«Մետաքս»-ի մոտ հնչած կրակոցներից տուժածների վիճակները բավարար է

Երեւանում հոկտեմբերի 25-ին, երեկոյան, «Մետաքս»-ի մոտ հնչած կրակոցներից տուժածներից երեքի վիճակը բավարար է, նրանք երկու օրից հիվանդանոցից դուրս կգրվեն. այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։

Կրակոցներից վիրավորված 4 երիտասարդներից մեկի՝ 27-ամյա Վահան Գևորգյանի վիճակը ևս բավարար է. «Վիրահատել էինք, այժմ հետվիրահատական շրջանում է գտնվում, որևէ բարդություն չի առաջացել»,-ասացին «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Նա հրազենային վնասվածք է ստացել որովայնի ե կրծքավանդակի շրջանում, ունի լյարդի վնասում։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ դեռևս որևէ նորություն չկա, նախաքննություն է կատարվում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածով։

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագ Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության՝ նա «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք: Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն:

Ըստ հիվանդի հայտարարության՝ վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում: Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արման Ա.-ն: Ըստ հիվանդի հայտարարության՝ վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում: Նույն օրը, ժամը 03.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Արման Ս.-ն: Ըստ հիվանդի հայտարարության՝ վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ «Մետաքսի» մոտ:

Մեկնաբանություն
X