Պուտինը՝ կոտրած տաշտակի առջեւ

Այսօր ճիշտ մեկ ամիս է լրանում այն օրվանից, երբ ՌԴ նախագահ Պուտինը ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկամյա ջանքերից հետո հասավ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման, սակայն հանդիպումը չէր կարող գրանցել եւ չգրանցեց որեւէ արդյունք:

Տեսնելով, որ իրեն էլ, Ռուսաստանին էլ ամենքը մերժում են, Պուտինը որոշեց ուշադրություն գրավել սիրիական հակամարտությանն անմիջականորեն միջամտելով: Հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ ՌԴ նախագահին հաջողվեց անցնող մեկ ամսում երեք անգամ ուշադրություն գրավել, համաշխարհային մեդիայի առաջին էջերին ու էկրաններին հայտնվել: Բայց… երեք անգամն էլ ընդամենը ուշադրություն գրավեց՝ գրեթե անմիջապես էլ մոռացության մատնվելով եւ ոչ մի արդյունքի չհասնելով: Արեւմուտքի մերժումը Ռուսաստանի հանդեպ ոչնչով չփոխվեց:

Պուտինն առաջին անգամ համաշխարհային newsmaker դարձավ, երբ սեպտեմբերի 30-ին մի քանի ժամում ՌԴ Պետդումային դիմեց ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու հարցով, ստացավ համաձայնություն եւ նույն օրը կեսօրին էլ անցավ Սիրիայի տարածքում ռմբակոծություններ ու հրթիռակոծումներ իրականացնելուն: Համարյա հաջորդ օրը հասկանալի դարձավ, որ ռուսական զինուժը ռմբակոծում է ոչ թե ISIS-ի, այլ չափավոր ընդդիմության դիրքերը, որոնք ամենամեծ վտանգն են Սիրիայի չճանաչված նախագահ Ասադի իշխանության համար: Ռուսական ռմբակոծությունների արդյունքում քաղաքացիական անձինք զոհվեցին, Սիրիայի չափավոր ընդդիմությունը ռուսներին թշնամի հայտարարեց, սակայն ուշագրավ ուրիշ ոչինչ չպատահեց:

ԱՄՆ-ից, իհարկե, զգուշացրին, որ ռուսները սխալ են գործում, բայց թերեւս Արեւմուտքում ամենքն էլ գոհ էին Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտության համար, քանի որ, ի վերջո, դա Ասադին կկանգնեցնի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ընտրություն կատարելու հրամայականի առաջ: Համարյա երկու տարի մերթընդմերթ կրկնվում է, որ սիրիական բանակն իրականում բարոյալքված եւ ծվեն-ծվեն եղած մի ուժ է, որը նույնիսկ զինուժ չի կարելի համարել: Այդ բանակը սիրիական ոչ մի քաղաք էլ չի կարող պաշտպանել որեւէ մեկից, եթե լիբանանյան «Հեզբոլլահի» եւ Իրանի հեղափոխության պահապանների գնդի al-Quds Force-ի անմիջական ներգրավվածությունը չլինի: Արեւմտյան հատուկ ծառայությունների աշխատակիցների կցկտուր հարցազրույցներից ակնհայտ է, որ ինչպես Մոսուլի անկումից հետո ընդամենը ժամեր անց Իրանի Quds Force-ի հրամանատար գեներալ Քասիմ Սուլեյմանին ժամանել էր Բաղդադ եւ իր ձեռքը վերցրել Իրաքի մայրաքաղաքի պաշտպանությունը, քանի որ Իրաքում միակ ռեալ ու մարտունակ ուժը Սուլեյմանիի հրամանատարության ներքո գործող շիա գրոհայիններն են, այնպես էլ Սիրիայում քիչ թե շատ մարտունակ ուժը շիաներն ու քրդերն են, որոնք դարձյալ Սուլեյմանիին են ենթարկվում:

Այնպես որ, Սիրիայում ռազմական արշավ սկսելով, ռուսները կամ պետք է կատարեին այն դերը եւ առաջադրանքները, որ գեներալ Սուլեյմանին իրենց համար կսահմաներ, կամ էլ Մոսկվան պետք է ինքնուրույն գործեր եւ Ասադին էլ ռուսական հովանու ներքո վերցներ, ինչը վաղ կամ ուշ խզում առաջ կբերեր Ասադ-Իրան համագործակցության դաշտում:

Ինչեւէ, սեպտեմբերի 30-ից Ռուսաստանն սկսեց Սիրիայի տարածքի հրթիռակոծումները, մեկ-երկու անգամ լուրեր եղան, թե իբր Ասադի բանակն այսուայն գյուղի տարածք է մտել, բայց այդպես էլ ոչ գյուղի անուն հայտնվեց, ոչ էլ քարտեզի վրա որեւէ տեղաշարժ ամրագրվեց: Այսինքն՝ ռազմադաշտում ռուսական ներգրավման արդյունքը զրոյական էր, դիվանագիտական դաշտում էլ այն դատապարտումից զատ այլ գնահատականի չարժանացավ։

