Ցմահ դատապարտյալները մեկ ամիս ժամանակ են տալիս արդարադատության նախարարին

Ցմահ դատապարտյալները հոկտեմբերի 27-ին պետք է նորից իրենց բողոքի ձայնը բարձրացնեին և հացադուլ սկսեին, սակայն մեկ ամսով իրենց բողոքի ակցիան հետաձգել են. այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալներից մեկի հարազատը։ Նա տեղեկացրեց, որ իրենց նախագահին ուղղված նամակը փոխանցել են արդարադատության նախարարությանը և հանձնարարական է տրել, որպեսզի մեկ ամսվա ընթացքում խնդրին լուծում տան։

«Սպասողական վիճակ է, մենք կսպասենք այնքան ժամանակ, հետո համարժեք արձագանքը կտանք։ Տեսնենք, մենք նորից ասում ենք, որ արդարադատոթյան նախարարը պետք է անձամբ գնա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, լսի, ցմահների խնդիրները տեսնի, թե ինչ առաջարկներ ունեն, այլ ոչ թե իր սենյակում նստի և որոշումներ կայացնի։ Նախագահն էլ, նախարարն էլ նկատեցին, որ մենք աղմուկ-աղաղակ բարձրացնողներ ենք և ողջ արդարադատության համակարգը իրար խառնող, դրա համար էլ սկսեցին մեզ բանի տեղ դնել, ընդունել մեր նամակը և խոստումներ տալ, հույս ունենք, որ այս անգամ մեզ չեն խաբի»։ Այդ ընթացքում ցմահ դատապարտվածների գործերը վերանայելու պահանջով ստորագրահավաք կիրականացնեն, նրանք գտնում են, որ ցմահ դատապարտվածներից շատերը կալանավայրերում անհիմն պատիժ են կրում։

Հիշեցնենք, որ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հոկտեմբերի 13-ից անժամկետ հացադուլ էին հայտարարել՝ իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում էին պատրաստել, հիմնական պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի: Ցմահ դատապարտյալների հարազատներն էլ երեկ իրենց հերթին կառավարության շենքի դիմաց ակցիա էին կազմակերպել, հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի և արդադարադատությասն նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

Մեկնաբանություն
X