահյութերը թափվում են փրփրած գետի մեջ, փոխում գետի երանգը, մակերեսը վերածում յուղափայլ հայելու, որտեղ ամեն ինչ արտատպվում է, բացի մեր տագնապներից: Ամեն մեկս ընտրում ենք մի հրեշտակ, մոտենում ենք, վերցնում: Բայց մեկը դեռ ընկած է: Շրջվում ենք. թաց Մանչուկը սեղմել է զգայուն բերանն ու դողդողալով տեղից չի շարժվում: Գետնին մնացած հրեշտակը իրենն է: Բացի մանչուկից բոլորս մեր ընտրած հրեշտակին ենք վերցրել: Մանչուկը իր հրեշտակին չի ընտրել.

մոտ արի վերցրու, հիմա կամ սելավը կտանի, կամ Ֆեբոն

Տղան տեղից չի շարժվում: Մարմինը պրկվել է, ջուրը հասել մինչև քերծված ծնկները: Մազերի ծայրերից պոկվող կաթիլները ծորում են շփոթված շուրթերով, կաթկթում դնչից.

մի վախեցի, արի վերցրու, չե՞ս ուզում հրեշտակ ունենաս,
բոլորս ունենք, մենակ դու ես մնացել

Դժար քայլերով, նա մոտենում է արդեն ջրի վրա ալիքվող միայնակ հրեշտակին, կռանում է նրբորեն վերցնում նրան.

շուտ վազենք

Մենք վազում ենք անձրևի տակ. թեփուկագույն ցայտեր, աստղեր, որոնք տեղափոխվել են փողոցով հոսող տիեզերք, խորտակվող նավեր, որոնք դանդաղորեն հալչում են համեղ անձրևաբույրի մեջ: Մենք վազում ենք, չլմփում, ձեռքներս վեր ենք ցցում, որ հրեշտակները հանկարծ չխեղդվեն: Անձրևը կլանում է մեր վազքը, բացականչությունները, հևքը, ծիծաղը, վերցնում է մեր շարժումների հիշողությունը, մեր մարմինների նշանակությունը և մենք վազում ենք ջրափոշու շաչյունի միջով, վազում ենք առանց մեզ:

Լապտերները հանգչում են: Մութը հղկում է տների, պատշգամբների, թաղարների ու սանդուղքների բնագծերը: Հասնում ենք Անուշենց խաղողի թարմայի մոտ, որի տակ փոքր տաղավար կա: Սրթսրթալով վառում ենք լույսը, նայում հրեշտակներին: Հիացմունքով նրանք կկոցում են աչքերը: Հանկարծ նկատում ենք, որ մանչուկը չկա.

Էլի հետ մնաց

Մանչուուուուուուուուոուկ

Անձրևն է: Սպասում ենք նրան, գուցե սայթաքել է, ուժերը լքել են, մնացել է փողոցում: Կանչում ենք.

Մանչուուոուուուուուուկ

Անձրևն է: Որոշում ենք ետ դառնալ, գտնել նրան: Վերադառնում ենք նույն ճանապարհով, հասնում Սևիլի հացի կրպակի մոտ, տեսնում ենք Մանչուկին: Կանգնած է փողոցի մեջտեղում, մինչև գոտկատեղը ջրի մեջ, հրեշտակով ձեռքը վեր պարզած, արտասվում է.

ի՞նչ եղավ, չե՞ս կարողանում վազել
ի ի մմ հրեեեշտաա տա տաակը չի շնչում

Վերցնում ենք նրա հրեշտակին, սկսում տնտղել: Աչքերը փակ են, փետրե թևերն ու աղավնատոտերի նմանվող տոտերը քարացած: Հերթով ականջ ենք դնում կրծքին, ուզում ենք սրտի զարկերը լսել, բայց հիշում ենք, որ հրեշտակները սիրտ չեն ունենում: Վերադարձնում ենք Մանչուկին: Անձրևը նոր թափ է հավաքում.

կուզե՞ս իմ հրեշտակին վերցրու

Չկամությամբ բոլորս մեր հրեշտակակին ենք առաջարկում: Մանչուկը հեկեկալով մերժում է, շոյում է իր հրեշտակի անձայն փետուրները:

ես տուն եմ գնում ասում է նա

Անձրև չի դադարում: Անձրև շարունակում է, շարունակում: Հոգնել ենք: Որոշ ժամանակ էլ ենք կանգնում Մանչուկի մոտ ու հեռանում:

Հրեշտակներին տուն ենք տանում, չորացնում, խնամում: Հետզհետե նրանք սթափվում են, ժրանում, ուրախ ձայներ արձակում, սկսում են կարճ թռիչքներ անել: Երբ վերջապես անձրևը դադարում է ու արևի դեղնալույսը լցվում փողոցները, երեքով դուրս ենք գալիս բակ ու որոշում հրեշտակներին բաց թողնել: Ելնում ենք տան կտուրին ու ձեռքերը ներքևից վերև թափահարելով՝ թռցնում նրանց: Հրեշտակները ճախրում են օդի մեջ, բախվում են արևի ասեղներին ու անհետանում:

Օրեր են անցնում Մանչուկից լուրեր չկան: Ցոգոլ ենք գողանում առանց նրա: ֆուտբոլի թիմը չի համալրվում, Ֆրիցի մոտերքը չի երևում, ընդհանրապես բակ չի իջնում: Թակում ենք նրա տան դուռը, չեն բացում: Մի օր պապին ենք տեսնում, վազում ենք մոտը, հարցեր տալիս, ձայն չի հանում: Որոշում ենք, ցատկել պարիսպի վրայով ու մոտենալ տղայի սենյակի պատուհանին, խոսել հետը: Կիսամթին, մի կերպ իրար օգնելով, հաղթահարում ենք պարիսպը, այգու միջով կուզեկուզ մոտենում նրա սենյակի միակ պատուհանին, ուղղվում ենք ու նայում: Սենյակում անձրև է գալիս:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X