Սահմանադրության դեմ պայքարող նախաձեռնությունները «լռել» են

Մինչև «Ոչ»-ի ճակատների ձևավորվելը, ամեն օր Սահմանադրական փոփոխությունների հետ կապված նախաձեռնություններ էին ի հայտ գալիս, նրանք ակցիաներ, հավաքներ էին կազմակերպում և դեմ արտահայտվող ելույթներ ունենում։ Այսօր այդ նախաձեռնությունները ակտիվ չեն, նրանք Ազատության հրապարակում չեն հավաքվում և ակտիվ պայքար չեն մղում։

Փորձեցինք պարզել, թե այսօր այդ նախաձեռնությունները ինչով են զբաղված և ինչպես են դեկտեմբերի 6-ին տեղի ունեցող հանրաքվեն տապալելու։ Այդ նախաձեռնություններից մեկը՝ «Ոչ Սահմանադրական փոփոխություններին» վերջին անգամ Ազատության հրապարակում օգոստոս ամսին հավաք էին կազմակերպել և Երևանում այդքանով սահմանափակվել էին։ Նրանք այսօր ակտիվ մարզային քննարկումներ են սկսել։ «Ոչ Սահմանադրական բարեփոխումներ» նախաձեռնության համակարգող Արս Պողոսյանը տեղեկացրեց, որ մարզերում տուն առ տուն այցելում են և բացատրում թե ինչու պետք է «Ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին։ «Մարզերում տեղյակ չեն, թե ինչ են Սահմանադրական փոփոխությունները, իրենցից ինչ է պահանջվում, ինչի՞ համար պետք է «այո» կամ «ոչ» ասեն։ Միայն գիտեն, որ Սահմանադրական փոփոխությունների համար դեկտեմբերի 6-ին հանրաքվե է լինելու։ Մարզերում ցանկացած մեկին մոտեցեք, խոսեցրեք նրանցից որևէ մեկին և կլսեք հետևյալ պատասխանը՝ «մեկ է՝ իրենց ձեռքին է, ուզեցին անցկացնելու են»։ Այսօր մենք արդեն փորձում ենք նրանց համոզել, որ այդպես չէ, ցավն այն է, որ նրանք վստահ են, որ իրենցից որևէ բան կախված չէ և իրենց այո կամ ոչը, որևէ բան չի փոխելու»,-ասաց նախաձեռնության համակարգողը։ Նրա խոսքով՝ իրենց հաջողվել է մարդկանց հասկացնել, որ ամեն ինչ կախված է իրենց ձայնից. «Մարդկանց համախմբում ենք, պետք է մարզերում կարողանանք այնպես անել, որ դեմ արտահայտվողները իրենց ձայնի տերը լինեն և թույլ չտան, որ դրանք կեղծվեն»։ Նախաձեռնությունը սատարում է «Չեք անցկացնի» նախաձեռնությանը, «Ոչ»-ի ճակատին։

«Այստեղ Սահմանադրական բարեփոխումների մասին քչերը գիտեն: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել չխանգարել իրենց, և սատարելու ենք այնքան ժամանակ մինչ կհասնենք հաջողության, հակառակը՝ եթե նկատենք, մենք առանձին կսկսենք պայքարել»,-ասաց նախաձեռնության համակարգողը։ Արս Պետրոսյանն ասաց, որ կարևորն այն է, որ դեկտեմբերի 6-ին հասարակության մեծ զանգված արդեն համոզված կլինի, որ պետք է «ոչ» ասել սահմանադրության փոփոխություններին։

«ՈՉ ՀՀԿ սահմանադրություն» «լուծարվեց» նրանք այլևս այս «գործով» չեն զբաղվելու։ Նախաձեռնության համակարգող անչափահաս Էրիկ Իսրայելյանը տեղեկացրեց. «Ուղղակի մենք հասկացանք, որ իմաստ չկա ու այդպես ողջ խումբը ցրվեց, հիմա մեզանից յուրաքանչյուրը կորոշի, թե ինչ ձևով է պայքարելու սահմանադրության դեմ»։ «Ոչ ՀՀԿ Սահմանադրությանը» նախաձեռնությունը ընդամենը մեկ հանրային քննարկում է ունեցել Ազատության հրապարակում, որին մասնակցում էին երեք հոգի։ Նախկինում նախաձեռնության անդամն ասում էր, որ «Ոչ» -ի ճակատին չենք միացել, բայց կաջակցենք իրենց, չի լինի այնպես, որ առանձին գործենք: Կարծում եմ, որ մենք կմասնակցենք իրենց կազմակերպած ակցիաներին և նրանց կփորձենք օգտակար լինել» ,-ասաց Էրիկը։

Մեկնաբանություն
X