Թերեւս, բարդույթավորված աշխարհի անտարբերությունից, Պուտինը որոշեց նորից newsmaker դառնալ՝ այս անգամ էլ Կասպից ծովից մի քանի հազար կիլոմետր թռչող հրթիռներ արձակելով: Թե այդ ցուցամոլության ու անճարակության հերթական պոռթկումով ինչի էր մտադիր հասնել Պուտինը, դժվար է կռահել, բայց արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանին ծաղրեցին, քանի որ արձակված հրթիռների գոնե մի մասը Իրանի տարածքում էր ընկել, եւ մի երկու օր անց էլ ամենքն այդ մասին մոռացան: Զրոյական էֆեկտ ստացվեց, եւ քանի որ զրոյական էֆեկտ ստացվեց, Կասպից ծովից նոր հրթիռներ չարձակվեցին:

Վերջապես գիտակցելով, որ Սիրիայում ռազմական գործողություններին խառնվելը որեւէ կերպ չփոխեց Արեւմուտքի աննպաստ վերաբերմունքն իր հանդեպ, Պուտինը չէր կարող չտեսնել, որ որքան ժամանակն առաջանա, եւ ռուսական միջամտությունն արդյունք չգրանցի, այնքան Ռուսաստանն ավելի կխրվի մերձավորարեւելյան հակամարտությունների ճահիճը՝ շիաների հետ բարեկամության արդյունքում վաստակելով սուննիների թշնամանքը, սուննիների հետ համագործակցության դեպքում՝ շիաների դիմակայությունը: Արդյունքում անցյալ շաբաթ Պուտինն արեց իբր իր ձիով քայլը՝ Մոսկվայում ընդունեց Բաշար ալ-Ասադին: Ասադի ժամանումն ուշագրավ էր այնքանով, որ 2011-ին Սիրիայի քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր Ասադը Սիրիայի սահմաններից չէր հեռացել։

Բայց նույնիսկ Ասադին ընդունելն Արեւմուտքին չհետաքրքրեց, միայն ԱՄՆ-ն մի թույլ արձագանքեց՝ դատապարտելով Ասադի հյուրընկալումը: Փոխարենը Ասադի ժամանման հաջորդ օրը Պուտինը հարկադրված էր զանգահարել ու տեղեկություններ տալ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Թուրքիայի առաջնորդներին, իսկ ՌԴ ԱԳ նախարարն էլ անցյալ ուրբաթ Վիեննայում հանդիպեց Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների իր գործընկերներին՝ հերթական առաջարկներն անելու եւ մերժումներն ստանալու համար: Գործընկերները մերժել էին ԱԳ նախարար Լավրովի առաջարկը Սիրիայում ռազմական թռիչքները կոորդինացնելու ուղղությամբ, մերժել են նաեւ ահաբեկչական խմբավորումների եւ թիրախների համատեղ ցուցակ կազմելու ՌԴ առաջարկը:

Հետաքրքիր է միայն, թե Ռուսաստանը որքան է շարունակելու ավելորդի իր դերակատարությունը սիրիական հակամարտությունում: Այնքան, մինչեւ ռուսաստանցիները մոռանան Դոնբասում Պուտինի տապալման ու դուրսմղման մասի՞ն: Ի դեպ, երեկ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ Սպիտակ տունն Իրանին հրավիրել է միանալու Սիրիայի հարցով միջազգային բանակցություններին:

Հ Գ. Հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի անվտանգության եւ ռազմական համակարգերի միասնական կառույց է, որը կոչված է պաշտպանելու իսլամական հեղափոխության ձեռքբերումներն արտաքին եւ ներքին թշնամիներից: Հեղափոխության պահապանների ընդհանուր թիվը գնահատվում է 120-150 հազարի սահմաններում: Այս կառույցի ամենաազդեցիկ ստորաբաժանումը al-Quds Force-ն է, որը պատասխանատու է էքս-տերիտորիալ գործողությունների համար: «Al-Quds Force» անվանումը ծագում է Երուսաղեմ քաղաքի արաբերեն անվանումից (Ղուրանում Երուսաղեմը կոչվում է al-Quds): Quds Force-ի հրամանատարը գեներալ Քասսեմ Սուլեյմանին է, որի մասին ասում են, թե համարյա մեր ժամանակների Լոուրենս Արաբացին է եւ, վստահաբար, ամենաազդեցիկ, ամենահաս ու ամենակարող անձը Մերձավոր Արեւելքում:

Մեկնաբանություն
X